Շաբաթ, 20. 04. 2024

spot_img

Զարեհ Սինանեանի Խօսքը

Սլաք

    ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

Սփիւռքի գործերի յանձնակատար Զարեհ Սինանեանը խօսել է Հայաստան-Սփիւռք կապերի նոր ձեւի՝ դրուածքի մասին, առանց անդրադառնալու բովանդակութեանը։

Աշխարհում ամեն տեղ ընդունուած ու տրամաբանական ձեւն է՝ նախ ճշտես անելիքներդ, յետոյ իմանաս դա իրականացնելու մարդուժը, ապա նոր կազմակերպական դրուածք ստեղծես՝ ըստ պահանջների։ Բայց Հայաստանում, ես կասէի՝ հայ ժողովրդի մօտ ամենուր, պատահում է հակառակը,- Առաջ դրուածքն են ճշտում, յետոյ անելիքը խցկում են դրա մէջ․․․ Կամ՝ այս դէպքում․․․ Յստակ է անելիքը՝ այդ դրուածքը ստեղծողների համար, բայց քանի որ դա էլ ենթակայ չէ թափանցիկ աշխատելու ոճին ու խոստումներին, ապա յարմար են իմանում միայն խօսել կազմակերպական դրուածքի մասին՝ առանց նշելու սպասելիքներն ու անելիքները․․․ Հանճարեղ ազգ ենք դարձել, չէ՞։ Սկսում ենք վերջից․․․

Եւ խօսեց Զարեհ Սինանեանը, եւ իր հանճարեղ առաջարկն է անում՝ այդ դրուածքի մասին․․․ Լսենք իրեն․ կարճ տեսանիւթ է։


Հիմա ասեմ իմ խօսքը այդ դրուածքի մասին՝ իհարկէ, չիմանալով բովանդակութիւնը։

Հայաստանի վարչապետը սփիւռքեան բոլոր համայնքներում մարդ է նշանակելու, որի պարտականութիւնն է Սփիւռքի հարցերի յանձնակատարի ենթակայութեամբ, աշխատանք տանի սփիւռքի տուեալ համայնքում։ Այսինքն՝ Հայաստանը պետական մակարդակով միջամտում է Սփիւռքի ներքին հարցերին՝ Սփիւռքի բոլոր համայնքներում։ Ու, շատ բնական է, յատկապէս Միջին Արեւելքի համայնքներում, դա կը համարուի ուղիղ միջամտութիւն՝ իրենց երկրի ներքին գործերում․․․ Կարելի է տալ նաեւ այլ բացատրութիւններ … (կայ նաեւ ՀՀ տեղւոյն դեսպանատուներու հետ աշխատանքային դաշտի խաչաձեւումի հարցը, ՀՀ քաղաքացիի եւ ծագումով Հայ սակայն ոչ քաղաքացիի հարցը, որուն վրայ ո՛չ մէկ իրաւասութիւն ունի Հայաստանի Հանրապետութիւնը, եւայլն)։

Իմ կարծիքով, Սփիւռք-Հայաստան կապերը ՊԻՏԻ հաստատուեն անելիքների եւ տարբեր ոլորտներում սպասելիքների հիման վրայ, ու դա անպայման չի նշանակում Հայաստանի պետական ներկայացուցչութիւնը Սփիւռքում։ Պետական ներկայացուցչութիւնը գուցէ ամենավատ տարբերակն է։ Լրիւ ուրիշ հարթակներում էին Սփիւռքի նախարարութեան աշխատանքային բնագաւառները, որը, իհարկէ, չէր բաւարարում շատերին, եւ մինչեւ հիմա հարցումն անպատասխան է՝ թէ ինչո՞ւ կազմալուծեցին այդ նախարարութիւնը, որ կարող էր այս տարիների ընթացքում բարեկարգուել՝ թէ՛ բովանդակութեան, թէ՛ կազմակերպական կառոյցի իմաստով։

Ու նորից համոզւում եմ, որ հիւանդ հայը պիտի բուժուի՝ ձերբազատուելու համար դարերի խորքից իրեն ժառանգ հասած ազգային-նկարագրային հիւանդ մօտեցումներից ու ընկալումներից։

30 տարի Հայաստանը անկախ է, կամ «անկախ» է, բայց ամբողջատիրական բնաւորութիւնը դեռ տիրական է հայի մօտ։ Հայը հիմա էլ մտածում է սովետի ժամանակների նման․․․

Կառավարական բուրգը չի աշխատում, ու մենք յաճախ ականատես ենք լինում, որ վարչապետ կոչուած նիկոլը շրջանցում է շատ կառոյցներ, նոյնիսկ թռնում է Արտգործ նախարարութեան գլխից եւ անձամբ որոշում երկրի համար յոյժ կարեւոր նշանակութիւն ունեցող հարցերը․․․

Եւ ո՞վ ասաց Հայաստանը ազատ ու անկախ է։ Ազատութիւնն ու անկախութիւնը սկսում է նախ մարդու հոգուց եւ մտքից, յետոյ նոր կառավարման ձեւ ստանում․․․ Ինչպէս ասացի,- Հայութեան մօտ այդ գործընթացը հակառակ է․․․ Նախ ձեւն ենք սարքում, Սահմանադրութիւն ենք գրում, յետոյ մտքերն ու անելիքները, որ պիտի համապատասխան լինեն հայ հասարակութեան ընկալումների հետ, զօրով ուզում ենք խցկել այդ կառոյցները։ Այդպէս չի լինում։

Չեմ ուզում ծաւալուն անդրադառնամ այն մասին, որ այստեղ մեղքի իր մեծ բաժինն ունի Սփիւռքի հին հատուածը։ Տարիներ գրում եմ, որ Սփիւռքի հին հատուածը ամեն օր նահանջում է, մաշուած են նրանց կառոյցները, սպառուած են հոգով ու մտքով, նրանք ուրիշներին ու յատկապէս երիտասարդներին աշխատելու առիթ չեն տալիս, ու հետեւանքը լինում է այն, որ այդ պարապ տեղը, այդ բացը լցնում են ուրիշներ։ Նրանք կազմակերպւում էին, հզօր էին կազմակերպւում, ու հիմա մէկ-մէկ երեւան են գալիս, ու նկատելի է, որ նրանցից շատերը ունեն Հայաստանի պետական հովանաւորութիւնը՝ ամեն կերպ։ Փող են լցրել տարբեր համայնքներում․․․ Սփիւռքի հին հատուածը յոյս չունենայ, որ իրենց կը ներառեն ՈՐԵՒԷ նոր դրուածքում․․․ Այսքան։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին