Հինգշաբթի, 10. 10. 2024

spot_img

Վտանգները Բազմակողմանի Են

Սլաք

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

    Այսօրերին սոցցանցերում (ընկերային համացանց) արծարծուող հարցերի վրայ աւելացել է մի ուրիշը․- Ի՞նչ հետեւանք կ՛ունենայ, եթէ բացուեն Թուրքիա-Հայաստան սահմանը/ սահմանային անցակէտերը։ Իհարկէ, այս հարցը կայ երկար ժամանակ, բայց հիմա աւելի բուռն է քննարկւում։ Ամենից շատ քննւում է տնտեսութիւնը։ Շատեր անդրադառնում են, որ Թուրքիայից Հայաստան ներկրուող գիւղմթերքը աւելի էժան է լինելու, որի հետեւանքով հիմնովին խորտակուելու է Հայաստանի գիւղատնտեսութիւնը։ Շեշտ կայ այն հարցի վրայ, որ իշխանութիւնները անուշադրութեան են թողել այս բնագաւառը՝ յատկապէս ոռոգման ջուր ունենալու հարցը։

    Չեմ խօսելու Հայաստանի գիւղատնտեսութեանը նեցուկ լինելու ներկայ իշխանութիւնների մօտեցման մասին։ Տեղեակ չեմ, եւ ինձ իրաւունք չեմ տալիս որեւէ կարծիք ունենալ բոլոր այն հարցերի մասին, որ չգիտեմ։ Բայց, ուզում եմ ընթերցողին ուշադրութեանը յանձնել այն՝ ինչ ես ականատես եմ եղել, հետեւաբար կարող եմ իմ անձնական կարծիքն ունենալ։

    Ես եղել եմ Թուրքիայում՝ Հայաստանի հետ սահմանային այդ շրջաններում, իհարկէ, միայն որպէս անցորդ։ Մի օր եղել եմ Բայազետում, յետոյ տեսել եմ Իգդիրը, հասել եմ Կարս, որտեղ երկու օր մնալուց յետոյ, գնացքով անցել եմ Հայաստան՝ Գիւմրի։ Երկու անգամ տեսել եմ այդ շրջանները։

    Եթէ հայաստանցիները կարծում են սահմանային անցակէտերը բացուելով նրանք շփուելու են Թուրքիայի «քաղաքակիրթ» բնակչութեան հետ, որոնց երկիրը ձգտում ունի անդամակցել Եւրոմիութեանը, ապա չարաչար սխալւում են։ Սահմանները բացուելով, հայաստանցին ամենօրեայ շփում կունենայ Կարսի, Իգդիրի կիսագրէտ թուրքերի եւ քրտերի հետ, որոնք մի քանի մեշոկ (մեծ տոպրակ) ալիւր եւ բրինձ իրենց հետ Հայաստան բերելով՝ ինչ որ ուզում են կանեն․․․ Նոյնը՝ ինչ պատահում է հիմա Սիւնիքի գիւղական համայնքների չքաւոր կանանց հետ․ Մեղրիի կամուրջով տղամարդիկ գնում են Հայաստան՝ մի քանի մեշոկ ալիւր ու բրինձ իրենց հետ տանելով․․․ Սա՛ է իրականութիւնը, չխաբենք մեզ։

    Թէ ի՞նչ կանեն բարեկիրթները, հիմիկուանից պարզ է արդէն։ Նրանք՝ ունենալով Թուրքիայի իշխանութիւնների աջակցութիւնը, կարեւոր ներդրումներ կանեն Հայաստանում։ Աւելորդ եմ իմանում այսքանից աւել գրել այս մասին։ Վիճակը ամեն մարդ կարող է պատկերացնել։

    Ես չգիտեմ ո՞րն է այս հարցերի լուծումը։ Սահմանները, ի վերջոյ բացուելու են։ Ներկայ պայմաններում, դա սխալ է։ Պիտի փորձել մի քանի տարի յետաձգել դա, մինչեւ որ Հայաստանում իշխանափոխութիւն տեղի ունենայ, ու այս հարցերը լուծեն նոր իշխանութիւնները, եթէ, իհարկէ, գործի գլուխ գան ազգային նպատակներով իշխանութիւններ։ Ներկայ անողնաշար ու ծախուած իշխանութիւնները ոչինչ չեն անելու ազգային շահերը պաշտպանելու ուղղութեամբ։ Նրանք իրենց փորձը տուել են, ու ես չեմ ուզում նորից գրել այս մասին։

    Հայաստան-Թուրքիա սահմանային կէտերի բացուելը տնտեսական լրջագոյն հարցեր կը ստեղծեն, ու հարցը չի վերջանում միայն տնտեսութիւնով։ Վտանգները բազմակողմանի են։ Վտանգները տնտեսական, մշակութային, հասարակական, ազգային, ե՛ւ ապահովական են։ Կիսագրագէտ թուրքն ու քիւրտը ազատ մտնելու է Հայաստան, եւ ժամանակի ընթացքում այս «ներխուժումը» բերելու է մշակութային եւ հասարակական մեծ աղէտի։

    Ու ես կարողանում եմ հիմիկուանից պատկերացնել՝ թէ ինչ վիճակ կը ստեղծուի Հայաստանում, յատկապէս սահմանամերձ շրջաններում, եթէ բոլոր վտանգների հաւանականութիւնը հիմիկուանից հաշուի չառնեն, իշխանութիւնները չունենան ծրագիր՝ դրանք կանխելու համար, եւ անմիտ (գուցէ եւ մտածուած) քայլերով՝ որոշումներ կայացեն ներկայ պայմաններում արագ բացել Թուրքիայի հետ սահմանային կէտերը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին