Սիրելի հայրենակիցներ,
Փետրուարի 21-ը եւ ԵՈՒՆԵՍՔՕ-ի, եւ Հայոց պետութեան կողմից հռչակուած է Մայրենի լեզուի օր:
Սիրով, ջերմութեամբ շնորհաւորում ենք այս ոգեղէն, այս ազգային տօնի կապակցութեամբ եւ մաղթում յաւերժութիւն մեր ոսկեղէնիկին, որի շնորհիւ 1600 տարուց աւելի մեր դարերը հայերէն դարձան:
Սուրբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց մեր անպարտ հոգեւոր զէնքը, որի այբուբենի իւրաքանչիւր տառ անպարտ զինուոր է, որն անցել են փոթորիկների, արհաւիրքների, պատերազմների, կորուստների ու վերելքների միջով եւ հասել 21-րդ դար, եւ մենք պարտաւոր ենք անաղարտ պահել այն՝ սովորել, օգտագործել, պարտաւոր ենք մեր լեզուն տարածել, զարգացնել եւ փոխանցել սերնդէսերունդ:
Մեր մայրենին մեր ազգի գոյութեան, մեր ինքնութեան հիմքն է՝ թէ Հայաստանում, թէ Սփիւռքում:
Պահպանենք, սրբագործենք հայոց լեզուն՝ որպէս ազգի յաւերժութեան ու ամբողջութեան երաշխաւորի։
Եւ ինչպէս բանաձեւել են մեր մեծերը՝ Հայ լեզուն Հայաստանն է, Հայ լեզուն անհայրենիք հայի Հայրենիքն է:
Ուրեմն սիրենք եւ սրբացնենք մեր լեզուն:
Շնորհաւոր բոլորիս տօնը:
ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹԻՒՆ