Հինգշաբթի, 28. 03. 2024

spot_img

«Զարթօնք» Հայրենիքի Մէջ

Քաղաքական Դաշտի Գերլարուածութիւնը եւ Իշխանութեան Յարձակողական Կեցուածքը Խոստանում Է Թեժ Քարորզարշավ․ Արա Զոհրապեան

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

Յունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւններին մասնակցելու նպատակով Կենտրոնական ընտրական յանձնաժողով գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 23 կուսակցութիւն եւ կուսակցութիւնների 4 դաշինք։ Այս մասին հաղորդում է Կենտրոնական ընտրական յանձնաժողովը: Այս ընտրութիւնները բացառիկ են նրանով, որ թերեւս, այսքան մեծ թուով կուսակցութիւններ ու դաշինքներ երբեւէ չեն եղել։ Նախընտրական քարոզարշաւը կը մեկնարկի յունիսի 7-ին ու կը տեւի մինչեւ Յունիսի 18-ը։

Նշենք, որ Կենտրոնական ընտրական յանձնաժողովը հրապարակել է նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին էլեկտրոնային եղանակով քուէարկող ընտրողների ցուցակը: Ըստ այդ ցուցակի, էլեկտրոնային եղանակով քուէարկութեանը կը մասնակցի 650 անձ: Էլեկտրոնային եղանակով քուէարկելու իրաւունք ունեն Հայաստանի Հանրապետութեան դիւանագիտական կամ հիւպատոսական ներկայացուցչութիւններում դիւանագիտական ծառայութիւն անցնող ընտրողները եւ նրանց հետ արտերկրում բնակուող ընտանիքի` ընտրելու իրաւունք ունեցող անդամները: Այդպիսի անձանց թիւը, ըստ ցուցակի, 287 է: Էլեկտրոնային եղանակով քուէարկելու իրաւունք ունեցող օտարերկրեայ պետութիւններում երկարատեւ ծառայողական գործուղման կամ ուսման մէջ գտնուող զինծառայողները եւ նրանց հետ արտերկրում բնակուող ընտանիքի անդամների թիւը, ըստ ցուցակի, 363 է:

Նախընտրական թոհուբոհի, առաջիկայում մեկնարկող քարոզարշաւի եւ այլ հարցերի մասին «Զարթօնք» օրաթերթը զրուցեց «Զարթօնք» ազգային քրիստոնէական կուսակցութեան նախագահ Արա Զոհրապեանի հետ։

– Պարոն Զոհրապեան շնորհակալ եմ հարցազրոյցի հրաւէրը չմերժելու համար։ Ուզում եմ նախընտրական այս փուլի համար, այսպէս ասած, ամփոփիչ հարցազրոյց անենք ու փորձենք հասկանալ ի՞նչ պատկեր է քաղաքական դաշտում։ Ձեր գլխաւորած «Զարթօնք» ազգային քրիստոնէական կուսակցութիւնը ԿԸՀ ներկայացրեց ընտրութիւններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թւում ընտրական ցուցակը: Յայտնի է ընտրական ցուցակի առաջին եռեակը։ Ընտրութիւններին մասնակցելու յայտ են ներկայացրել երկու տասնեակից աւել կուսակցութիւններ եւ դաշինքներ։ Ինչպէ՞ս էք գնահատում քաղաքական նման աշխուժութիւնը։

Կարծում եմ, որ պատերազմի արդիւնքը եւ երկրի այս վիճակն է շատ ուժերի մղել քաղաքականութիւն մտնել, կամ քաղաքական աշխուժութիւն դրսեւորել: Զարթօնքի դէպքում, հենց այդ մղումն է առկայ:

– Արդեօք դա հասարակութեանը ուժից շեղելու միջոց չէ՞։

Չեմ բացառում, որ այդպիսի հնարքներ էլ կը լինեն:

– Ինչո՞վ էք դուք դա պայմանաւորում։ Արդեօք դա կապուա՞ծ է այն իրավիճակի հետ, որում այսօր գտնւում է Հայաստանը՝ սահմանային խնդիրներ, քաղաքական ճգնաժամ, սոցիալական օրեցօր ահագնացող խնդիրներ եւ այլն։

– Ձեր նշած բոլոր իրողութիւններն էլ կան, իսկ աւելի դիպուկ՝ պետականութիւն կորցնելու լուրջ վտանգի տակ ենք:

– Նախընտրական քարոզարշաւը մեկնարկելու է Յունիսի 7-ից։ Ձեր քաղաքական ուժը ինչպէ՞ս եւ ո՞րտեղից է սկսելու քարոզարշաւը։

– Այդ մասին կը խօսենք Յունիսի 7-ից:

– Ինչպիսի քարոզարշաւ էք կանխատեսում։ Շատ քաղաքագէտներ պնդում են, որ այս նախընտրական քարոզարշաւը լինելու է շատ թեժ։ Դուք նման նախադրեալներ տեսնու՞մ էք։

– Քաղաքական դաշտի գերլարուածութիւնը եւ իշխանութեան յարձակողական կեցուածքը խոստանում է թեժ քարոզարշաւ բոլոր առումներով:

– Կը խնդրէի ներկայացնել ձեր քաղաքական ուժի այն հիմնական ասելիքները, որոնք լինելու են քարոզարշաւի մեխը։

– Հիմնական թէզերը կը ներկայացնենք քարորզարշաւի մեկնարկից յետոյ, իսկ հիմա կարող եմ ասել, որ որպէս Զարթօնք կուսակցութեան սկզբունք կը նշեմ, պէտք է ազնիւ լինենք հասարակութեան հետ:

– Քաղաքական ի՞նչ դասաւորութիւն էք կանխատեսում առաջիկայ խորհրդարանում։

– Հիմա կը դժուարանամ կանխատեսել: Միայն կարող եմ նշել, որ օրեցօր իշխանութեան վարկանիշն ընկնում է:

Պարոն Զոհրապեան, մեր նախորդ հարցազրոյցի ժամանակ, խօսելով սփիւռքի ներգրաւուածութեան մասին, դուք նշեցիք, որ ձեր կուսակցութիւնում կան եւ սփիւռքահայ գործիչներ, եւ համակիրներ։ Մի կարեւոր հանգամանքի մասին եմ ուզում խօսել, որը սփիւռքի ներկայացուցիչների կողմից շատ է բարձրաձայնուել։ Հայաստանի ընտրական գործընթացներում որպէս ընտրող եւ ընտրուող սփիւռքի ներկայացուցիչները, արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիները ներգրաւուած չեն։ Ընտրական օրէնսգիրքը չի սահմանում արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների համար քառայարկութիւն, բացի այնտեղ ապրող դիւանագիտական համակարգի ներկայացուցիչների։

Ձեր կարծիքով սա արդա՞ր է։ Ինչո՞ւ պէտք է բոլոր հարցերում Սփիւռքի ներգրաւուածութիւնը Հայաստանում պարտադիր լինի (ներդրումներ, սոցիալական աջակցութիւն եւ այլն), բայց ընտրական իրաւունքը՝ ոչ։

Այս առումով ձեր կուսակցութիւնը որեւէ դրոյթ ունի՞ նախընտրական ծրագրում կամ ի՞նչ կարծիք ունէք դրա վերաբերեալ։

– Երբ, որ սփիւռքի ներկայացուցչի ներդրումներն ընդունում ես, իր անձնազոհութիւնն ընդունում ես, իսկ որոշում կայացնելու հարցում իրաւունք չես տալիս, կարծում եմ սա արդար չէ: Մենք կարծում ենք, որ ապագայում պէտք է սփիւռքի ներկայացուցիչներն իրաւունք ունենան երկրի կառավարմանը մասնակցելու: Օրինակ, մեր պատկերացրած ազգային ժողովի երկպալատ կառուցուածքում վերին պալատում տեսնում ենք սփիւռքի ներգրաւուածութիւնը: Սփիւռքի ներկայացուցիչների մասով կարելի է պահպանել միայն ազգային անվտանգութեանն առնչուող հարցերով կառավարմանը մասնակցելու սահմանափակումը:

– Ապագայում ձեր քաղաքական ուժի՝ խորհրդարան անցնելու դէպքում այս առումով ինչ-որ ծրագիր, օրէնսդրական նախաձեռնութիւն պատրաստւո՞ւմ էք ներկայացնել կամ ի՞նչ դեր կարող էք ունենալ այդ հարցում։

– Զարթօնք ազգային քրիստոնէական կուսակցութեան ծրագրում ունենք այդ մասին նշում եւ այո մեզանից կախուած հնարաւոր միջոցները ձեռնարկելու ենք, որ ծրագիրն իրագործուի:

– Շնորհակալ եմ հարցերին պատասխանելու համար։

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին