Մանուկեան գերդաստանի անդամներին,
ՀԲԸՄ նախագահ պ. Պերճ Սեդրակեանին,
Բարեգործականի ընտանիքի բոլոր անդամներին
Խոր ցաւով տեղեկացայ ազգային յայտնի բարերար, հայ ժողովրդի պայծառ դուստր Լուիզ Սիմոն Մանուկեանի մահուան մասին: Ընդունէք, խնդրեմ, իմ խորին ցաւակցութիւնները այս ծանր կորստեան առթիւ:
Նրա մահը մեծ կորուստ էր ոչ միայն իր ընտանիքի, բարեգործական մեծ համայնքի, այլեւ ողջ հայ ժողովրդի համար:
Ալեք Մանուկեանի ընտանիքը մօտ մէկ դար անջնջելի հետք է թողել հայոց պատմութեան հոլովոյթում՝ դառնալով հայկական սփիւռքը կազմակերպող, առաջ մղող հզօր ուժերից մէկը:
Լուիզը իր փառաւոր հօրից սովորեց բարութեան արուեստը, որը յատուկ է միայն ընտրեալ մարդկանց։ Նա ողջ կեանքում իր շուրջ սփռեց բարին ու մարդկայինը, իսկ բարի գործը անկշռելի է ու անչափելի: Նա տասնամեակից աւելին ղեկավարեց ՀԲԸՄ-ը, ղեկավարուեց «ժողովրդի շահը, ազգային շահը վեր է ամէնից» սկզբունքով եւ իր գործունէութեամբ փորձեց աւելացնել հայկական աշխարհում սէրն ու ջերմութիւնը, չխնայեց միջոցներ դպրոցներին, մշակութային կենտրոններին, գիտական հաստատութիւններին, անօգնականներին ու երեխաներին օգտակար լինելու համար:
ՀԲԸՄ շրջանակներում մտահոգուեց Հայրենիքի ճակատագրով, անկախացումից յետոյ աջակցեց, որպէսզի կառուցուի մեր երազանքների Հայաստանը:
Շարունակեց Ալեք Մանուկեանի գործը՝ իրականացնելով Հայրենիքի տնտեսութեան, մշակոյթի, սոցիալական, առողջապահութեան, կրթութեան, հոգեւոր բնագաւառների խնդիրներին աջակից լինելու առաքելութիւնը:
Նրա նախաձեռնութեամբ առաջին համահայկական կառոյցը, որը հիմնաւորապէս հաստատուեց Հայաստանում` Բարեգործականն էր: Անասելի խանդավառութիւն ու ոգեւորութիւն առաջացրեց նաեւ Միութեան համաժողովների գումարումը Հայրենիքում:
Լուիզը նուիրուած մնաց մանուկեանական հաւատամքին եւ միշտ եղաւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողքին։
Բարեգործականն ունեցել է, յիրաւի, պատմական առաքելութիւն։
Խորին երախտագիտութեան եւ շնորհակալութեան են արժանի նրա կատարած եւ կատարուող բարոյական, քաղաքական, մշակութային, դաստիարակչական, հայապահպան պատմական նշանակութիւն ունեցող գործերը, որոնք շարունակուում են մինչ օրս ե՛ւ Հայրենիքում, ե՛ւ Սփիւռքում:
Թող մեր սիրելի քոյրը հանգչի խաղաղութեամբ, եւ թող նրա հոգին իր հանգստութիւնը գտնի դրախտի անդաստանում, քանզի Լուիզ Սիմոն Մանուկեան հայուհու կատարած գործերը ազգային են եւ բարեսիրական, մնայուն են եւ գնահատանքի արժանի:
Եւ այս դժուար պահին ուզում եմ երախտապարտ լինել Ձեր բոլոր գործերի համար եւ բերել մեր հոգու եւ սրտի խոնարհումն ու խնկարկումը:
«Օգնութիւն պարգեւող ձեռքերը աղօթող շուրթերից սուրբ են»․․․
Ափսոս, հազար ափսոս…
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի․․․
Ցաւով՝
Հրանուշ Յակոբեան