Նկատի առնելով հայրենի տաղանդաշատ արուեստագէտ նկարիչ Վահան Ռումէլեանի գեղարուեստական ոճը եւ մեր ընթերցողներուն ծանօթացնելու համար իր գեղարուեստական մօտեցումները, ստորեւ կը ներկայացնենք իր հետ «Զարթօնք»ի կողմէ կատարուած սոյն հարցազրոյցը։
«Խմբ.»
Հարցում- Արուեստի գիտակները ձեզ կը համարեն վերացական ոճի հայ լաւագոյն գեղանկարիչներէն մէկը: Ձեզի կը ճանչնան ու կը գնահատեն նաեւ Լիբանանի մէջ: Արուեստի մէջ ի՞նչ է ձեր ոգեշնչումի աղբիւրը:
Պատասխան-Արուեստում ինձ ոգեշնչման աղբիւր է հանդիսանում ազատութիւնը եւ անկաշկանդուածութիւնը, քայլը դէպի անբացատրելին: Վերացական արուեստը թոյլ է տալիս ազատուել ընդունուած ձեւերից եւ տոկմաներից, փոխել արուեստի շնչառական ռիթմը` փոխելով ինքներս մեզ: Արուեստը թոյլ է տալիս ծառայել բարձր նպատակների, որտեղ պարտականութիւնները կոնկրետ են, բարձր եւ սուրբ:
Հ- Նաեւ զբաղա՞ծ էք պատկերաւոր նկարչութեամբ եւ ինչպէ՞ս կը վերաբերիք արուեստի այլ ուղղութիւններուն:
Պ- Արուեստում ընդունում եմ բոլոր ուղղութիւնները (ոճերը), եթէ դրանք նորարարութիւն են եւ արուած են անկեղծ ու յստակ: Նրանում ոճերը տարբեր են, ինչպէս աշխարհագրական չորս ուղղութիւնները, որտեղ բոլորն էլ սկիզբ են առնում նոյն կէտից…։ Վերացական արուեստով զբաղուելու համար պէտք է պարտադիր դպրոց անցնել եւ ուսումնասիրել մեծ վարպետների արուեստը, որը կարծում եմ ես արել եմ ու անում եմ: Արուեստի այս տեսակով զբաղուելու համար պէտք է լինել համարձակ եւ շատ ուժեղ անհատականութիւն, ով գործ ունի հոգեւորի հետ:
Հ- Երկար ժամանակէ ի վեր կը համագործակցիք «Արամէ» պատկերասրահին հետ, որ կը ներկայացնէ ձեր աշխատանքները ինչպէս Հայրենիքի, այնպէս ալ եւրոպական երկիրներու եւ Լիբանանի մէջ: Ինչպէ՞ս կ’ընթանայ ձեր համատեղ աշխատանքը եւ ի՞նչ ծրագիրներ ունիք ապագային:
Պ- Մեծ յարգանքով եմ վերաբերւում ‹‹Արամէ›› պատկերասրահին եւ իր աշխատակազմին, ով ներկայացնում է իմ եւ այլ արուեստագէտների ստեղծագործութիւնները արուեստի միջազգային շուկայում, ինչպէս նաեւ Լիբանանում եւ Արաբական աշխարհում: Ես վստահ կարող եմ ասել, որ հպարտ եմ, քանի որ աշխատում եմ «Արամէ» պատկերասրահի հետ: Այսօր այն արդիւնաւէտ գործող պատկերասրահ է, որ կարողանում է աշխատել հայ արուեստագէտների հետ եւ նրանց ստեղծագործութիւնները ներկայացնել աշխարհում: Ունենք բազում ծրագրեր: Տպագրութեան է պատրաստւում «Արամէ» պատկերասրահի նոր պատկերագիրքը, որտեղ ներկայացուելու են նաեւ իմ աշխատանքները։ Դրան զուգահեռ «Արամէ»ն լոյս է ընծայելու նաեւ իմ անհատական պատկերագիրքը; Իսկ այս տարուայ ամռանը «Արամէ»ն ներկայացնելու է իմ աշխատանքները Պերլինի միջազգային ցուցահանդէսին։ Կ՛ուզենայի նաեւ նշել «Արամէ»ի լիբանանեան մասնաճիւղի արդիւնաւէտ աշխատանքը՝ Միքայէլ Վայէճեանի գլխաւորութեամբ։ 2013 թուից ի վեր ես իմ աշխատանքները վստահում եւ տրամադրում եմ բացառապէս «Արամէ» պատկերասրահին։
Հ- Ձեր կինը՝ Մոքօ Խաչատրեանը եւս ճանչցուած նկարչուհի է: Նոյն մասնագիտութիւնը ունենալու հանգամանքը կ’օգնէ՞, թէ կը խանգարէ ընտանեկան յարաբերութիւններու մէջ: Կը պատահի՞ արդեօք, որ քննադատէք միմեանց գործերը, կամ հակադիր կարծիքներ ունենաք կերպարուեստի հիմնախնդիրներու վերաբերեալ:
Պ- Մեր միասնութիւնը նման է աթոմի միջուկի, որում դրական լիցքաւորուած փրոթոնները վանւում են իրարից կուլոնեան ուժերով, բայց կապուած են միջուկային ուժերով: Ինչպէս միւս բոլոր գիտական յայտնագործութիւնները ծնւում են բախումներից եւ վիճաբանութիւններից, այնպէս էլ Մոքոյի եւ իմ արուեստի մասին վէճերից ծնւում են նոր մտքեր եւ գաղափարներ: Դա նման է տիեզերքում երկու տարբեր աստղերի բախումի, որից էլ ծնւում է մէկ ուրիշ` երրորդ աստղ…։