*ՆԵԺԻ ՆԱԱՄԱՆ*
(Լիբանան)
Տողացիից թարգմանութիւնը` ԲԱԲԿԷՆ ՍԻՄՈՆԵԱՆԻ
«Ազգ»
Երբ անթիւ դարձան մեղքերս բազում`
Ուխտի գնացի Սուրբ Էջմիածին,
Հայոց աշխարհի խոտ ու ծաղիկից եփուած միւռոնով
Օծուեցի մէկէն,
Մեղքերս անցան ակնթարթօրէն…
Երբ անցան ճահել օրերս անդարձ,
Երբ ճերմակ մի քօղ իջաւ մազերիս
Գեղարդաւանքի սառնորակ ջրից խմեցի մի կում
Ու վեր յառնեցի…
Ասես ինձ թուաց,
Թէ շատ բաներ եմ նուաճել կեանքում,
Մէկէն խենթացայ,
Ուզեցի հպուել Սուրբ Լուսաւորիչ Գրիգորի Աջին`
Վանքում Խոր Վիրապի,
Ուզեցի դառնալ արարող թանաք`
Մեծն Մաշտոցի փետուրէ գրչին
Եւ գրաբարով սաղմոսներ երկնել,
Տաղ ու շարական…
Ուզեցի դառնալ զօրաւոր մի թուր
Հզօր բռունցքում մեծն Վարդանի
Եւ մարտիրոսուել սրբազան դաշտում Աւարայր կոչուող`
Դառնալ նահատակ:
Ախ, երանի թէ աւելի խորը ես թափանցէի
Հայաստան երկրի ընդերքը քարէ,
Ընդերքը լոյսի եւ արհեստների,
Յոյսի, սրբութեան ու խիզախութեան…
Մտքով շրջէի շարունակաբար,
Մինչ կը հպուէին ոտքերս Հայոց հինաւուրց հողին…
Երակներովս անբացատրելի մի թրթիռ անցաւ`
Ու ես հասկացայ` այսօր Երեւան ու Ստեփանակերտ,
Վաղը կը լինեն հայոց հինաւուրց ուրիշ քաղաքներ`
Ոստաններ գրի, գրականութեան ու արուեստների,
Որոնց լուսաշող դափնեպսակը վեհ Արարատն է`
Անմեռ խորհուրդը անաղարտութեան ու հպարտութեան,
Հաւատի, յոյսի, նահատակութեան`
Աշխարհում դեսպան մի ժողովրդի`
Մորթուած, մարտիրոս…
Ու ես հասկացայ, որ կարիքը չունեմ ոչ մի անցագրի,
Որով ինձ պիտի հայազգի կոչեմ,
Ես քրիստոնեայ եմ,
Իմ Եկեղեցին պահպանում է ինձ իր տաքուկ գրկում,
Եւ իմ` նուաստիս խիղճը մարդկային ստիպում է ինձ
Պաշտպանը լինել Հայոց սուրբ Դատի,
Եւ դրա համար նահատակաց հետ գոչում եմ անվերջ
Ես հա՛յ եմ, հա՛յ եմ` զաւակն այս ազգի: