2006 թ. ծնված երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեպքը տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերի 5-ին` ժամը 12:30-ին. Երևանի Աճառյան փողոցում բախվել են «Օպել», «Համեր» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 2006թ. ծնված Լ.Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և երկու ուղևորները՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վթարի պատճառ է դարձել չորրորդ ավտոմեքենան: Մասնավորապես՝ Երևանի Աճառյան փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան հետադարձ կատարելիս խոչընդոտել է «Համեր» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությանը, ստեղծել է վթարային իրավիճակ, իսկ վերջինիս վարորդը ժամանակին չի արգելակել և դիմելով կտրուկ մանևրման՝ մուտք է գործել հանդիպակաց գոտի՝ բախվելով «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին։ Վթարի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 2006թ. ծնված աղջիկը տեղում մահացել է: Իսկ «Հոնդա » մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով հանդիսանում է ԱԻՆ-ի աշխատակից, թողել է դեպքի վայրը և հեռացել:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ԱԻՆ-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով, իսկ «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նկատի ունենալով մեղադրյալներից մեկի՝ ԱԻՆ-ի աշխատակից լինելու հանգամանքը՝ որոշում է կայացվել՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: