Արցախի նախագահական ընտրություններում նախնական տվյալներով երկրորդ փուլ անցած թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն իր օրակարգն ընդունող բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցության պատրաստակամություն հայտնեց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանն ասաց ապրիլի 1–ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։
«Արցախում ես հակառակորդ, թշնամի չունեմ: Բոլորի հետ էլ անցած ճանապարհ ունեմ: Մենք բաց ենք բոլոր քաղաքական ուժերի համար, պետք է բոլորս լինենք միակամ և կառավարենք ճիշտ ձևով: Մենք ունենք շատ կարևոր խնդիր՝ պարենային, էներգետիկ և ռազմական ոլորտներում, և չպետք է խմբավորումների բաժանվենք։ Առաջիկայում ունենալու ենք տնտեսական աղետ, և պետք է ճիշտ գործենք ու լինենք միասնական»,- ասաց Հարությունյանը:
Խոսելով ընտրությունների երկրորդ փուլի մասին՝ նախագահի թեկնածուն նշեց, որ իր ղեկավարած քաղաքական ուժը պատրաստ էր դրան, և այդ համատեքստում էական է հայրենակիցների սկզբունքայնությունը:
«Ընտրությունների արդյունքներից հետո որևէ քաղաքական ուժի ներկայացուցչի հետ չեմ հանդիպել և քննարկումներ չեմ ունեցել: Իսկ ով կասկածում է մեր հայրենակիցների սկզբունքայնության վրա, չարաչար սխալվում է: Ափսոսում եմ, որ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը»,- նշեց Արայիկ Հարությունյանը:
Արցախում մարտի 31–ին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական համապետական ընտրություններին մասնակցել է 76 հազար 471 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 72,7%–ը։
Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում էր 14 թեկնածու։ Նրանք էին` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։
Նախագահական ընտրությունները տեղափոխվեցին երկրորդ փուլ։ Առավելագույն կողմ ձայներ են ստացել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։
Արցախի Հանրապետության ԱԺ–ում ներկայացված կլինեն 5 քաղաքական թիմեր։ Դրանք են` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, «Միասնական հայրենիք» կուսակցությունը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը, «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը և Արցախի ժողովրդավարական կուսակցություն