Ուրբաթ, 29. 03. 2024

spot_img

ԹՄՄ-ի Լուրեր

«Նկարիչն Ազնիւ Ստեղծագործում Է Միայն Իր Հայրենիքում». Անատոլի Աւետեան

Զրոյց Հայաստանի Ժողովրդական Նկարիչ, Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան «Վահան Թէքէեան» Մրցանակակիր Անատոլի Աւետեանի Հետ

ՔՐԻՍՏԻՆԷ ՄԵԼՔՈՆԵԱՆ

«Ազնիւ ստեղծագործելու համար նկարիչը պիտի իր հողի վրայ լինի. հայրենի հողն ուժ ու միտք, ստեղծագործելու համար մեծ էներգիա է տալիս»,- այս համոզմունքով է շուրջ եօթ տասնամեակ ապրում ու ստեղծագործում անուանի գեղանկարիչ, քանդակագործ Անատոլի Աւետեանը։

Արուեստասէր հասարակութեանը Անատոլի Աւետեանը քաջածանօթ է իր բազմաժանր ստեղծագործութիւններով՝ գեղանկար, քանդակ, մետաղի եւ ապակու տարբեր տեխնիկայով աշխատանքներ եւ այլն։ Դրանք տեղ են գտել Հայաստանի ազգային պատկերասրահում,  Ազգագրութեան թանգարանում, Երեւանի ժամանակակից արուեստի թանգարանում, Հայաստանի մշակոյթի նախարարութեան ֆոնդում, Հայաստանի գեղարուեստի ֆոնդում, Ամերիկայի հայկական թանգարանում, Սերգէյ Փարաջանովի թանգարանում, Հայաստանի նախագահի եւ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրերում, Փարիզի քաղաքապետարանում, Հռոմի Պապի հաւաքածուում (Վատիկան) եւ այլն։ Նկարիչը դա մեծ պատիւ է համարում, բայցեւ խոստովանում՝ հպարտ է, որ իր աշխատանքը ցուցադրուած է Մոսկուայի Արեւելքի թանգարանում՝ Յովհաննէս Այվազովսկու, Մարտիրոս Սարեանի եւ Մինաս Աւետիսեանի ստեղծագործութիւնների կողքին։

Մեզ հետ զրոյցում նկարիչը կէս-կատակ կէս-լուրջ նշում է՝ յիշում է, որ նկարել սկսել է, երբ դեռ չէր խօսում, աւելի ճիշդ՝ ծննդեան օրից: «Մայրս գերմանուհի էր եւ յաճախ էր ասում, որ նկարելու շնորհն ինձ պապիցս է փոխանցուել։ Հայրական կողմս լոռեցի է, իսկ Վանաձորը, որի պատուաւոր քաղաքացին եմ, իմ սիրելի քաղաքն է»,-նշում է Անատոլի Աւետեանն ու վստահեցնում՝  վանաձորցիներն արուեստասէր ժողովուրդ են եւ մշտապէս մեծ սիրով են այցելում իր ցուցադրութիւններին։

Անուանի նկարիչը նախ աւարտել է Փանոս Թերլեմէզեանի անուան ուսումնարանի գունանկարի, Թիֆլիսի գեղարուեստի ակադեմիայի մետաղի գեղարուեստական մշակման, ապա Երեւանի պետական գեղարուեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժինը, որում միաւորուած էին գունանկարն ու քանդակը։ Վարպետը խոստովանում է՝ կրթութիւնից զատ՝ Մոդիլիանիից է շատ սովորում, բայց իր համար մեծագոյն վարպետը Մարտիրոս Սարեանն է, ումից մշտապէս սովորելու բան կայ։

«Երբ ուսանող էի, իմ ստեղծագործութիւններից մէկը հաւանել եւ գնել էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Առաջինը՝ Յունաստան տանելու եւ նուիրելու համար։ Դա ինձ համար մեծագոյն պատիւ էր»,- նշում է Անատոլի Աւետեանն ու խոստովանում՝ երբեք չի դադարել սովորել, մշտապէս կատարելագործուել է հենց իր աշխատանքների վրայ, երբ տարիներ յետոյ տեսել է ստեղծագործութիւններն ու նկատել շտկելի տարրեր։

Նկարչի երեւանեան եռայարկ արուեստանոցում նրա ստեղծագործական հաւաքածուի մի փոքր հատուածն է ներկայացուած, մի մասն էլ Վանաձորի արուեստանոցում է։ Աշխատանքների մեծագոյն մասն աշխարհի տարբեր ծագերում գտել են իրենց արժանի տեղը. պատուիրատուները քիչ չեն նաեւ այլազգիների շրջանում, որոնք Անատոլի Աւետեանի արուեստին ծանօթանում են պատկերասրահներից, ինչպէս նաեւ նկարչի անհատական կայքից։

Անատոլի Աւետեանի ներկապնակում գերիշխում է դեղինը. նկարչի համար այն լաւ տրամադրութեան, ուրախութեան եւ լոյսի գոյնն է։

Յաջորդ տարի վաստակաշատ նկարիչը կը տօնի ծննդեան 70 ամեակը եւ այդ առիթով կը կազմակերպի անհատական ցուցահանդէս: «1982 թուականին, երբ 30 տարեկան էի, բացուեց իմ առաջին անհատական ցուցադրութիւնը։ Այդ օրից սկսած՝ իմ ցուցահանդէսները հայրենիքում կազմակերպում եմ իմ յոբելեաններին»,- նշում է Անատոլի Աւետեանը։

Քառասնամեայ ստեղծագործական կեանքի ընթացքում նկարիչը երբեք ստեղծագործական դադար չի ունեցել՝ բացառութեամբ նախորդ տարի, երբ չկար պատկերացում՝ ի՞նչ, ինչպէ՞ս եւ ո՞ւմ համար նկարել։ Արցախեան 44-օրեայ պատերազմից միայն մէկ տարի անց նկարիչը նորից վերականգնեց ստեղծագործական աւիւնն ու կարծես ընկաւ նոր հունի մէջ. հիմա նորից նա արուեստանոցում է վաղ առաւօտից մինչ ուշ երեկոյ։ Առանձին թեմատիկ աշխատանքներից բացի՝ նախաձեռնել է դիմանկարների նոր շարք՝ «Իմ ժամանակակիցները» խորագրով։ Համանուն շարքը երկրորդն է. եթէ նախորդում «ժամանակակիցները» նաեւ բնորդներն էին, ապա այս շարքում այն անուանի ժամանակակիցներն են, որոնց հետ տարբեր առիթների կամ յիշարժան դէպքերի ժամանակ առընչուել է նկարիչը՝ Վիքթոր Համբարձումեան, Լուսինէ Զաքարեան եւ այլք։

Հայրենիքի հոգսերով մտահոգ նկարիչն իր ստեղծագործութիւններում չի կարողանում անմասն մնալ արդիական խնդիրներից, որոնց դէմ ընդվզում է վրձնով եւ իւրաքանչիւր աշխատանքում ինչ-որ մասնիկով ընդգծում միտքն ու ասելիքը։

«Իմ ցուցադրութիւններից մէկի ժամանակ Գրիգոր Խանջեանն ասաց՝ գիտե՞ս, եթէ արտասահմանում լինէիր, հիմա ինչե՜ր կ’ունենայիր։ Գիտեմ, բայց չեմ զղջում, որ մերժել եմ բոլոր առաջարկները եւ սահմանափակուել միայն ցուցադրութիւններով»,-յիշում է նկարիչն ու մանրամասնում, որ իր բնատուր շնորհն ու ձիրքը մշտապէս անհամեմատ բարձր նիւթական վարձատրութիւն ունեցել է հայրենիքի սահմաններից դուրս։ Մերժել է առաջարկներն, ու համագործակցութիւնը սահմանափակուել է միայն ցուցադրութիւններով. նա շարունակում է արարել՝ ամուր կառչած հարազատ հողին՝ ստեղծագործական մայր ներշնչանքին։

Անատոլի Աւետեանը Հայաստանի վաստակաւոր եւ ժողովրդական նկարիչ է, արժանացել է մի շարք պարգեւների։ Նա վերջերս «Էրեբունի-Երեւան-2800» ստեղծագործութեամբ արժանացաւ նաեւ Հայաստանի «Թէքէեան» Մշակութային Միութեան «Վահան Թէքէեան» մրցանակին՝ «Կերպարուեստ» անուանակարգում։ Նկարչի համար այն միջազգային մրցանակի նշանակութիւն ունի, քանի որ բանաստեղծի անունը կրող միութիւններն ազգանուէր գործունէութիւն են ծաւալում աշխարհի մի շարք երկրներում։ Տարիների հեռուից յիշում է, թէ ինչպէս բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկեանի հետ անդամագրուեց  Հայաստանի «Թէքէեան» Մշակութային Միութեանն ու սկսեց մասնակցել ժողովներին, հանդիպումներին։

«Ուրախ եմ, որ Միութիւնը գործուն քայլեր է ձեռնարկում նախկին աւանդոյթները վերականգնելու եւ մի յարկի տակ ստեղծագործողներին հաւաքելու համար։ Դա հաճելի միջավայր է ստեղծում արուեստագէտների համար»,- նշեց Անատոլի Աւետեանը։

Նշենք, որ Հայաստանի եւ ԱՄՆ եւ Գանատայի «Թէքէեան» մշակութային միութիւնների համատեղ նախաձեռնութեամբ արդէն 27-րդ անգամ անցկացուող «Վահան Թէքէեան» մրցանակաբաշխութիւնն իրականացւում է «Շաքէ Ղազարեան» Հիմնադրամի ֆինանսական աջակցութեամբ։ Այս տարիներին մրցանակների եւ դրամական պարգեւների են  արժանացրել  հարիւրից աւելի արուեստագէտներ, գիտնականներ։

Հայաստանի «Թէքէեան» Մշակութային Միութեան
Լրատուական Կենտրոն
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին