Երկուշաբթի, 29. 04. 2024

spot_img

Մեծ Կորուստ Ֆութպոլի եւ Անգնահատելի Ձեռքբերում Ֆիզիկայի Ոլորտում

Եդուարդ Ղազարեանի Կեանքն ու Գործունէութիւնը

«Երկար տարիներ զբաղուել եմ փրոֆեսիոնալ ֆութպոլով։ Պատրաստւում էի բարձրագոյն կրթութիւն ստանալ սփորթի ուղղութեամբ։ Ընդունելութեան քննութիւններից միայն մէկ օր առաջ իմացայ, որ հայրս թղթերս տեղափոխել է ԵՊՀ-ի Ֆիզիկայի ֆակուլտետ։ Այդպէս ես դարձայ Մայր բուհի, ապա Մոսկուայի պետական համալսարանի ուսանող»:

Եդուարդ Ղազարեան

Ականաւոր ֆիզիկոս, Հայաստանում նանօֆիզիկայի հիմնադիր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Եդուարդ Ղազարեանն օրերս նշեց ծննդեան 80-ամեակը։ Գիտական գործունէութեան շուրջ վեց տասնամեակների ընթացքում նա զբաղեցրել է տարբեր պաշտօններ՝ Կրթութեան եւ գիտութեան նախարար, Մանկավարժական համալսարանի ռեկտոր, ԳԱԱ փոխնախագահ եւ այլն: Կրթութեան եւ գիտութեան հմուտ կազմակերպիչը, պետական եւ հասարակական գործիչն իր գործունէութեան բոլոր ոլորտներում կարեւորել է  կրթութեան դերը, գիտութեան զարգացումը, բարձրացրել է խնդրայարոյց հարցեր, հետամուտ եղել դրանց լուծմանը։ Այսօր էլ անուանի գիտնականն անհանգստացած է՝ կրթութեան եւ գիտութեան ոլորտում շատ բան ենք կորցրել։

«Խորհրդային կրթական համակարգն ունէր բացայայտ ընդգծուած երկու առաւելութիւն՝ հիմնարարութիւնն ու հանրագիտայնութիւնը։ Դա տալիս էր հիմնարար գիտելիքներ՝ անկախ նրանից, թէ ինչ մասնագէտ էր դառնալու աշակերտը։ Իմ գործունէութեան տարբեր շրջաններում մշտապէս խորհուրդ եմ տուել պահպանել այս երկու կարեւոր առաւելութիւնները։ Ցաւօք՝ չպահպանուեց․դա մեր կարեւոր կորուստն էր»,- մեզ հետ զրոյցում նշում է Եդուարդ Ղազարեանն ու թուարկում այն խնդիրները, որոնք անկախութիւնից յետոյ աւելի խորացրին կրթական համակարգի խնդիրները։

Որպէս կրթութեան փորձագէտ՝ նա բազմիցս ներկայացրել է իր դիտարկումներն իրականացուող բարեփոխումների համատեքստում։ Նկատում է՝ խնդիրներից մէկն անցումն էր 12-ամեայ կրթութեան. նախարար լինելու ընթացքում Եդուարդ Ղազարեանն առաջարկում էր անցնել 11-ամեայ կրթութեանն ու թեթեւացնել միջին դպրոցի ծանրաբեռնուածութիւնը․ «Նախկին 18 ժամի փոխարէն ուսուցիչն այսօր շաբաթը 22 ժամ է պարապում․ օրական 4-5 ժամ պարապող ուսուցիչը սպառւում է, էներգիա չի մնում վերապատրաստման, նոր գրականութեան ընթերցման, կարողութիւնների զարգացման համար։ Նա իր հիմնական առաքելութիւնը չի հասցնում։ Դասարանների խտութիւնը եւս մեծացաւ: Երկու քայլն էլ եղան ի վնաս կրթութեան որակի»,- յաւելում է Եդուարդ Ղազարեանը։

Որակեալ շէնքային պայմաններ, նիւթատեխնիկական բազա, ուսումնական լաւ ծրագիր եւ լաւագոյն ուսուցիչ․ ըստ ակադեմիկոս Ղազարեանի՝ սա է որակեալ կրթական համակարգ ունենալու գործիքակազմը։ Նկատում է՝ շէնքային պայմանների բարելաւման, բնագիտական առարկաների գծով ուսումնական լաբորատորիաներով դպրոցները յագեցնելու տեսանկիւնից դրական տեղաշարժ, կարծես թէ, կայ, սակայն կարեւոր է, որ դպրոցաշինութիւնը դառնայ հանրային պատասխանատուութիւն։

«Որակեալ կրթութեան գլխաւոր դերակատարը ուսուցիչն է։ Նա պէտք է համապատասխանի երեք կարեւոր չափանիշի՝ դպրոցական ծրագրի շրջանակներում կատարեալ տիրապետի իր առարկային, ապա մեթոդական հմտութիւններին եւ տեխնոլոգիաների կիրառմամբ նիւթն աշակերտներին մատուցի մատչելի, բայց գիտական մակարդակում»,- նշում է Եդուարդ Ղազարեանն ու յաւելում ուսուցչի երրորդ եւ ամենակարեւոր չափանիշը՝ տիրապետումը մայրենի լեզուին՝ անկախ նրանից, թէ ինչ է դասաւանդում․ հայերէնի ուսուցիչը միայնակ չի կարող երեխային գրագէտ դարձնել։

Եդուարդ Ղազարեանը նաեւ վաստակաշատ մանկավարժ է, գիտական գործունէութեանը զուգահեռ դասաւանդել է հանրապետութեան մի շարք դպրոցներում, ունեցել ֆիզիկայի բնագաւառում ոլիմպիական յաջողութիւններ վաստակած աշակերտ։ Սեփական փորձով գիտի՝ առանց նուիրումի լաւ ուսուցիչ չես կարող լինել։ Ափսոսանքով է նկատում՝ արժէքային դաշտն ենք կորցրել, եւ գլուխ է բարձրացրել մի բան, որ կոչւում է «սպառողական հոգեբանութիւն»։

«Գիտելիքն ու իմացութիւնը հայ ընտանիքներում մշտապէս ազգային արժէք են եղել։ Երանելի էին անցած դարի 60-ականները, երբ ուսուցիչն անառարկելի հեղինակութիւն էր, նա հպարտ կեցուածքով մտնում էր դպրոց, դասախօսը՝ բուհ, գիտնականը՝ ինստիտուտ։ Դրան նպաստում էր առաջին հերթին պետութեան վերաբերմունքը, երբ երկրում ամենաբարձր աշխատավարձ ստանում էր դոկտոր, Փրոֆեսորը, ոչ թէ նախարարը»,-նշում է անուանի գիտնականն ու թուարկում նաեւ այն գրական ու մշակութային ստեղծագործութիւնները, որոնք մեծարում էին գիտնականին ու նրա գործունէութիւնը։

Նրա կարծիքով, ներկայ իրադրութեան պայմաններում, երբ ծնողը մեղադրում է ուսուցչին, ուսուցիչը ընտանիքին, եւ մանկավարժը հեղինակազրկուել է, մէկ նախարարութիւնը չի կարող լուծել խնդիրը․ ազգովի պէտք է վերականգնել այն մթնոլորտը, որ հայ ընտանիքներում նորից գիտելիքն ու իմացութիւնը դառնան նոյնքան կարեւոր։

«Կրթութիւնը միայն ինտելեկտ չէ։ Այն նաեւ բնաւորութիւն պէտք է լինի, յատկապէս այսօր՝ մեր երկրի անվտանգութեան պայմաններում պէտք է իւրաքանչիւրը յստակ գիտակցի, որ ինքն է այս երկրի տէրն ու սահմանների պահապանը։ Արցախեան 1-ին պատերազմում յաղթեց հայ ուսուցիչը»,- վստահեցնում է աշակերտների եւ ուսանողների տարբեր սերունդներ կրթած մանկավարժ-գիտնականը։

Եդուարդ Ղազարեանն այսօր էլ շարունակում է իր ակտիւ գործունէութիւնը, բարձրաձայնում կրթութեան եւ գիտութեան ոլորտների խնդրայարոյց կողմերի մասին։ Անհանգստացած է՝ տեխնոլոգիաների սրընթաց զարգացման ժամանակաշրջանում, երբ նոր գիտական ուղղութիւններ ու մասնագիտութիւններ են առաջանում, երիտասարդ որակեալ գիտնականներ են անհրաժեշտ․ «Քիմիան, ֆիզիկան եւ կենսաբանութիւնը բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հիմնական ուղղութիւններն են ապահովում։ Սկիզբը դրւում է դպրոցում, այնինչ այդ առարկաների գծով ուսուցիչների պակաս արդէն ունենք։ Այս հարցի համար ոչ ստանդարտ լուծումներ են պէտք»,- նշում է Եդուարդ Ղազարեանն ու եւս մէկ անգամ ընդգծում՝ այս պահին երկրի համար կարեւորագոյնը պէտք է լինեն մանկավարժական եւ ինժեներական ուղղութիւնները։

Գիտութեան բարձունքները նուաճած գիտնականը տարիների հեռուից վերանայում է ֆութպոլի եւ ֆիզիկայի միջեւ կատարած ընտրութիւնն ու առանց ափսոսանքի վստահեցնում․ «Միշտ էլ ինչ-որ կիսատ թողած բանի համար ափսոսում ես, բայց, մեծ հաշուով, ճիշդ քայլ էր, քանի որ սփորթը երիտասարդ տարիքի համար է։ Չէ՞ որ կեանքը շարունակւում է, եւ ցանկալի է, որ ընտրածդ մասնագիտութիւնը քեզ ուղեկցի մինչեւ կեանքի վերջը»,- նշում է Եդուարդ Ղազարեանն ու ասուածը վերահաստատում իր գործունէութեամբ։ Մինչ օր նա ե՛ւ կրթութեան, ե՛ւ գիտութեան մէջ է. դասաւանդում է երկու բուհում, վերապատրաստում ուսուցիչներին, հիմնադիր-խմբագիր է գիտական երեք ամսագրի՝ «Բնագէտ», «Գիտութեան աշխարհում» եւ «Դպրոցականի գրադարանի մատենաշար»՝ բնագիտական առարկաների գծով։ Փրոֆեսորը հաւատում է պատահականութիւններին եւ լիայոյս է, որ մի օր այդ ամսագրերում երեխան մի բան կը կարդայ, կ’ոգեւորուի եւ կ’ընտրի հենց այդ ուղին։

Հայաստանի «Թէքէեան» Մշակութային Միութեան լրատուական կեդրոն

ՔՐԻՍՏԻՆԷ ՄԵԼՔՈՆԵԱՆ

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին