Երկուշաբթի, 29. 11. 2021

Մասնագիտական Հայեացք

ՀՀ Գիտութիւնների Ազգային Ակադեմիայում Անցկացուեց «Հայաստան-Թուրքիա Յարաբերութիւններ. Հայեացք Ներսից» Խորագրով Միջազգային Գիտաժողով

ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի դահլիճում տեղի ունեցաւ «Հայաստան-Թուրքիա. հայեացք ներսից» խորագրով միջազգային գիտաժողովը, որի շրջանակներում մասնակիցներն անդրադարձան Հայաստանի Հանրապետութեան եւ հայութեան համար հայ-թուրքական յարաբերութիւնների հաւանական ձեւաւորման ու զարգացման հնարաւոր հետեւանքների հաշուարկմանն ու պարզաբանմանը։ Զեկոյցներով հանդէս եկան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, հայաստանեան ու միջազգային փորձագէտներ Իրանի Իսլամական Հանրապետութիւնից, Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնից, Թուրքիայից, Լիբանանից։ Միջազգային գիտաժողովը կազմակերպուել էր «Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական հասարակական կազմակերպութեան կողմից, պատմութեան ինստիտուտի աջակցութեամբ։

Արդարեւ գիտական տարբեր ուղղութիւններ ներկայացնող հետեւեալ մասնագէտները անդրադարձան Հայաստանին եւ մեր տարածաշրջանին սպասուող հաւանական զարգացումներին՝ վերլուծելով ու համադրելով առկայ իրավիճակը.

ՌՈՒԲԷՆ ՍԱՖՐԱՍՏԵԱՆ  – արեւելագէտ-թուրքագէտ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր (Հայաստանի Հանրապետութիւն)

ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ – պատմաբան, պատմական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ  ակադեմիկոս (Հայաստանի Հանրապետութիւն)

ԷԴԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ  – պատմաբան, պատմական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր (Հայաստանի Հանրապետութիւն)

ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱԶԱՐԵԱՆ – քաղաքագէտ, քաղաքական գիտութիւնների թեկնածու (Հայաստանի Հանրապետութիւն)

ՎԱԶԳԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ – «Հայաստանի ժողովրդական շարժում» կազմակերպութեան Հայաստանի մասնաճիւղի համակարգող, քաղաքական վերլուծաբան (Հայաստանի Հանրապետութիւն)

ԺԻՐԱՅՐ ՔՈՉԱՐԵԱՆ  – հասարակական-քաղաքական գործիչ, աշխարհագէտ, քարտիսագէտ, բանասէր (Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւն)

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ  – «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր (Լիբանանի Հանրապետութիւն)

ԱՆԴՐԱՆԻԿ ՍԻՄՈՆԵԱՆ – ԻԻՀ Ազատ համալսարանի հայոց լեզուի եւ գրականութեան ամբիոնի վարիչ, ԻԻՀ գիտութեան նախարարութեան իրանագէտների միութեան վարչութեան անդամ (Իրանի Իսլամական Հանրապետութիւն)

ԳԱՅՈՒՇ ՉԱԼԸՔՄԱՆ-ԳԱՎՐԻԼՈՎԸ – Քաղաքական գործիչ, «Ժողովուրդների դեմոգրասիա կուսակցութեան (HDP) անդամ (Թուրքիայի Հանրապետութիւն)

ԱՆՆԱ ՓԱԽԼԵԱՆ- տնտեսական գիտութիւնների թեկնածու, ՀՊԿՀ միջազգային տնտեսական յարաբերութիւնների ամբիոնի դոցենտ (Հայաստանի Հանրապետութիւն)

Այս համատեքստում փորձ արուեց ներկայացնել նաեւ տարածաշրջանային զարգացումներում աշխարհաքաղաքականութիւն թելադրող գերպետութիւնների եւ այլ դերակատարների վարած քաղաքականութիւնը։ Ներկայ իրողութիւնները դիտարկուեցին պատմական զարգացումների համատեքստում, ներկայացուեց նաեւ Թուրքիայի վարած քաղաքականութիւնը՝ անկախութեան առաջին տարիներից սկսած։

Ատրպէյճանն օգտագործւում է Թուրքիայի կողմից՝ որպէս միջոց փանթուրքիստական ծրագրերն իրականացնելու եւ համապատասխանաբար՝ Հայաստանին ճնշելու համար։ Այդ մօտեցումները բացայայտ կերպով դրսեւորուեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրտողանի կողմից, երբ անցած տարի Պաքւում շքերթին ասաց, թէ «հիմա Էնվէր փաշայի հոգին փառաւորուեց», ինչպէս նաեւ իսլամի բանակի մասին խօսելով։ Այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը:

Պատմութեան ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանը, պատմական անդրադարձ կատարելով մէկդարեայ հայ-թուրքական յարաբերութիւններին, ներկայացրեց թուրքական կողմի իրական ծրագրերը Հայաստանի մասով եւ թէ որքանով դրանք հեռու են խաղաղասիրական ու բարիդրացիական լինելուց։ Պատմաբանը յիշեց Նուրի փաշայի խօսքերը. «Մենք ստեղծել ենք մի պետութիւն, որը գտնւում է պարկի մէջ, իսկ այդ պարկի բերանը մեր ձեռքին է։ Ցանկացած ժամանակ մենք կարող ենք փակել պարկի բերանը, եւ Հայաստանը շնչահեղձ կլինի»։ Սա այն է, ինչն ամփոփում է թուրքական ծրագիրը եւ նպատակները հայկական պետականութեան մասով։ Ա. Մելքոնեանն անդրադարձաւ նաեւ թուրքական ժխտողականութեանը, որն իր շարունակութիւնն ու ակրեսիւ դրսեւրումն է ստացել Ազրպէյճանում։ Եւ եթէ թուրքական հասարակութեան մէջ այսօր կան անհատներ, որոնք ընդունում են Հայոց ցեղասպանութիւնը, ապա Ազրպէյճանում չենք գտնի անգամ մէկին, որը կը խօսի այդ մասին՝ լինի պատմաբան կամ շարքային քաղաքացի։ Ազրպէյճանն ամեն կերպ առաջ է տանում մերժման գիծը։ Արցախի հարցում թիկունք կանգնելով Ազրպէյճանին՝ Թուրքիան դրանով ցոյց տուեց Հայաստանին, որ յանկարծ չհամարձակուենք մտածել Արեւմտեան Հայաստանի մասին։ Այն, ինչ տեղի ունեցաւ Արցախում 1990-ականների սկզբին, երբ հայերը հող ազատագրեցին եւ երեք տասնամեակ շարունակ այդ մասին խօսում էին, երբեւէ թոյլ չեն տայ, որ տեղի ունենայ Արեւմտեան Հայաստանի հարցում։ «Ազրպէյճանի ձեռքով խլելով Արցախը՝ դրանով հասկացրին, որ մոռանանք Արեւմտեան Հայաստանի հողերի մասին։ Սրանք փոխկապակցուած խնդիրներ են։ Հայաստանի հարցում Թուրքիայի քաղաքականութիւնը տարածքային հատուցման իմաստով իրականացուեց Արցախում՝ Ազրպէյճանի ձեռքով»,- ասաց նա։

«Հայաստանի ժողովրդական շարժում» կազմակերպութեան Հայաստանի մասնաճիւղի համակարգող, քաղաքական վերլուծաբան Վազգէն Պետրոսեանի խօսքերով՝ Հայաստանի Հանրապետութիւնն այսօր աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական եւ այլ նկատառումներով թոյլ դիրքերում է։ Այդ իրողութիւնների պայմաններում հայ-թուրքական յարաբերութիւնները շատ լուրջ խնդիրներ են պարունակում, հետեւաբար, ցանկացած քայլ պէտք է ճշգրիտ հաշուարկուած լինի։ «Ի վերջոյ անհրաժեշտ է մէկընդմիշտ գիտակցել, որ ցանկացած ազգի, հասարակութեան, պետութեան ինքնիշխանութեան տէրը հենց այդ ազգը պէտք է լինի»,- ընդգծեց նա։ Ուժեղ Հայաստանի Հանրապետութեան գոյութեամբ է պայմանաւորուած նաեւ սփիւռքի գոյութիւնը, հակառակ դէպքում հայապահպանութեան խնդրի առջեւ կը կանգնեն։

Գիտաժողովին իր զեկոյցով հանդէս եկաւ ԶԱՐԹՕՆՔ-ի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեան (ամբողջական զեկոյցը կը հրատարակենք  առանձին):

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

2,098ՀաւանողներՀաւանում
24,568հետեւողներհետեւել
75,412ԲաժանորդներԲաժանորդագրուել
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին