Պոլսոյ «Ժամանակ»-ը՝ Թիրախում․ Ինչո՞ւ եւ Ինչպէ՞ս Հայկական Ամենահին Թերթը Յայտնուեց Փակուղու Առաջ
ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից
Պոլսոյ մէջ հրատարակուող ամենահին հայկական «Ժամանակ» օրաթերթն իր 114-ամեակը նշեց տխուր խմբագրականով: Թերթը ահազանգում է՝ ֆինանսական դժուարին կացութեան մէջ է եւ փակման վտանգի առաջ է կանգնած: Վերջին շրջանում Թուրքիայում գնալով խորացող տնտեսական ճգնաժամը, ինչպէս նաեւ տպագիր մամուլի հանդէպ հետաքրքրութեան նուազումը բացասաբար են անդրադարձել թերթի գործունէութեան վրայ:
Վերջին մէկ տարում թերթի միջոցները գնալով պակասել են։ Նշենք, որ պարբերականի ֆինանսական միջոցները ձեւաւորւում են բացառապէս Թուրքիայի հայութեան միջոցներով, եւ հենց այդ եկամուտների նուազումն է հանգեցրել նման ցաւալի իրավիճակի:
Թեմայի վերաբերեալ «Զարթօնք» զօրակցելով իր պաշտօնակիցին զրուցեց «Ժամանակ»-ի գլխաւոր խմբագիր Արա Գոչունեանի հետ։
– Պարոն Գոչունեան, խնդրեմ կը ներկայացնէ՞ք այն խնդիրները, որոնց պատճառով «Ժամանակ» թերթը յայտնուել է տագնապալի վիճակում։ Ի՞նչ մարտահրաւէրների առաջ է այսօր կանգնած ամենահին հայկական օրաթերթը։
– «Ժամանակ»-ը, թերեւս, հայ իրականութիւնում հրատարակուող ամենահին հայկական թերթն է։ Մենք նախորդ տարի թերթի 114-ամեակը նշեցինք ցաւալի խմբագրականով՝ ահազանգելով թերթի օրհասական վիճակի մասին։ «Ժամանակ» օրաթերթը յայտնուել է անդունդի եզրին։ Անցած մէկ տարում եղան զօրակցական շարժումներ, բայց ի վերջոյ որեւէ յստակ լուծում գտնել չկարողացանք եւ յայտնուեցինք այսօրուայ փակուղային վիճակում։ Այսօր գերմարդկային ջանքերով փորձում ենք իրավիճակը կառավարել։
– Պատճառների մասին կը խօսէ՞ք։ Արդեօք կա՞յ քաղաքական որեւէ խնդիր, որի հետեւանքով թերթը յայտնուել է ծանր կացութեան մէջ։
– Քաղաքական որեւէ խնդիր չկայ։ Հիմնականում երեք պատճառ կայ։ Վստահաբար, Դուք գիտէք, որ մօտ անցեալում թրքահայ ազգային եկեղեցական կեանքը երկարատեւ ու մշտական ճգնաժամի մէջ էր գտնւում։ Փակուղի մտած պատրիարքական ընտրութիւնները բեւեռացումներ ու պառակտումներ առաջացրին, որոնց հետեւանքով անմիաբանութեան մթնոլորտը էլ աւելի խորացաւ։ Որոշ ուղղութիւններով, ցաւօք սրտի, սկսուել է «Ժամանակ» օրաթերթի թիրախաւորման գործողութիւններ։ Թերեւս, մենք բազմիցս թերթում զգուշացրել ենք, որ նման գործելաոճն անընդունելի է, որից յետոյ բոլորը սկսեցին արդարացումներ որոնել։ Մենք բացատրել ենք, որ այդ բեւեռներից ոչ մէկն իրաւունք չունի սեփական հայեացքներից ելնելով միւսին ծնկի բերել, այդկերպ ինչ-որ հարցեր լուծելու համար։ Մենք բացատրել ենք, որ ցանկացած խնդրի լուծումը փոխհամաձայնեցուած քննարկումների մէջ է։ Մարդիկ չեն ցանկացել հասկանալ դա։ Երբ այդ շրջանակները սկսեցին խնդիր ունենալ համայնքի առաջ արդարանալու տեսանկիւնից, սկսուեց իրար նկատմամբ պիտակաւորումների եւ թիրախաւորումների արատաւոր երեւոյթները։ Դրանից անմասն չմնաց նաեւ «Ժամանակ» օրաթերթը։ Նրանք տեսան, որ բեւեռներից ոչ մեկին չի յաջողւում «Ժամանակ» օրաթերթին իր կողմը քաշել, դրան զուգահեռ մեր անաչառ լրատուամիջոցը մերկացնում է իրենց ժողովրդի մօտ, սկսեցին թիրախաւորել թերթը՝ սեղմել կոճակը, որպէսզի թերթը դժուարութիւնների առաջ կանգնի եւ ի վերջոյ փակուի։ Այդկերպ ցանկանալով լռեցնել մեզ։ Սա պատճառներից մէկն է, իհարկէ եւ հիմնականը։
«Ժամանակ»-ն ի տարբերութիւն Պոլսում գործող հայկական միւս թերթերի վարձակալած տարածքում է գործունէութիւն ծաւալում։ Մենք համացանցից թեքստեր կրկնօրինակող թերթ չենք։ Մեր թերթում ամեն օր հեղինակային յօդուածներ են հրապարակւում, որոնք իրենց գինն ունեն։
Նշեմ եւս երկու խնդիր, որոնք աւելի ընդհանրական բնոյթ ունեն։ Դրանցից մէկը Սփիւռքի համատարած ուծացումն է, որը Պոլսոյ հայկական համայնքի պարագայում ունի աւելի առանձնայատուկ դրսեւորում։ Ըստ էութեան, այստեղ կայ հայկական դպրոցների ցանց, որն ունի մօտ 3000 աշակերտ։ Հայոց լեզուն ու հայկական ինքնութիւնը պահպանելու տեսակութիւնից այդ դպրոցների աշխատանքը անբաւարար է։ Նրանց ղեկավարները անտարբեր են այդ իրավիճակի նկատմամբ։ Մայրենի լեզուի չակերտաւոր ուսուցիչներ կան, որոնք հայկական մամուլին չեն էլ հետեւում։ Ինչու չէ նաեւ այդ մարդկանց տեսանկիւնից է «Ժամական» օրաթերթը աչքի փուշ դարձել։ Եւ սա այն իմաստով, որ ամեն օր մեր թերթի լոյս աշխարհ գալը ինչ-որ ձեւով մերկացնում է իրենց ցանցային ձախողումը։ Օրինակ, որ իրենց ուսանած աշակերտները չեն կարողանում հայերէնով հաղորդակցուել եւ այլն։
Երրորդ խնդիրը պայմանաւորուած է քորոնավիրուսային համավարակի ժամանակաշրջանով։ Տնտեսական ծանր վիճակը անմիջականօրէն անդրադարձաւ մեր համայնքային կառոյցների եկամուտների վրայ։ Իսկ այդ ֆինանսական միջոցները հիմնականում գոյանում էր պատմական Պոլսոյ փոքր կեդրոնում գտնուող եկեղեցապատկան անշարժ գոյքի վարձակալութիւնից։ Ֆինանսական հոսքերը հիմա անհամեմատ կրճատուել են, քանի որ նախկինում այդ անշարժ գոյքը վարձակալութեան էր տրւում զբօսաշրջութեան ոլորտը սպասարկող ձեռներէցներին։ Իսկ քանի որ համավարակի շրջանում զբօսաշրջութիւնը ամենատուժող ոլորտը դարձաւ, այդպիսով մեր համայնքային կառոյցների եկամուտները եւս նուազեցին։ Անհատական հարթութիւնում եւս անկումներ եղան։ Այժմ համայնքային կեանքի ամենակարեւոր ծրագիրը դարձել է ընկերային հարցերը, մէկը միւսին զօրակցելը, օգնելը եւ այլն։ Եթէ մեր հանդէպ նշածս թիրախաւորումները չլինէին, այս վերը թուարկածս խնդիրները մի կերպ կը կարողանայինք կառավարել։ Բայց այս ամբողջը իրար գումարուեց եւ թերթը յայտնուեց այս ծանր կացութեան մէջ։
– Պարոն Գոչունեան, Դուք նշեցիք, որ երկար ժամանակ է ահազանգում էք թերթի ծանր կացութեան մասին։ Աշխարհասփիւռ հայկական համայնքների, կառոյցների, անհատների, գործընկեր լրատուամիջոցների արձագանքը ինչպիսի՞ն է եղել։
– Ես ուզում եմ ամենախորին երախտագիտութիւնս յայտնել հայկական զանգուածային լրատուամիջոցներին, որոնք «Ժամանակ» օրաթերթի համար, բառի բուն իմաստով, զօրակցութեան մեծ ալիք են ստեղծել։ Ցաւօք սրտի, այս ալիքից դուրս է մնացել Պոլսոյ հայկական լրատուամիջոցները։ Դա, ինչպէս ասեցի, ներքին պառակտումների ու բեւեռացումների տրամաբանական շարունակութիւնն է։ Պոլսից դուրս աշխարհի բոլոր մայրցամաքների հայկական լրատուամիջոցները ամենայն կարեկցանքով ու մտահոգութեամբ արձագանքել են թերթի այս տագնապալի վիճակին։ Այս ընթացքում շատերն են ինձ հետ կապ հաստատել, փորձել ինչ-որ բանով օգնել։ Ուզում եմ երախտագիտութեամբ նշել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւս իր հայրական զօրակցութիւնն է արտայայտել ու մաղթել որ այս տագնապը շուտափոյթ յաղթահարենք։ Պէտք է նաեւ նշեմ, որ Թուրքիայի եւ Հայաստանի պետական շրջանակներից եւս ունենք արձագանքներ։ Մարդիկ փորձում են հետաքրքրուել ու հասկանալ, թէ ինչո՞ւ է այսքան կայացած ու խորը արմատներ ունեցող լրատուամիջոցը հասել այս վիճակին։
– Ո՞րն է Ձեր ուղերձը կամ ահազանգը եւ ու՞մ է այն ուղղուած։ Ունէ՞ք իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտէզ։
– Մեր ուղերձը ուղղուած է համայն հայութեանը, յստակ հասցէատէր չկայ։ Մինչ մեր ուղերձի մասին խօսելը, ուզում եմ շեշտել՝ չնայած այս բոլոր դժուարութիւններին ու միտումնաւոր թիրախաւորումներին, «Ժամանակ» օրաթերթը մինչ այս պահը գործունութիւն է ծաւալել առանց որեւէ մէկի նկատմամբ ֆինանսական պարտաւորութիւն կուտակելու։ Նաեւ նշեմ, որ թերթի այս իրավիճակը պայմանաւորուած չէ ֆինանսների սխալ կառավարմամբ կամ այլ կառավարչական խնդիրներով։
Ցանկանում եմ շեշտել մէկ հանգամանք եւս։ Մենք չենք ասում, որ «Ժամանակ» օրաթերթը պէտք է գոյատեւի յանուն իր անցեալի, մենք ասում ենք, որ «Ժամանակ» օրաթերթը պէտք է գոյատեւի յանուն ապագայի։ Այս լրատուամիջոցն համայն աշխարհի համար սկզբնաղբիւրի դեր ունի՝ գտնուելով Պոլսոյ ամբողջ արեւմտահայ ժառանգութեան զարկերակի վրայ եւ համարուելով այդ զարկերակի կենսագործութեան խորհրդանիշներից մէկը։
«Ժամանակ» օրաթերթի, չնայած նիւթական դժուարութիւններին, առաքելութիւնն աւարտած կառոյց չէ։ Մեր նպատակը այս ձեւով գոյատեւելը չէ։ Մենք ասում ենք, որ ուզում ենք նոր ժամանակներին ու մարտահրաւէրին համահունչ ճկունութիւն ապահովել այս լրատուամիջոցի համար, որպէսզի այն կարողանայ գոյատեւել այս նոր իրականութիւնում։ Սա է մեր պայքարի նպատակը։ Այս թերթը դեռ իր ճանապարհն ունի անցնելու, որը նաեւ պայմանաւորուած է պոլսահայութեան առանձնայատկութիւններով։
Մեզ համար շատ ցաւալի է, որ այս ահազանգը համայն հայութեան համար նման բարդ իրավիճակում ենք հնչեցնում։ Մենք հասկանում ենք, որ 44-օրեայ պատերազմի ծանր հետեւանքները Հայաստանի ու Արցախի համար շատ լուրջ կարիքներ են ստեղծել։ Մենք համամիտ ենք, որ հայ իրականութեան մէջ համազգային ներուժի առիւծի բաժինը պէտք է տրամադրուի այդ կարիքներին։ Մենք հասկանում ենք Մերձաւոր Արեւելքում մեր աւանդական հայկական սփիւռքի վիճակը եւս ծանր է։ Մենք ցաւ ենք յայտնում այս ահազանգը հնչեցնել նման իրավիճակում։ Բայց մենք ուզում ենք, որ այս ահազանգը գտնի ամենալայն արձագանքը՝ փայփայելով յոյս, որ մարդիկ կը գտնուեն, ովքեր կը գնահատեն մեր այս ահազանգը։ Մենք այս պահին ունենք միայն տեսական յենարան։ Չունենք որեւէ յստակ հասցէատէր, որին կարող ենք ուղղել մեր ուղերձը։ Մենք այսօր փակուղու մէջ ենք անգամ մեր ցաւը բաժանելու ու դարման ակնկալելու հարցում։
Պոլսոյ «Ժամանակի» արդեն չորրորդ սերնդի խմբագիր Արա Գոչունեանը յոյս յայտնեց, որ «Ժամանակ»-ը դեռ հարիւրամեակներով շարունակելու է իր առաքելութիւնը։