Երկուշաբթի, 20. 05. 2024

spot_img

Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության ահաբեկչական լինելը. պատմաբան

Սևրի հաշտության պայմանագրով` Թուրքիայի կառավարությունն անձամբ է ընդունել երիտթուրքական իշխանության ահաբեկչական լինելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին պայմանագրի 100-ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արմեն Մարուքյանը:

«Պայմանագրի 142-րդ հոդվածի հենց առաջին նախադասությամբ, այդ թվում նաև թուրքական պետությունը համարել է, որ 1914թ. նոյեմբերի 1-ից, այսինքն` Օսմանյան կայսրության` պատերազմի մեջ մտնելուց սկսած այդ երկրում հաստատված իշխանությունն ահաբեկչական է: Սա քաղաքական գնահատական էր երիտթուրքերի վարչակարգին: Սրա տակ ստորագրել է նաև թուրքական պետությունը»,- ասաց Մարուքյանը:

Պատմաբանը նշեց, որ ահաբեկչական այդ վարչակազմը կատարել է բռնի մահմեդականացման գործողություններ, որից հետո պայմանագրով ազատ իրավունք է տրվել բռնի ճանապարհով իսլամ ընդունած նախկին քրիստոնյաներին` վերադառնալ իրենց կրոնին:

Առաջին աշխարհամարտի ավարտից 2 տարի անց Թուրքիայի սուլթանական կառավարության և պատերազմում հաղթած պետությունների՝ այդ թվում Հայաստանի միջև 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում կնքվեց հաշտության պայմանագիր, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է կազմեր 160 հազար քկմ: Այն մինչ օրս շարունակում է մնալ ուժի մեջ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին