Չորեքշաբթի, 19. 06. 2024

spot_img

«Հայաստանում ու Արցախում Չեն Կարող Տարբեր Արժեհամակարգեր Լինել». Մասիս Մայիլեան

Ազատ Արցախի Համապետական Ընտրութիւններ – Հարցազրոյց 4 –

Շուտով համապետական ընտրութիւններ են Արցախի մէջ: Իր, որպէս անկախ պետութիւն գոյերթին ընթացքին Արցախի ժողովուրդն ու անոր պետականութիւնը փաստեց, որ հակառակ այն դրութեան, որ ան որպէս պետութիւն տակաւին մաս չի կազմէր միջազգային ընտանիքին, սակայն արժանի է իր անկախութեան եւ իր մօտ ժողովրդավարական սկզբունքները իսկական արժէքներ են: Մինչ ինքզինք այսպէս կոչուած կայացած պետութիւն յորջորջող Ազրպէյճանը ամէն առիթով կը փաստէ, որ ինք տակաւին երկա՜ր ճանապարհ ունի կտրելիք ժողովրդավարութեան ճամբուն վրայ եւ շա՜տ սորվելիք ունի Արցախէն՝ այն հողատարածքէն որուն իրաւատէրը կը յաւակնի ըլլալ:

Այս առիթով «Զարթօնք» կազմակերպած է հարցազրոյցներու շարք մը Արցախի Հանրապետութեան նախագահութեան բոլոր թեկնածուներուն հետ անխտիր: Այս մէկը առիթ մըն է մեր ընթերցողներուն՝ հակիրճ կերպով սակայն մօտէն ծանօթանալու իւրաքանչիւր թեկնածուին:

Մեր հարցազրոյցներու այս շարքին յաջորդ հիւրը հանդիսացաւ Արցախի հանրապետութեան  Արտաքին գործերու նախարար, «Մայիլեան – Նոր Արցախ» դաշինքի կողմէ առաջադրուած թեկնածու Մասիս Մայիլեան: Դաշինքը կազմուած է Արցախի մէջ գործող երեք կուսակցութիւններու համագործակցութեան արդիւնքով. Արցախի Ռամկավար Ազատական, Ինքնութիւն եւ միասնութիւն եւ Վաղուայ Արցախ: Պրն. Մայիլեանին հետ զրուցած է Երեւանի մեր աշխատակիցը: Ստորեւ հարցազրոյցը:

 «Խմբ.»

 

Մասիս Մայիլեանը ծնուել է 1967 թուականի Սեպտեմբերի 14-ին քաղաք Ստեփանակերտում: 1984 թուականին աւարտել է Ստեփանակերտի թիւ 8 միջնակարգ դպրոցը։ 1984 – 1991 թուականներին ուսանել է Ստեփանակերտի պետական մանկավարժական հիմնարկի բնագիտա-ուսողական բաժնին մէջ՝ ճարտարապետ-բնագէտ մասնագիտութեամբ։ 1991-1992 թուականներին ուսանել է Երեւանի Խաչատուր Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական հիմնարկն մէջ, որպէս ի գիտութիւններու թեկնածու՝ ընկերային հոգեբանութիւն մասնագիտութեամբ։ 1998 թուականին աւարտել է Վիեննայի դիւանագիտական ակադեմիան։

1992-1993 թուականներին զբաղեցրել է ԼՂՀ Պաշտպանութեան պետական կոմիտէին առընթեր Տեղեկատւութեան եւ մամուլի բաժանմունքներու տեղեկատուական քաղաքականութեան բաժնի առաջատար, ապա` գլխաւոր մասնագէտի պաշտօնները։ 1993 թուականին՝ ԼՂՀ Արտաքին գործերի նախարարութեան հիմնադրումից յետոյ, տեղափոխուել է արտաքին քաղաքական գերատեսչութիւն, որտեղ իր գործունէութեան ընթացքում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտօններ, մասնաւորապէս, միջազգային կազմակերպութիւնների բաժնի վարիչի, միջազգային կազմակերպութիւնների վարչութեան պետի, նախարարի խորհրդական – քաղաքական վարչութեան պետի պաշտօնները։

2001-2007 թուականներին եղել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը՝ արտակարգ դեսպանորդի եւ լիազօր նախարարի դիւանագիտական աստիճանով։ 1993-1997 թուականներին, ԼՂՀ պաշտօնական պատուիրակութիւն կազմում, մասնակցել է ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման շուրջ բանակցութիւններին, որոնք ընթանում էին Ռուսաստանի ԱԳՆ եւ պաշտպանութեան նախարարութեան, ապա եւ ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ի միջնորդութեամբ։ 2004-2007 թուականներին մասնակցել է ԼՂՀ Անվտանգութեան խորհրդի տեղեկատուական անվտանգութեան հարցերով միջգերատեսչական յանձնաժողովի աշխատանքներին։

2008 թուականին հիմնադրել եւ մինչեւ 2017 թուականին ղեկավարել է Արցախի արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով հանրային խորհուրդը։ 2014 թուականին ընտրուել է «Civilitas» հիմնադրամի տնօրէնների խորհրդի անդամ։ 2016 թուականի դեկտեմբերին Արցախի Հանրապետութեան Նախագահի հրամանագրով նշանակուել է յատուկ յանձնարարութիւնով դեսպան։ 2017 թուականի սեպտեմբերի 25-ից նշանակուել է ԱՀ արտաքին գործերի նախարար: Մասիս Մայիլեանը «Ղարաբաղեան խաղաղ գործընթաց․ հայեացք Արցախից» գրքի, ինչպէս նաեւ ազրպէյճանա-ղարաբաղեան եւ այլ հակամարտութիւնների, հայ-թուրքական յարաբերութիւնների, կովկասեան տարածաշրջանի խնդիրների վերաբերեալ բազմաթիւ հետազօտական յօդուածների եւ վերլուծական զեկոյցների հեղինակ է:

 

– Պարոն Մայիլեան, շնորհակալ եմ հարցազրոյցի խնդրանքը չմերժելու համար: Արցախում մարտի 31-ին ընտրութիւններ են: Քարոզարշաւը մեկնարկել է: Նախ կ՛ուզէի իմանալ ինչպէ՞ս է անցնում քարոզարշաւը:

– Առաւելագոյնս յագեցած ժամանակացոյց ունենք՝ հանդիպումներ քաղաքներում ու գիւղերում, ընթացս նախընտրական շտապերի ձեւաւորում եւ աշխատանքի արդիւնաւէտացում, հարցազրոյցներ, ելոյթներ Արցախի հանրային հեռուստատեսութեամբ եւ այլ լրատուամիջոցներում, աշխատանք ամենատարբեր փաստաթղթերի ու քարոզչանիւթերի վրայ։ Ազատ ժամանակ գրեթէ չի լինում։ Բայց, այնուամենայնիւ, հասցնում ենք ամենակարեւորն անել։

Քարոզարշաւի ժամանակ հանգամանօրէն ընտրողներին ենք ներկայացնում իմ՝ որպէս նախագահի թեկնածուի եւ իմ քաղաքական յենարանը հանդիսացող «Նոր Արցախ» նախընտրական դաշինքի ծրագրերի առանցքային դրոյթներն ու արմատական բարեփոխումների մեր հայեցակարգը։

 

– Ձեզ այս հարցը հաւանաբար շատ են տուել: Ո՞րն էր նախագահի թեկնածու առաջադրուելու հիմնական նպատակը:

– Վստահ եմ, որ եկել է համազգային օրակարգի, ինչպէս նաեւ Արցախում արմատական բարեփոխումների ծրագրերի իրականացման շուրջ հանրութեան առողջ ուժերի լայն համախմբմանն ուղղուած աշխուժ ու վճռական քայլերի ժամանակը։ Բարեփոխումների արդիւնքում մենք համատեղ ուժերով կապահովենք մեր երկրի անվտանգ, բարեկեցիկ, յուսալի, արդար, քաղաքակիրթ եւ ժողովրդավարական ապագան, մի խօսքով՝ կկերտենք մեր Նոր Արցախը։

Հենց սա է իմ՝ որպէս նախագահի թեկնածուի եւ մեր քաղաքական խումբի նպատակը։

 

– Ձեր կարծիքն եմ խնդրում այս ընտրութիւնների դերի ու նշանակութեան վերաբերեալ: Ինչպիսի՞ ազդեցութիւն այն կ՛ունենայ երկրի ներքին ու արտաքին մարտահրաւէրներին դիմագրաւելու տեսանկիւնից:

– Քանիցս առիթ եմ ունեցել ասելու, որ ներկայումս պայքար է հնի ու նորի միջեւ։ Հին ու նոր ասելով մենք հասկանում ենք հին ու նոր համակարգ։ Մեր հանրութեան առջեւ նոր մարտահրաւէրներ են ծառացել, որոնց չի կարող դիմակայել գործող համակարգը։ Համակարգի արդիականացման խնդիր կայ, մինչդեռ գործող համակարգի ներսում ոչ բարեփոխման ներուժ կայ, ոչ էլ, մեծ հաշուով, ցանկութիւն։ Արդիականացումն իրականացուելու է ոչ միայն նոր ուժերի ու նոր մարդկանց միջոցով, այլեւ պետական կառավարման համակարգի միջին օղակներում առկայ արհեստավարժ եւ առաջադէմ աշխատողների ներգրաւմամբ։ Այսինքն՝ մենք ուզում ենք համակարգի խաղի կանոնները փոխել։

Սա օրուայ հրամայականն է, եւ այլեւս յապաղել չի կարելի։ Օրըստօրէ նոր ու աւելի լուրջ մարտահրաւէրներ են ծագում մեր երկրի ու ժողովրդի առջեւ։ Այդ մարտահրաւէրների որակն ու իշխանութեան ներկայիս որակը համարժէք չեն։ Արդիական ու մրցունակ պետական կառավարման համակարգ պիտի ձեւաւորի, որպէսզի ոչ միայն կարողանանք դիմակայել մարտահրաւէրներին, այլեւ փոփոխուող աշխարհի փոփոխուող հնարաւորութիւններն ըստ ամենայնի օգտագործենք եւ ի սպաս դնենք մեր երկրի զարգացմանը։

– Ի՞նչ քաղաքական ուժեր են Ձեզ սատարում:

– Երեք քաղաքական ուժեր՝ «Արցախի Ռամկավար ազատական», «Ինքնութիւն եւ միասնութիւն» եւ «Վաղուայ Արցախ» կուսակցութիւնները ձեւաւորել են «Նոր Արցախ» նախընտրական դաշինք ու հանդիսանում են իմ քաղաքական յենարանը, եւս երեք կուսակցութիւններ ու մէկ քաղաքացիական երիտասարդական նախաձեռնութիւն՝ «Հաւասար հնարաւորութիւնների հայրենիք», աջակցում են ինձ նախագահական ընտրութիւններում, ու մեզ է միացել հանրածանօթ մէկ այլ կուսակցական առաջնորդ։ Աջակցութիւն կայ հանրութեան ամենալայն շրջանակներում։

 

– Առաջին անգամն է, որ Արցախում կայանալիք ընտրութիւններում այսքան մեծ թուով թեկնածուներ են առաջադրուել: Ինչո՞վ էք դա պայմանաւորում: Արդեօ՞ք դա ժողովրդավարութեան ուղիղ դրսեւորում է: Կապու՞մ էք դա Հայաստանում տեղի ունեցած ու ունեցող քաղաքական գործընթացների հետ:

– Արցախում նախընտրական յագեցած վիճակ է, որը ոմանց տագնապեցնում է, ոմանք էլ միտումնաւոր կերպով իրավիճակը ներկայացնում են որպէս ազգի պառակտում։ Մինչդեռ այսպիսի յագեցած մրցակցային պայքար լինում է երկրների մեծ մասում, եւ արտառոց ոչինչ չկայ։ Այո, Հայաստանի թաւշեայ յեղափոխութեամբ պայմանաւորուած քաղաքական նոր, աւելի ազատական մթնոլորտում աւելի շատ քաղաքական ուժեր են մասնակցում ընտրութիւններին, ինչն էլ աւելի է ուժեղացրել մրցակցութիւնը։ Ամեն դէպքում սա դրական երեւոյթ է, որը խթանելու է թէ՛ արցախեան քաղաքական դաշտի կայացումը եւ թէ ընտրութիւնների մշակոյթի զարգացումը։ Բայց ամենակարեւորն այն է, որ ընտրութիւնները կանխորոշուած չեն, եւ աննախադէպ մեծացել են ընտրական գործընթացի հանրային վերահսկողութեան ներուժը։

– Հնարաւոր համարու՞մ էք ընտրութիւնների երկրորդ փուլի անցկացումը: Եթէ այո, ապա, ովքե՞ր կը միանան Ձեզ:

– Վերջին զարգացումները եւ իմ աջակցութեան շրջանակների աննախադէպ ընդլայնումը հիմք է տալիս կարծելու, որ Արցախի յաջորդ նախագահի հարցը կը լուծուի մարտի 31-ին՝ առանց երկրորդ փուլի։ Ամեն դէպքում, պատրաստ ենք իրադարձութիւնների զարգացման բոլոր տարբերակներին, առաւել եւս, որ աջակցութեան շրջանակներն աւելի ընդլայնելու լուրջ ներուժ կայ։

– Դուք մշտապէս եղել էք անկուսակցական: Ընտրութիւններից յետոյ կուսակցութիւն ունենալու ծրագիր ունէ՞ք, որպէս քաղաքական աւելի ամուր յենարան:

– Նախընտրում եմ պահպանել իմ վերկուսակցական կեցուածքը, ինչ վերաբերում է ապագայ խորհրդարանում իմ քաղաքական յենարանին, ապա «Նոր Արցախ» դաշինքի եւ դաշնակից ուժերի հիման վրայ կը ձեւաւորուի լայն դաշնակցութիւն (coalition), որն էլ կը հանդիսանայ իմ ամուր քաղաքական յենարանը, ինչն էլ թոյլ կու տայ յաջողութեամբ ու առաւելագոյն արդիւնաւէտութեամբ իրականացնել իմ ու դաշնակից ուժերի նախընտրական ծրագրերի հիմնադրոյթները եւ կեանքի կոչել արմատական բարեփոխումների մեր հայեցակարգը։

– Պարոն Մայիլեան, Դուք նախագահի թեկնածութիւն առաջադրելու փորձ ունեցել էք 2007 թուականին:  Այդ տարիներին եւ հիմա քաղաքական առումով փոփոխութիւններ կան: Ի՞նչ տարբերութիւն էք նկատում, թէ՛ քարոզարշաւի, թէ՛ ընտրապայքարի, թէ՛ մարդկանց տրամադրուածութեան առումով:

– 2007-ին եւ մինչեւ այդ այլընտրանք ներկայացնող ցանկացած թեկնածու բախւում էր միանգամից երկու համակարգային-վարչական ներուժի կիրառման՝ Արցախի ու Հայաստանի, ինչն էլ փաստացի կանխորոշում էր ընտրութիւնները յօգուտ իշխանութեան թեկնածուի։ Նաեւ ընտրողների մօտ հոգեբանական բարդոյթ էր ձեւաւորւում վարչական այս երկկողմանի ազդեցութիւնից։ Մարդիկ մտածում էին, որ այլընտրանքային թեկնածուն չի կարողանայ իր՝ թէկուզ ամենալաւը հանդիսացող ծրագիրն իրականացնել։

Հիմա, ինչպէս ընդունուած է ասել, իրավիճակ է փոխուել եւ բացառիկ առիթ կայ, որպէսզի արցախցին կատարի իր ազնիւ ու գիտակից ընտրութիւնը։

– Այն ժամանակ Դուք Ձեր հարցազրոյցներից մէկում նշել էիք, որ արցախցիներին այլընտրանք էք առաջարկում: Ո՞րն էր այդ այլընտրանքն 2007-ին եւ ո՞րն է այլընտրանքը 2020-ին:

– Մեծ հաշուով այլընտրանքը նոյնն է՝ իշխանութեան եւ պետականութեան նոր որակ, պետական կառավարման արդիականացուած համակարգ, ընկերային արդարութեան եւ իրաւահաւասարութեան մթնոլորտի ձեւաւորում, ինչը թոյլ կու տայ յաջողութեամբ դիմակայել ներքին ու արտաքին մարտահրաւէրներին։

– Վերջին հարցազրոյցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Արցախի ընտրութիւնների վերաբերեալ յայտարարութիւններ արեց եւ արցախցիներին յորդորեց չքուէարկել այն թեկնածուի օգտին, ով դէմ է ՀՀ իշխանութիւններին: Ինչպէ՞ս էք վերաբերւում նման միջամտութիւններին: Արդեօ՞ք դա Արցախի համար օգտակար է:

– Ես գտնում եմ, որ Հայաստանում ու Արցախում չեն կարող տարբեր արժեհամակարգեր լինել։ Այո, Արցախում կան ուժեր, որոնք դէմ են հայաստանեան ներկայիս արժեհամակարգին եւ շատ կոշտ հռետորաբանութիւն են կիրառում ՀՀ նոր իշխանութիւնների նկատմամբ եւ փորձում անվստահութեան մթնոլորտ ձեւաւորել ընդհանուր առմամբ Հայաստանի նկատմամբ, ինչը վտանգաւոր միտում է։

Սակայն արցախցիների ողջամտութիւնը բաւարար ներուժ ունի չէզոքացնելու նման միտումները։ Դրանք անհեռանկարային միտումներ են։ Ոմանք չեն ուզում հասկանալ, որ դարաշրջան է փոխուել։ Հայաստանի նոր իշխանութիւնների հետ դիմակայութիւնը կործանարար կարող է լինել, եւ սա հասկանում են մարդիկ։

 

Զրուցեց՝ ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

 

 

 

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին