Շաբաթ, 20. 04. 2024

spot_img

ԹՄՄ-ի Լուրեր

Հայաստան

Հայաստանի «Թէքէեան» Մշակութային Միութեան «Վահան Թէքէեան» Մրցանակակիրներ՝ Լուսանկարիչներ Զաւէն Խաչիկեան Եւ Արմէն Ենգոյեան

Հայաստանի «Թէքէեան» Մշակութային Միութեան «Վահան Թէքէեան» մրցանակաբաշխութեան ընթացքում մրցանակ յանձնուեց նաեւ «Գեղարուեստական լուսանկարչութիւն» անուանակարգում։

Այս տարի նոյն անուանակարգում մրցանակի արժանացան լուսանկարիչներ Զաւէն Խաչիկեանն ու Արմէն Ենգոյեանը։

Զաւէն Խաչիկեանը մրցոյթին ներկայացրել էր «Անվերնագիր պատերազմ» ֆոթօշարքը։ Արցախեան 44-օրեայ պատերազմին մասնակցել չկարողացաւ, թէեւ դիմել եւ մերժուել էր. ստիպուած էր «մասնակցել» պատուհանից՝ այն դարձնելով պատերազմը վաւերագրելու տարածք, երբ լուսանկարում էր ներկայի անշարժ ընթացքն ու դրուագները։ Շարքը դարձաւ իւրատեսակ վաւերագրութիւն, որ միաժամանակ բացայայտեց քաղաքացի, անհատ Զաւէն Խաչիկեանի ապրումներն ու յոյզերը։

«Մրցանակակիր շարքը վաղուց էի սկսել: Այն կարծես երկխօսութիւն լինի. նախ համավարակը, ապա 44-օրեայ պատերազմը առիթ դարձան շատ բաներ վերյիշելու։ Ինքներս մեր ներսում փակուելու եւ «ներքին» հարցերի պատասխանները գտնելու ժամանակ էր՝ առանց աղմկելու»,- մեզ հետ զրոյցում նշում է լուսանկարիչն ու վստահեցնում՝ որոշ հարցերի պատասխաններ հենց հարիւրաւոր լուսանկարներն էին, որոնցից ընդամէնը երեքը ներկայացրեց մրցոյթին։

Զաւէն Խաչիկեանը գերազանցութեամբ աւարտել է ԵՊՀ-ի Ֆիզիկայի բաժինը, ապա ընդունուել ասպիրանտուրա։ Իր խօսքով՝ 1970-80-ականների գիտութեան լճացումը նրան բերեց այն մտքին, որ ֆիզիկան սիրելը մի բան է, օգտակար գործ անելը՝ այլ բան։ Գիտութեան ոլորտում դադար վերցրեց եւ սկսեց զբաղուել լուսանկարչութեամբ՝ ֆոթօլրագրող աշխատելով ժամանակի մի շարք թերթերում։

Զաւէն Խաչիկեանը լուսաբանել է 1988-ի Արցախեան շարժումը, դրան նախորդող եւ յաջորդող իրադարձութիւնները, որպէս ֆոթօլրագրող մի քանի անգամ եղել պատերազմի դաշտում, Հայաստանի եւ մի շարք այլ երկրների առաջատար թերթերում ու ամսագրերում հրապարակել ֆոթօթղթակցութիւններ։ Գործունէութեան վերջին տարիներին նա զբաղուած է լուսանկարչութեան արուեստային եւ ոչ լրատուական խնդիրներով։ Զաւէն Խաչիկեանն այն կարծիքին է, որ  ժամանակն է լուսանկարչութեանը ներկայացնել նոյն որակի հարցեր, ինչպիսիք կարելի է առաջադրել գրականութեանը, գիտութեանը, ռազմարուեստին, կերպարուեստին, թատրոնին, քաղաքական միջավայրին եւ այլն։ «Զարգացածութեան ո՞ր մակարդակում է մեր հասարակութիւնը հիմա, եւ ի՞նչ հարցեր ակնկալել նրանից»,- նշում է երկրի եւ ժամանակի խնդիրներով մտահոգ լուսանկարիչն ու ափսոսանքով յաւելում՝ այդ հարցերի պատասխանն իմանալու դէպքում միայն իրաւունք կ’ունենայինք զարգացած հասարակութիւն կոչուելու։

«Մեր «հասարակութիւնն» ակամայից մասնակիցն է ոչ թէ լայնամասշտաբ, այլ մանր-մունր ինտրիգների, հետեւաբար, լուսանկարչութեամբ «լուրջ» հարցեր բարձրաձայնելը առօրէական չէ: Վերջին տարիներին հրատարակածս երկու գրքերում, ոչ լրատուական մակարդակում, որոշ հարցեր «բարձրաձայնել» եմ։ Ցաւօք, արուեստաբանութիւնը թերի կրթութեան հետեւանքով չի նկատում ու լրատուական մետիայի արուեստային բաժիններում չի բարձրացնում նմանտիպ հարցեր»,- նշում է լուսանկարիչը՝ անդրադառնալով լուսանկարչութիւնը ժամանակի անաչառ պատկեր լինել-չլինելու հարցին։ Խօսելով «Վահան Թէքէեան» մրցանակի մասին՝ լուսանկարիչն առանձնակի կարեւորեց ներկայ բարոյահոգեբանական եւ ֆինանսապէս հոգսաշատ մթնոլորտում նման մրցանակաբաշխութիւն կազմակերպելը. «Այն կարծես ուժ է տալիս անհատին, ստեղծագործողին եւ նաեւ խրախուսում, յիշեցնում՝ որպէս հայ լուսանկարիչ պարտաւոր ես վերադարձնել հոգեւոր աւանդդ»։

«Գեղարուեստական լուսանկարչութիւն» անուանակարգում «Վահան Թէքէեան» միւս մրցանակակիրը լուսանկարիչ Արմէն Ենգոյեանն էր՝ «Գիւղական էսքիզներ» սեւ-սպիտակ շարքի համար։ Եօթ լուսանկարն այդ շարքի մի փոքրիկ մասն է ընդամէնը. լուսանկարիչն այն սկսել է վաղուց։ Լուսանկարների շարքում գիւղաբնակ մարդն է՝ մտածող, արարիչ, գիւղական կեանքը՝ իր ամէնօրեայ աշխատանքով ու զբաղմունքով։

Լուսանկարչի կարծիքով՝ գունաւոր նկարները երբեմն «շատախօս են», իսկ սեւ եւ սպիտակ գոյները որոշ պատկերների դէպքում դիտողին հնարաւորութիւն են տալիս ամբողջացնել նկարը՝ հաղորդելով դրան իր տրամադրութիւնն ու գոյները։

«Շատերն աշխատում են լուսանկարել, ցոյց տալ այս կամ այն յայտնի մարդուն, արտասովոր մի բան։ Աշխատաւոր մարդը, որ արժէք է ստեղծում կամ ապահովում մարդկանց կենսունակութիւնն ապահովող ոլորտներում, դուրս է մնում ուշադրութիւնից։ Չէ՞ որ հենց այդ հասարակ ու պարզ մարդիկ են մնացել հայրենի հողում՝ պաշտպանելու եւ շէնացնելու երկիրը»,- նշեց լուսանկարիչն ու խոստովանեց՝ հենց այդ ուշադրութեան պակասի պատճառով է սկսել «Աշխատաւոր մարդը» շարքը, որում առանձին մաս է կազմում մրցանակակիր «Գիւղական էսքիզներ» ֆոթօշարքը։

Թէեւ հանդիպելիս Արմէն Ենգոյեանը պահը բաց չի թողնում լուսանկարելու նաեւ հանրութեանը յայտնի մարդկանց, սակայն անկեղծանում է՝ առ հասարակ մեծ հաճոյքով լուսանկարում է ամէն տեղ՝ շուկաներից մինչեւ փողոց, արհեստանոցներից մինչեւ գիւղ՝ պահպանելով լուսանկարչութեան պահը, ժամանակը պահպանելու եւ այն դիտողին փոխանցելու առաւելութիւնը։

Արմէն Ենգոյեանը մասնագիտութեամբ ճարտարապետ է, աշխատել է որպէս փականագործ, ռոպոթային  համակարգերի նախագծող, ապա ճարտարապետ։ Գործունէութեան ողջ ընթացքում լուսանկարչութիւնը հոպին է եղել. հիմա այն դարձել է բառացապէս մասնագիտութիւն, որի շնորհիւ բազմաթիւ ձեռքբերումներ է ունեցել։

Նրա լուսանկարները բազմիցս տպագրուել են մի շարք ամսագրերում, թերթերում, իսկ աշխատանքները մասնակցել են ցուցադրութիւնների, միջազգային եւ հանրապետական մրցոյթների։ Վերջերս Ռեազանում անցկացուող Հնագոյն քաղաքների համաժողովի ժամանակ ԱՊՀ 26 եւ ՌԴ 40 քաղաքների ներկայացրած 833 նկարների շարքում «Մարդիկ հնագոյն քաղաքների տարածքում» անուանակարգում Արմէն Ենգոյեանը զբաղեցրեց երկրորդ մրցանակային տեղը՝ «Կինը միշտ կին է» խորագրով լուսանկարի համար։

Մեզ հետ զրոյցում Արմէն Ենգոյեանը չթաքցրեց՝ իր մրցանակների կողքին «Վահան Թէքէեան» մրցանակն իր ուրոյն տեղն ունի. նախ այն ստացել է Հայաստանում, իսկ դրամական պարգեւը հաճելի բան է։

Լուսանկարչութեան իր հմտութիւնները նա սիրով փոխանցում է դրանով հետաքրքրուածներին՝ առաջին հերթին սովորեցնելով, որ եթէ ուզում ես նկարել, պէտք է նկարես ամէն ինչ՝ նկատածդ նոյնութեամբ դիտողին փոխանցելու կարեւոր պայմանով։

Նշենք, որ Հայաստանի եւ ԱՄՆ եւ Գանատայի «Թէքէեան» մշակութային միութիւնների համատեղ նախաձեռնութեամբ արդէն 27-րդ անգամ անցկացուող «Վահան Թէքէեան» մրցանակաբաշխութիւնն իրականացւում է «Շաքէ Ղազարեան» Հիմնադրամի ֆինանսական աջակցութեամբ։ Այս տարիներին մրցանակների եւ դրամական պարգեւների են արժանացել հարիւրից աւելի արուեստագէտներ, գիտնականներ։

«Վահան Թէքէեան» մրցանակին արժանացած լուսանկարիչներն այսօր էլ աշխատում եւ գործունէութիւն են իրականացնում մի շարք ծրագրերում ու նախագծերում։ Նրանք ֆոթօսիրահարներին են փոխանցում լուսանկարչական արուեստի գլխաւոր առաքելութիւնը՝ ակնթարթը պահպանելու հնարաւորութիւնը, որ մեզ՝ դիտողներիս, թոյլ է տալիս պատկերի միջոցով հաղորդակից լինել պատմութեանն ու այն պահին, որ այլեւս երբեք նոյնութեամբ չի կրկնուի։

Հայաստանի «Թէքէեան» Մշակութային Միութեան լրատուական կենտրոն

ՔՐԻՍՏԻՆԷ ՄԵԼՔՈՆԵԱՆ

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին