Ուրբաթ, 19. 04. 2024

spot_img

ԹՄՄ-ի Լուրեր

Հայաստանի «Թէքէեան» Մշակութային Միութեան «Վահան Թէքէեան» Մրցանակակիրներ Լրագրողներ Տիանա Մարկոսեան Եւ Յակոբ Ասատրեան

Հայաստան

Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան «Վահան Թէքէեան» ամենամեայ մրցանակաբաշխութեանը մրցանակներ յանձնուեցին նաեւ «Լրագրութիւն» անուանակարգում։

Յաղթող ճանաչուեցին երկու մասնակից՝ Տիանա Մարկոսեանը՝ «Յաջողութեան բանաձեւ» հաղորդաշարի եւ Յակոբ Ասատրեանը՝ «Օրեր» ամսագրի համար։

Տիանա Մարկոսեանը «Յաջողութեան բանաձեւ»-ի խմբագիրն ու արտադրողն է։ Այն եթեր է հեռարձակւում 2016 թուականից՝ սկզբում Արմնիւզ, իսկ 2019-ից մինչ օրս՝ ԱՏՎ հեռուստաընկերութեամբ։ Ի դէպ, հայկական հեռուստաեթերում այն առաջին հաղորդումն էր, որ համավարակով պայմանաւորուած՝ անցաւ առցանց հեռարձակման՝ հայկական TV-ների համար դառնալով յաջողուած օրինակ։

Տիանա Մարկոսեանը նոր անուն չէ լրագրութեան մասնագիտական դաշտում․ նրան ճանաչում եւ բարձր են գնահատում նաեւ հասարակական, քաղաքական շրջանակներն ու հեռուստադիտողները։ Լրագրութեամբ զբաղուել է ուսումնառութեան առաջին տարուանից՝ 1993 թուականից։ Թերթ, ռատիօ, ապա հեռուսատատեսութիւն, որն էլ դարձաւ Տիանա Մարկոսեանի տարերքը. «Հեռուստատեսութիւն մտել եմ Հայաստանի անկախացման առաջին տարիներին, երբ նոր-նոր էր ձեւաւորւում անկախ լրագրութիւնը, երբ կար մէկ պետական հեռուստաընկերութիւն եւ մի ձեռքի մատների վրայ հաշուելի մասնաւոր կամ անկախ մի քանի հեռուստաընկերութիւն։ Ահա հենց դրանցից մէկում՝ Ա1+-ում, սկսեց ձեւաւորուել հեռուստաաշխարհի իմ ընկալումը։ Աւելի քան 15 տարի Ա1+-ում՝ լրագրողից մինչեւ հաղորդման հեղինակ, մեկնաբան, խմբագիր»,- մեզ հետ զրոյցում նշում է մրցանակակիր Տիանա Մարկոսեանը, որը 2015-ից նաեւ Հանրային հեռուստաընկերութեան «Եռանկիւնի» հաղորդաշարի գլխաւոր խմբագիրն էր։

Տիանա Մարկոսեանը վստահ է՝ հեռուստատեսութիւնը մի աշխարհ է, որտեղ մտնողն այլեւս երբեք դուրս չի գալիս, եթէ անգամ դադարում է աշխատել այս կամ այն հեռուստաընկերութիւնում։ 1997 թուականից նա այդ մեծ ու համերաշխ հեռուստաընտանիքի անդամ է։ Նա ուրախութեամբ է նկատում՝ այսօր այդ ընտանիքի անդամ են նաեւ «Յաջողութեան բանաձեւ»-ի ոչ միայն փրոֆեսիոնալ թիմի անդամները, այլեւ իր ուսանողները, որոնք առաջին քայլերն են անում հեռուստատեսութիւնում․ սա որոշակիօրէն խորհրդանշում է եթերում առողջ սերնդափոխութիւնը, երբ նոյն հաղորդման շրջանակներում աշխատում են դասախօսն ու ուսանողը։

«Յաջողութեան բանաձեւ» հաղորդաշարի խմբագիր-արտադրողի խօսքով՝ հաղորդման անուան մէջ է ամփոփուած հիմնական նպատակը․ յաջողութեան կարելի է հասնել հիմնականում այն ժամանակ, երբ կատարում ես մասնագիտական ճիշդ ընտրութիւն եւ աշխատանքի շտապում ոչ թէ պարտադրուած, այլ րոպէ առաջ գործի անցնելու ձգտումով։

«Այսօր երիտասարդները հիմնականում մասնագիտական  ընտրութիւն կատարում են չգիտակցուած ՝ ականջալուր ընկերների կամ հարազատների խորհուրդներին կամ տուրք տալով ծնողների ճնշումներին։ Արդիւնքում սովորում են դժուար, չեն սիրում մասնագիտութիւնը, ու եթէ անգամ աշխատում են մասնագիտութեամբ, ապա շատ դէպքերում՝ ստիպուած, ինչը երբեք չի տալիս այն արդիւնքը, որ կարելի էր ակնկալել գործը սիրող մասնագէտի աշխատանքից։ Մեր հաղորդման նպատակն է հնարաւորինս մատչելի եւ գունեղ ներկայացնել այն մասնագիտութիւնները, որ մեզանում՝ մանկավարժական համալսարանում դասաւանդւում են»,- նշում է Տիանա Մարկոսեանն ու իր երախտագիտութիւնը յայտնում բուհի ղեկավարութեանը՝ յանձին Փրոֆեսոր Ռուբէն Միրզախանեանի, որը վստահեց ու հաւատաց «Յաջողութեան բանաձեւ»-ի յաջողութեանը։

Նա առանձնակի կարեւորեց նաեւ հաղորդման գաղափարի հեղինակի՝ ռեժիսոր Արտեօմ Աղասարեանի դերակատարումը, առանց որի հաղորդումը կեանքի չէր կոչուի։

Յատկանշական է, որ նախագիծը հեռուստուստատեսութեան պատմութեան մէջ հազուադէպ հանդիպող երեւոյթ է․ 13 եթերաշրջան՝ առանց մէկ օր բացթողման եւ որեւէ խոտանի։ Բացի այդ՝ կրթադաստիարակչական հաղորդումների պակասն այսօր շատ է զգացւում եթերում. «Հեռուստաընկերութիւնները շեշտը դնում են հիմնականում առեւտրական բովանդակութեան վրայ, եւ մեր հաղորդումը հաճելի բացառութիւն է։ «Յաջողութեան բանաձեւ»-ն օգնում է ճանաչել մասնագիտութիւնները եւ բուհ ընդունուելուց առաջ կատարել գիտակցուած ընտրութիւն»։  

Տիանա Մարկոսեանը բազմիցս արժանացել է մասնագիտական մրցանակների, պատուոգրերի ու շնորհակալագրերի, որոնք նրան առաջընթացի, նորը ստեղծելու թեւեր են տուել։ Ի հեճուկս դրա՝ նա երբեք չի ընդունել լրագրութեան ոլորտում մասնագիտական կոչումները։ Նրա կարծիքով, օրինակ, վաստակաւոր լրագրող կոչումը պէտք է տայ ոչ թէ օրուայ իշխանութիւնը, այլ հասարակութիւնը՝ ընդունելով, ճանաչելով եւ սիրելով լրագրողին, վստահելով նրա գրչին։

«Ես մշտապէս վայելել եմ հեռուստադիտողի համակրանքը, առանց աւելորդ համեստութեան՝ նաեւ հասարակական, քաղաքական շրջանակների յարգանքը։ Սակայն իմ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ ուսանողներիս, շրջանաւարտներիս յաջողութիւնները, նրանց ստացած մրցանակները։ Այ դա իսկապէս իմ ձեռքբերումն է»,- նշում է Տիանա Մարկոսեանը։

Նա խոստովանեց՝ «Վահան Թէքէեան» մրցանակը յատուկ նշանակութիւն ունի իր համար․ մրցանակաբաշխութեանը ծանօթ է դեռ 90-ականներից, երբ լուսաբանում էր այնպիսի երեւելի մրցանակակիրների, ինչպիսիք էին Սիլվա Կապուտիկեանը, Կոնստանտին Օրբելեանը, Տիգրան Մանսուրեանն ու մշակոյթի, գիտութեան եւ արուեստի այլ նշանաւոր գործիչներ։

«Չափազանց պարտաւորեցնող է ինչպէս մրցանակը, այնպէս էլ այս հիանալի ընտանիքին անդամակցութիւնը, ինչի պատիւն ունեմ՝ որպէս «Թէքէեան» մրցանակակիր»,- նշեց Տիանա Մարկոսեանը։

«Լրագրութիւն» անուանակարգում միւս մրցանակակիրը «Օրեր» եւրոպական ամսագրի գլխաւոր խմբագիր Յակոբ Ասատրեանն է։

Վերջինս նախ ուսանել է ԵՊՀ բանասիրական, ապա Մոսկուայի Լոմոնոսովի անուան համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։

1991 թուականից աշխատանքի է անցել նոր հիմնադրուող «Ազգ» օրաթերթում, 1998-ից՝ իբրեւ քաղաքական թեմաներով գրող աւագ լրագրող՝ միաժամանակ թղթակցելով արտասահմանեան «AIM» (ԱՄՆ), «Nouvelles d’Arménie» (Ֆրանսիա) ամսագրերին, «Ազատութիւն» ռատիոկայանի ռուսական ծառայութեանը։

1997 թուականի վերջին Յակոբ Ասատրեանը տեղափոխւում է Չեխիա, քանի որ կինը՝ լրագրող Աննա Կարապետեանը, աշխատում էր Պրահայի «Ազատութիւն» ռատիոկայանի հայկական ծառայութիւնում։

«1999 թուականին կնոջս հետ հիմնեցինք «Օրեր» եւրոպական անկախ ամսագիրը։ Այդ ժամանակ եւրոպական սփիւռքում արեւելահայերէնով որեւէ լուրջ պարբերական չէր հրատարակւում։ Չկար արբանեակային հեռուստատեսութիւն, համացանցն էլ զարգացած չէր։ Մեր նպատակն էր վերջին տասնամեակներում Հայաստանից Եւրոպա գաղթած մեր հայրենակիցներին ապահովել ոչ միայն Հայաստանի մասին տեղեկատուութեամբ, այլեւ սփիւռքահայ գաղթօջախների մասին լուրերով ու յօդուածներով»,- մեզ հետ զրոյցում նշում է Յակոբ Ասատրեանը, որը մինչ օրս ամսագրի գլխաւոր խմբագիրն է։

Ամսագրի հրատարակման ողջ ընթացքում՝ երկու տասնամեակից աւելի, Յակոբ Ասատրեանը մասնակցում է եւրոպական գրեթէ բոլոր կարեւոր հայկական կառոյցների աշխատանքներին, լուսաբանում դրանց գործունէութիւնը՝ այն տարածելով եւրոպական համայնքներում։

Ի դէպ, լրատուութեան տարածումն ամէնօրեայ ռեժիմով իրականացւում է նաեւ www.orer.eu կայքի միջոցով։ Յակոբ Ասատրեանի կարծիքով, լրատուութեան տարածումը նպաստում է եւրոպահայութեան տարբեր համայնքների միջեւ կապերի հաստատմանը։

««Վահան Թէքէեան» մրցանակաբաշխութեանը ներկայացուել էին «Օրեր»-ի 2019-2020 թուականների համարները։ Դրանց էջերում հետազօտական շարքերով անդրադարձել ենք եւրոպահայ համայնքների պատմութեանը, ներկային ու ապագային։ Արդէն տպագրել եմ 24 երկրի մասին ծաւալուն յօդուածներ, իսկ վերջին երկու տարում՝ յատկապէս Պալքանեան երկրների հայ համայնքների, նաեւ Պուլկարիայի եւ Շուէցարիայի հայութեան մասին»,- նշում է Յակոբ Ասատրեանը։

Ի դէպ, այդ շարքում կան երկրներ, որոնց հայութեան, նրանց պատմութեան եւ ներկայի մասին առաջինն անդրադարձել է Յակոբ Ասատրեանը։ Այդ երկրների թուին են պատկանում Սլովենիան, Խորվաթիան, Չեռնոգորիան, Հիւսիսային Մակեդոնիան, Լիւքսեմբուրգն ու Մալթան։

Յակոբ Ասատրեանն առաջին մասնագիտական մրցանակն ստացել է 1995 թուականին, երբ աշխատում էր «Ազգ» օրաթերթում եւ արժանացաւ Հայաստանի «Թէքէեան» Մշակութային Միութեան՝ «Վարդգէս եւ Ռիթա Պալեան» մամուլի մրցանակին։ Արժանացել է նաեւ ԱԻՄ՝ «Տարուայ հրապարակախօս» մրցանակի, ապա երկու անգամ՝ Հայաստանի ժուռնալիստների միութեան, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Սփիւռքի նախարարութեան համատեղ մրցոյթի մրցանակներին։ 2018-ին «Օրեր»-ն արժանացաւ հայկական PR ասոցիացիայի «Լաւագոյն սփիւռքահայ մամուլ» մրցանակին։

Բազմաթիւ մեդալների ու պարգեւների կողքին Յակոբ Ասատրեանը մեծ պատիւ է համարում Հայաստանի «Թէքէեան» Մշակութային Միութեան «Վահան Թէքէեան» մրցանակը, որին ժամանակին արժանացել են հայ մշակոյթի եւ գիտութեան երեւելի դէմքերը։ «Հաճելի է, որ մասնագիտական ոլորտում ինձ տրուած երկու կարեւոր մրցանակներ կրում են Վահան Թէքէեանի անունը»,- յաւելեց Յակոբ Ասատրեանը։

Լրագրողն այսօր էլ մասնագիտական բուռն գործունէութեան ընթացքի մէջ է․ զբաղուած է ամսագրի համանուն կայքի՝ www.orer.eu–ի ձեւաւորման հարցերով՝ ձգտելով այն դարձնել եւրոպահայութեան շփման իրական հարթակ։ Տարին մէկ կամ երկու անգամ ամսագրի յատուկ համարներ են պատրաստում՝ նուիրուած տարբեր թեմաների։ Վերջին նման համարը նուիրուած էր 44-օրեայ պատերազմին եւ այդ թեմային նուիրուած հայ գրականութեանը, որ տպագրուել է մէկ տարուայ ընթացքում։ Բացի այդ՝ ամսագրի գլխաւոր խմբագիրը շարունակում է աշխատել եւրոպահայ համայնքների շարքի ուղղութեամբ եւ առաջիկայում նախատեսում է եւս տասը երկրի մասին գրել։

«Մենք պէտք է հայութեան մէջ արթնացնենք հայկականը գնահատելու եւ պահպանելու պարտքի զգացումը, այլապէս մէկ տասնամեակ անց շատ ուշ կը լինի»,-նշում է Յակոբ Ասատրեանն ու  վստահեցնում՝ իր աշխատանքի շրջանակներում կ’անի հնարաւոր ամէն բան։

Նշենք, որ Հայաստանի եւ ԱՄՆ եւ Կանադայի «Թէքէեան» մշակութային միութիւնների համատեղ նախաձեռնութեամբ արդէն 27-րդ անգամ անցկացուող «Վահան Թէքէեան» մրցանակաբաշխութիւնն իրականացւում է «Շաքէ Ղազարեան» Հիմնադրամի ֆինանսական աջակցութեամբ։ Այս տարիներին մրցանակների եւ դրամական պարգեւների են արժանացել հարիւրից աւելի արուեստագէտներ, գիտնականներ։

Հայաստանի «Թէքէեան» Մշակութային Միութեան լրատուական կենտրոն

ՔՐԻՍՏԻՆԷ ՄԵԼՔՈՆԵԱՆ

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին