«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Պատրաստ է Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերաարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2018 թվականի տարեկան ծրագիրը: Այն կքննարկվի այսօր` սեպտեմբերի 28-ին, կայանալիք ՀՀ կառավարության նիստում:
Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Նա կներկայացնի վերջին մեկ տարվա աշխատանքների արդյունքները:
Երևանում կանցկացվի «Դատական իշխանությունը Հայաստանի սահմանադրաիրավական զարգացումների լույսի ներքո» թեմայով համաժողով: Զեկույցներով հանդես կգան ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և այլք:
Հայ և հնդիկ գործարարները կզարգացնեն համագործակցությունը: Երևանում սպասվող հայ-հնդկական գործարար համաժողովին կմասնակցեն Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակյանը, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգենդրա Սանգուանը, Հնդկաստանի արդյունաբերական ասոցիացիայի գլխավոր տնօրեն Շրիքումար Նաիրը, պաշտոնյաներ և շուրջ 50 գործարարներ՝ երկու երկրներից։
Կանցկացվի Օդային երթևեկության կազմակերպման սիմպոզիում՝ նվիրված «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության հիմնադրման 20-ամյակին: Սիմպոզիումին կմասնակցեն ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ տնօրեն Արթուր Գասպարյանը, ինչպես նաև՝ ԻԿԱՕ-ի արևելյան անդամ-պետությունների, հայտնի ավիացիոն միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան, Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն կընդունի Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին: Այս տարեկան հանդիպման կապակցությամբ դեսպանը կհայտարարի «ՀՖՀՀ-ի շրջանավարտների ասոցիացիայի» պաշտոնական բացումը: Ասոցիացիայի նպատակն է կազմակերպել ՀՖՀՀ-ի շրջանավարտների ցանցի աշխատանքները «France Alumni» հարթակի հետ համատեղ:
Սեպտեմբերի 28-ը Անվտանգ և օրինական աբորտների ընդունման միջազգային օրն է:ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը կանդրադառնա թեմային` ներկայացնելով վերջին տարիների միտումները:
Ուխտագնացություն դեպի Տավուշ. սեպտեմբերի 30-ին Տավուշի Նոր Վարագավանքում հանդիսավորությամբ կնշվի Վարագա Սուրբ խաչի տոնը: Տոնին ընդառաջ «Տավուշ» հայրենակցական միության փոխնախագահ, պրոֆեսոր Լավրենտի Միրզոյանը լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնի մանրամասներ:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում