Շաբաթ, 20. 04. 2024

spot_img

Գառնիկ Եագուպեանի Լուսէ Յիշատակին. Հրանուշ Յակոբեանի Ցաւակցագիրը

Եագուպեան գերդաստանի բոլոր անդամներին,

սգակիր կնոջը՝ Անիին, սիրասուն զաւակներին, Վազգէնին,

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան  մեծ ընտանիքին

Մեր  Մեծագոյն Հայ,  ազնուագոյն Բարեկամ,  յայտնի Բարերար, հայրենասէր եւ ազգասէր,  խոհեմ եւ փորձառու Գործիչ Գառնիկ Եագուպեանը դարձաւ յաւերժի ճամփորդ։

Խորապէս վշտակցում եմ Եագուպեանների ընտանիքին, քեզ՝ իմ սիրելի՛, թանկագի՛ն  եւ համեստափա՛յլ Անի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան  ղեկավարութեանը, ցաւակցում եմ մեզ  բոլորիս, քանզի ազնիւ ու նուիրեալ Հայորդու մահը մեծ կորուստ է ոչ միայն Եագուպեան գերդաստանի, նրան  ճանաչողների, սիրիահայ համայնքի, այլեւ բոլորիս  համար:  

Այս ծանր ժամանակներում, երբ ալեկոծուած է մեր ողջ ժողովուրդը,  երբ ունեցել  ենք անչափ թանկ կորուստներ, ծուատուած ու արնածոր են մեր սրտերն ու հոգիները, բզկտուել է  Արցախ աշխարհը, պատկերացնում եմ,  թէ ինչպիսի հոգեկան տառապանք ու խռովք է ապրել այդքա՜ն հայրենասէր, այդքա՜ն ազգասէր ու մարդասէր Անհատը: Մարդ, ով լիաբուռն ու  վեհանձնորէն օգնեց իր հայրենակիցներին, Սիրիայում եւ սիրիական աղէտից յետոյ:  

 Գառնիկ Եագուպեանը զաւակն է Հայոց ցեղասպանութիւնից մազապուրծ, տառապեալ մարդկանց, ովքեր հաստատուեցին Սիրիայի հիւրընկալ հողում եւ շուտով Եագուպեան ընտանիքն իր աշխատասիրութեան, բանիմացութեան եւ պատասխանատուութեան շնորհիւ կարողացաւ լայնամասշտաբ պիզնես ծաւալել Սիրիայում, եւ Գառնիկ Եագուպեանն էլ դարձաւ այդ ամենին ոգի եւ շունչ հաղորդող անձնաւորութիւնը: Նա օտար ափերում ճանաչում, պատիւ ու հեղինակութիւն ձեռք բերեց եւ ապրեց իր կեանքը՝ որպէս  լաւագոյն Հայ,  համեստ եւ խելացի Մարդ եւ մեծ Բարերար, Մայր Ժողովրդի եւ Հայ Եկեղեցու  նուիրեալ Զաւակ:

Ես  հնարաւորութիւնն եմ ունեցել հանդիպելու եւ գործակցելու Եագուպեան ընտանիքի հետ, լսելու Եագուպեանի խորագէտ խօսքը, հաւասարակշռուած խորհուրդները, վայելելու նրա եւ սիրասուն տիկնոջ փառաւոր ներկայութիւնը:  Եագուպեանների հետ քննարկել եմ Հայրենիք-Սփիւռք գործակցութեան շատ ու շատ նախաձեռնութիւններ, ազգաշահ ծրագրեր, լսել նրանց  առաջարկութիւնները, ինձ համար բացայայտել Հայրենիքի եւ հայկական Սփիւռքի ապագային միտուած Եագուպեանական տեսլականը: Գառնիկ Եագուպեանը հաստատուն կերպով կանգնեց կարօտեալի եւ անզօրի կողքին, բարոյական եւ նիւթական աջակցութեամբ սպեղանի դրեց  դժբախտութեան ու վտանգի մէջ յայտնուած, ծուէն-ծուէն եղած ժողովրդի ցաւին ու վէրքին, դարձաւ  Սիրիահայութեան եւ Հայրենիքի ամուր յենարանն ու տարաժամին փրկութեան յուսալի պատուարը: Նա լռելեայն կատարում էր լայնամասշտաբ բարեգործութիւններ՝ ուղղուած սիրիական համայնքի ծաղկմանը, ՀԲԸՄ հզօրացմանը, մատուցում անձնուրաց  ծառայութիւններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեանը: 

Գառնիկ Եագուպեանը եղաւ եւ մնաց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան հզօր յենասիւներից մէկը, Պօղոս Նուպարի ու Ալեք Մանուկեանի հաւատաւոր աշակերտն ու նրանց գաղափարների շարունակողը եւ՛ Սիրիայում  եւ՛ Հայաստանում: Նա որպէս հաւատաւոր զինուոր, որտեղ էլ որ եղաւ, միշտ կենսագործեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան որդեգրած <<Հայկականութիւն-Բարեհոգութիւն-Ընգծուած Մարդասիրութիւն›› արժեշղթան եւ իր շրջապատում, իր պատուաւոր եւ փառահեղ ներկայութեամբ շատերին  պարտադրեց զինուորագրել այդ վեհ գաղափարներին: Լինելով բարձր արժէքների դաւանող  ու  մարդկային գեղեցիկ որակներ կրող  անձնաւորութիւն, ծաւալելով հայանպաստ եւ հայրենապաշտ գործունութիւն, դիմակայելով տարբեր ժամանակներում մեր ազգին պարտադրուած մարտահրաւէրներին, նա սիրիական  պատերազմի ժամանակ առանց դիւզն իսկ տատանուելու  իր գերդաստանով բռնեց Հայրենիքի ճամփան՝ օրինակ ծառայելով շատերին, եկաւ  եւ հաստատուեց Հայաստանում:

Միշտ հիացել եմ Գառնիկ Եագուպեանի  մարդկային հրաշալի որակներով։

Նա իսկական Նահապետ էր, արժանապատիւ ու առինքնող, համեստ ու իմաստուն:

Անհուն սիրով եւ քնքշանքով էր վերաբերում իր ընտանիքին, կնոջը՝ Անիին, որդուն, դուստրերին  եւ թոռներին: 

Թէեւ այսօր ֆիզիկապէս մեզ հետ չէ Մեծ հայը, Մեծ Մարդը, սակայն մնացին նրա  բարեգործութիւնները, նրա կատարած ազգանուէր  գործերը, նրա շնորհիւ  իրականացուած բազում ծրագրերը:

Ցաւակցում եմ Եագուպեանի կնոջը, զաւակներին, Վազգէնին, հարազատներին, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակեանին, բոլոր անդամներին, նրան ճանաչողներին եւ բոլորիդ հետ միասին սգում Գառնիկ Եագուպեանի երկրային կեանքի աւարտը, յայտնում եմ իմ խորին ցաւակցութիւնը  եւ կիսում  Ձեր վիշտը։

Ափսո՜ս, հազա՛ր ափսոս…

Թող Աստուած Գառնիկ Եագուպեանի հոգին լուսաւորի եւ արժանացնի նրան  երկնային Արքայութեան։

‹‹Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի եւ

վաստակն ապրողաց օրհնեալ եղիցի››:

Անկեղծ վշտակցությամբ`

Հրանուշ Յակոբեան

ՀՀ Սփիւռքի հիմնադիր նախարար,

Արտակարգ եւ լիազօր դեսպան,

Իրաւաբանական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին