«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Սոչիում այսօր` հոկտեմբերի 10-ին, կկայանա ԱՊՀ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստը: Մասնակցելու է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում կմեկնարկի «Եվրասիական տնտեսական միությունում տեխնիկական կանոնակարգման համակարգը» խորագրով համաժողովը։ Երկօրյա համաժողովը կազմակերպել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:
Ամփոփիչ ասուլիսով հանդես կգա ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նա կներկայացնի վերջին մեկ տարվա աշխատանքների արդյունքները:
Աշխարհահռչակ դերասան Ջոն Մակլովիչը կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր թանգարան: Նա ծաղիկներ կխոնարհի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։
Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավոր Դանիել Կազարյանը: Նա հանդես կգա մամուլի ասուլիսով, կանդրադառնա հայաստանյան հանդիպումներին, հայ-ֆրանսիական հարաբերություններին, Ֆրանսիայում հայ համայնքի օրակարգային հարցերին:
Նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգում սպասվում են բարեփոխումներ: ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթութան վարչության պետ Արտակ Աղբալյանը կներկայացնի մանրամասներ սպասվող բարեփոխումների մասին:
Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Արեգա Հակոբյանը, ԵրՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ Արմեն Մելիք-Փաշայանը, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը կանդրադառնան օրվա խորհրդին, հիվանդացության վիճակագրությանը:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ Արևմտյան Հայաստանին և Կիլիկիային նվիրված հուշամատյանների շարքի 14 հատորների շնորհանդեսը: Այն կազմակերպվում է ՀՀ սփյուռքի նախարարության օժանդակությամբ:
«Էրեբունի-Երևան 2799» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 14-17-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է օդագնացության միջազգային փառատոն: Լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի մանրամասները կներկայացնեն Երևանի քաղաքապետարանի գովազդի և արտաքին ձևավորման վարչության պետ Արազ Բաղդասարյանը և «Skyball» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հյուրընկալելու է Լոնդոնից ժամանած ա.գ.թ., արվեստաբան Յոլանդ Քրոյին, ով կներկայացնի դասախոսություն՝ նվիրված Կոմիտասի ծննդավայր Կուտինայի հայ վարպետներին և 18-րդ դարի հախճապակուն։ Հանդիպումը բացառիկ է նրանով, որ այսօր Կուտինայի հախճապակին աշխարհում ներկայացվում է որպես թուրքական ծագում ունեցող. մինչդեռ Լոնդոնից ժամանած հեղինակավոր գիտնականը Հայաստանում ևս մեկ անգամ փաստելու է, որ այն հայկական է:
Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շքասրահում տեղի կունենա Մհեր Իսրայելյանի «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա» ժողովածուի շնորհանդեսը: Մհեր Իսրայելյանի ժողովածուի պատմվածքները ստեղծվել են հուշերի ու երևակայության հիման վրա, քառորդդարյա տիրույթում:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:






