*ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ*
Պէյրութից մի քանի տասնեակ քիլոմեթր դէպի հիւսիս գտնուող Ճունի քաղաքը, իմ՝ յաճախ Լիբանան այցելող հայաստանցուս համար եղել է ծով գնալու յարմար վայր: Միջերկրականի ջուրը եւ լողափը այստեղ համեմատաբար մաքուր է, քաղաքի բնակչութիւնը գերազանցապէս արաբ քրիստոնեաներ են: Ճունին գողտրիկ բնակավայր է, որտեղ կողք կողքի ապրում են հինն ու նորը: Երկյարկանի կղմինտրէ տանիքներով ծածկուած տների հարեւանութեամբ, վեր են խոյանում բարձրայարկերը: Նեղ բայց քայլելու յարմար փողոցների վրայ բաց սրճարաններ են: Յուլիսի 21-ի շոգ ու խոնաւ կէսօրին լիբանանահայ Գրիգոր Տաքեսեանի հետ Ճունի էինք գնում հանդիպելու մի մարդու, որին չէի ճանաչում, սակայն լսել էի, որ հայերի մասին գրքեր է հրատարակում:
Այդ մարդու անունը Նաժի Նաաման է՝ գրող, հրատարակիչ եւ բազմազգ մշակոյթը տարածող մտաւորական: Հանդիպումից օրեր առաջ Տաքեսեանը ինձ նուիրել էր Նաամանի գրքերից մէկը՝ հաւանաբար ամէնից հաստափորը՝ «Հարիւր … եւ շարունակւում է Ցեղասպանութիւնը»: 500 էջանոց այս գիրքը արաբերէն է, սակայն բովանդակութիւնը հասկանալի է, եթէ արաբերէն տառ ու բառ անգամ չգիտես:
Ընդարձակ առաջաբանից յետոյ Նաամանը գրքում ներկայացրել է՝ Հայոց Ցեղասպանութեան մասին ոչ հայ նշանաւոր գործիչների վկայութիւններն ու մէջբերումները: Եթէ այդ գործիչը ֆրանսիացի է, ապա մէջբերումը արուած է ֆրանսերէնով, իսկ յետոյ տրուած է արաբերէն թարգմանութիւնը:
Հատորում առաջինը հանդիպում է Միացեալ Նահանգների գործող նախագահ Պարաք Օպաման: Նրանից ներկայացուել է մի քանի մէջբերում, այդ թւում, երբ Օպաման սենաթոր էր: Գրքում ներառուել են հարիւրաւոր հանրաճանաչ մարդիկ, որոնց շարքում Ժորժ Քլեմանսոն, Եասէր Արաֆաթը, Կամալ Ապտել Նասէրը, Ռոնալտ Ռեյկանը, Ճեմալ փաշան ու նրա թոռ Հասան Ճեմալը, Վալերի Պրիւսովը, Նիքոլայ Սարքոզին, Օրհան Փամուքը, Թաներ Աքչամը, Հռոմի Պապ Յովհաննէս-Պօղոս երկրորդը, Մարիա Ճաքոպսոնը՝ «մամա»-ն, Արմին Վեկները եւ այլ նշանաւոր անուններ:
Այս գիրքը հանրամատչելի է, ունի նաեւ հանրագիտարանային նշանակութիւն, քանի որ ամփոփում է Հայոց Ցեղասպանութեան մասին ոչ հայ նշանաւոր գործիչների գրեթէ բոլոր վկայութիւնները: 100-ամեակի տարում լոյս տեսած այս հատորը՝ «Հարիւր… եւ շարունակւում է Ցեղասպանութիւնը», կարեւոր ներդրում է Հայոց Մեծ Եղեռնի մասին արաբական աշխարհին՝ նոր սերնդին իրազեկելու տեսանկիւնից:
Նաժի Նաամանը հայութեան եւ հայկական աշխարհի մասին նախկինում այլ գրքեր էլ է հրատարակել, այդ թւում Գէորգ ծայրագոյն վարդապետ Եղիայեանի «Օրեր եւ տեսիլներ», Իգնատիոս Մալոյեանի «Մարդը, նահատակը եւ երանելին», «Քրիստոնեաները արեւելքի թթխմորն ու գինին» հատորները:
Նաամանի ճաշակով ձեւաւորած գրասենեակը Հայ կաթոլիկ եկեղեցու՝ Զմմառի միաբանութեանը պատկանող շէնքերից մէկի երկրորդ յարկում է: Նրա հետ կարճ զրոյցից յետոյ համոզւում ես, որ այս մարդը ծնուել է գրքեր հրատարակելու եւ դրանք անվճար բաժանելու, ժողովուրդների մշակոյթը տարածելու համար: Նրա ստեղծած ոչ կառավարական կազմակերպութիւնը, որ շահոյթ չի հետապնդում, կրում է «Նաժի Նաամանի անվճար մշակոյթի հիմնադրամ» անունը: Նաամանի նշանաբաններից է՝ «Մշակոյթը չի կարող գնուել կամ վաճառուել», նաեւ «Ազատ եւ բաց մշակոյթը խաղաղութիւն է կերտում»:
Դէպի Միջերկրականը նայող գրասենեակի սենեակներից մէկը Նաամանը նուիրել է ծնողներին: Նրա հայրը եղել է բանաստեղծ, թարգմանիչ, իսկ մայրը` գրականութեան գիտակ: Մէկ այլ սենեակ յատկացուել է այն գրողներին ու հեղինակներին, ովքեր Նաամանին են փոխանցում իրենց հրատարակած բոլոր գրքերը՝ ամբողջական հաւաքածուն: Գրասենեակի ամենամեծ հատուածում՝ ընդունարանում, կազմակերպւում են շաբաթական քննարկումներ, որոնց հրաւիրւում եւ մասնակցում են գրողներ, հրատարակիչներ, դիւանագէտներ, դասախօսներ, լրագրողներ, արուեստի եւ մշակոյթի գործիչներ: «Չորեքշաբթի» անունը կրող այս բաց երկխօսութեան ընթացքում ծնւում են նոր գաղափարներ ու մտայղացումներ:
Նաամանը հեղինակել եւ հրատարակել է տասնեակ անուն հատորներ բազմաթիւ լեզուներով, այդ թւում հայերէն: Նա հրատարակում է գրքեր նշանաւոր մարդկանց, հանրաճանաչ հասարակական եւ մշակութային գործիչների մասին, արաբական գրականութիւն, բառարաններ: Այդ հատորները նա անվճար տրամադրում է բոլոր նրանց, ովքեր հետաքրքրուած են: Նրա գրասենեակի մուտքի մօտ դրուած է մի գրադարակ, որտեղից կարող ես վերցնել գրքերը՝ առանց հարցնելու եւ մտնելու «Նաժի Նաամանի անվճար մշակոյթի հիմնադրամ»-ի գրասենեակ:
2013-ին Նաամանը նախաձեռնել է «Գրողների թանգարան-մատնադրոշմ» ծրագիրը, որի էութիւնը հետեւեալն է. աշխարհի որեւէ գրող կարող է Ա 4 ձեւաչափի թղթի վրայ իր ձեռագրով գրել իր ստեղծագործութիւններից մի փոքրիկ հատուած, դրա տակ դնել իր մատնադրոշմը եւ ուղարկել Նաամանի հիմնադրամ:
Նաժի Նաամանը, ով փոքր տարիքից շփուել է հայերի հետ, երբեք Հայաստանում չի եղել: Մեր զրոյցի ընթացքում նա ասաց, որ այս աշնան պատրաստւում է գալ, տեսնել եւ զգալ քրիստոնեայ Հայաստանը:
Ես եւ Գրիգոր Տաքեսեանը Նաժի Նաամանին հրաժեշտ տուեցինք կրկին հանդիպելու պայմանաւորուածութեամբ՝ Հայաստանում կամ Լիբանանում: Նա մեզ նուիրեց իր հրատարակած հատորներով երեք տրցակ: Այս գրքերից մէկը՝ «Հարիւր… եւ շարունակւում է Ցեղասպանութիւնը» հատորը, այսօր իմ գրասեղանին է եւ տեղ է զբաղեցնելու ընտիր գրքերից կազմուած իմ անձնական փոքրիկ գրադարանում: