Երեքշաբթի, 28. 05. 2024

spot_img

«Զարթօնք» Հայրենիքի Մէջ – 45 – Որեւէ Որոշում Առանց Արցախի Չի Կարող Ընդունուել․ Լաւրովի Յայտարարութեան Պատասխանը

Անցեալ տարի Մոսկուայում Ռուսաստանի, Ատրպէյճանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ առաջարկուած ղարաբաղեան կարգաւորման վերաբերեալ որոշումներն աշխոյժ քննարկւում են: Այս մասին յայտարարել է ՌԴ Արտաքին գերատեսչութեան ղեկավար Սերգեյ Լաւրովը՝ «Կորչաքով» հիմնադրամում անցկացուող առցանց կլոր սեղանի ժամանակ:

«Կան Մատրիտեան սկզբունքներ, կան փաստաթղթեր, որոնք Ռուսաստանի կողմից պատրաստուել են 2010-2011 թուականներին, այսպէս կոչուած, Կազանեան փաստաթուղթը: Անցեալ տարուայ  ապրիլին համանախագահների մասնակցութեամբ Մոսկուայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ներկայացուել են նախագծեր, որոնք այժմ աշխոյժ քննարկւում են», – ասել է ՌԴ արտգործնախարարը։

Նա նշել է, որ այդ փաստաթղթերը ենթադրում են «կարգաւորման հասնել փուլային տարբերակով՝ առաջին փուլում ապահովելով առաւել հրատապ խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում եւ փոխադրական, տնտեսական եւ այլ հաղորդակցութիւնների ապաշրջափակում»: «Համոզուած եմ, որ երբ մենք որոշում կայացնենք այդ փաստաթղթերի ստորագրման վերաբերեալ, սա կը լինի վճռական քայլ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բանաձեւերը կեանքի կոչելու համար, որոնք, կրկնում եմ եւս մէկ անգամ, պահանջում են վերջ դնել պատերազմին եւ սկսել պայմանաւորուել»,- ընդգծել է Լաւրովը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականեանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձաւ Լաւրովի յայտարարութիւններին ու դրա շուրջ ստեղծուած աղմուկին։ Խօսելով այն քննադատութիւնների մասին, թէ հայկական կողմը թաքցրել է բանակցային գործընթացի մանրամասները, Մնացականեանը նշեց՝ այս երկու տարիների ընթացքում իրենց կառավարութիւնը, վարչապետ Փաշինեանը եղել են թափանցիկ եւ դիրքորոշումներն ու մօտեցումներն արտայայտել են շատ պարզ ձեւով։

«Այո, այդ մեկնաբանութեան մէջ (նկատի ունի Լաւրովի յայտարարութիւնը․-խմբ) եղել են յղումներ բազմաթիւ փաստաթղթերի՝ Քիվեստից սկսած մինչեւ վերջերս։ Նման մօտեցումներ ի յայտ են եկել 2014 եւ 2016 թուականներին եւ այդ մօտեցումները ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար։ 2018 թուականից վեր քննարկումները սահմանափակուել են առանձին տարրերի շուրջ կողմերի մօտեցումների քննարկման գնահատումով։ 2014 թուականի առաջարկած տարբերակը այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ»,- պաշտօնապէս յայտարարեց ՀՀ արտաքին գերատեսչութեան ղեկավարը։

Մնացականեանի խօսքով՝ հայկական կողմերի համար բանակցութիւններում ընդգծուած գերակայութիւն է անվտանգութեան բաղադրիչը։ «Հայկական կողմերից ոչ մէկը չի կարող ենթադրել, որ հնարաւոր է վերանայել դա՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչութեան անվտանգութիւնը»,- նշեց Զոհրապ Մնացականեանը։

Նախարարը ներկայացրեց հայկական կողմի համար երկրորդ կարեւորագոյն տարրը՝ ինքնորոշման սկզբունքը։ «Հայկական կողմերի համար սա բանակցութիւններում առաջնային գերակայ տարրն է։ Ինքնորոշման իրաւունքի արտայայտումը նշանակում է կարգավիճակի յստակեցում։ Խաղաղ կարգաւորումը հնարաւոր է փոխզիջումների միջոցով։ Զիջումներ չեն եղել ու չեն լինելու։ Հայկական կողմերը երբեւէ չեն ստանձնելու որեւէ նման մօտեցում, որը կ՛ենթադրի անվտանգութեան խափանում, Արցախի բնակչութեան համար սպառնալիքի ստեղծում, առաւել եւս այն պայմաններում, երբ այդ սպառնալիքը շարունակում է մնալ իրական։ Փոխզիջումները պէտք է լինեն համաչափ, որի մէջ հայկական կողմերը տեսնում են անվտանգութեան ու կարգավիճակի տարրերի լիարժէք արտայայտում։ Սրա մասին ենք մենք խօսում բանակցութիւնների ժամանակ։ Սա է եղել հայկական կողմի մօտեցումը այս երկու տարուայ ընթացքում։ Եթէ որեւէ մէկը ենթադրում է , թէ մենք բանակցութիւնների ժամանակ կարող ենք մի բան անել, այլ բան ասել հասարակութեանը, խորապէս սխալւում է ։ Նման բան չի եղել, չի լինելու։ Հայաստանի որեւէ ներկայացուցիչ չի կարող նման բան անել»,- վստահեցրեց ԱԳ նախարարը։

Դիւանագիտական գերատեսչութեան ղեկավարը վերջում յստակեցրեց, որ այս երկու տարուայ ընթացքում ՀՀ իշխանութիւնները մշտապէս աշխատել են արցախեան կողմի հետ։ Այժմ էլ շարունակւում է աշխատանքը նոր ընտրուած իշխանութիւնների հետ։ «Որեւէ որոշում, որը վերաբերւում է Արցախին, չի կարող ընդունուել առանց Արցախի ժողովրդի»,- իր խօսքն աւարտեց ԱԳ նախարար Զոհրապ Մնացականեանը։

«Զարթօնք» օրաթերթի հետ զրոյցում Արցախի նախագահի թեկնածու, Արցախի Պահպանողական կուսակցութեան նախագահ Դավիթ Բաբայեանի խօսքով՝ Ատրպէյճանը կարող է անընդհատ նման հարցեր բարձրաձայնել, ուզած-չուզած ինչ-որ քննարկում պէտք է լինի։

«Այն, որ նման հարցեր քննարկւում են, չի նշանակում, որ այդ հացերն ընդունելի են։ Մեզ համար այն փուլային տարբերակը, փիլիսոփայութիւնը, որն Ատրպէյճանն է քարոզում, ընդունելի չէ։ Մեզ համար փուլայինը կարող է այլ տարբերակ լինել։ Այսինքն՝ առաջնային որպէս քայլ պէտք է լինի քաղաքական հարցերի կարգաւորումը, մէկը միւսի ճանաչումը։ Կողմերն ընդունեն, որ լուծումը միայն խաղաղ ճանապարհով կարող է լինել։ Սա թող լինի առաջին, քայլը, քայլային տարբերակով ենք մենք ընդունում»,- ընդգծեց Դաւիթ Բաբայեանը։ Նրա խօսքով՝ Ատրպէյճանի փուլային տարբերակը Արցախի պետականութեան աստիճանական վերացում է։ «Եթէ փուլային տարբերակ են ուզում, սկզբում պէտք է քննարկեն մի փաթեթ հարցեր, այնուհետեւ միւս փաթեթը եւ այլն։ Չի կարող լինել պարտադրանք։ Չի կարող այնպէս լինել, որ այդ քննարկումների ու քայլերի հետեւանքով Արցախի պետականութիւնը թուլանայ եւ այլեւ իվիճակի չլինի իրեն պաշտպանելու։ Արցախի կործանումը կը լինի նաեւ Հայաստանի կործանումը»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով այն հարցին, թէ հակայեղափոխութիւնից յետոյ ձեւաւորուած ՀՀ իշխանութիւնները մշտապէս յայտարարում են, որ ղարաբաղեան հարցի վերաբերեալ որեւէ փաստաթուղթ չի քննարկւում, այդ թւում Մատրիտեան սկզբունքները, Կազանեան փաստաթղթերը, Դաւիթ Բաբայեանն ասաց՝ փաստաթուղթ չի քննարկւում, բայց հարց կարող է քննարկուել։

«Փաստաթուղթը պէտք է լինի համաձայնեցուած։ Իսկ համաձայնեցուած որեւէ բան չկայ։ Ազրպէյճանն ասում է Արցախն իմն է, Շուշիում թէյ եմ խմելու, Երեւանն էլ է իմը։ Ինչի՞ հետ համաձայնէք։ Նման մօտեցմա՞ն։ Բնականաբար ոչ։ Իսկ եթէ քննարկումների ժամանակ Ատրպէյճան անընդհատ մի հարց է բերում, որն ասենք իր փուլային փիլիսոփայութեան բաղադրամասն է, նոյնիսկ այն մերժելով, ստացւում է, որ մենք քննարկում ենք։ Այստեղ այդ նրբութիւնը պէտք է հաշուի առնել»,- վստահեցրեց Դաւիթ Բաբայեանը։

 

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին