Շաբաթ, 12. 10. 2024

spot_img

Անկախութեան Ճամբով Իդեալների Իրականացում

Ռ. ԿՈՐԻՒՆ

Մայր Հայաստանի անկախութիւնը Երկունքով ծնուեց, խանձարուրուեց աչքերը փակ, ականջները անլուր, մարմինը ձիգ, մանկական սիրտն էր բաբախում հազիւ լսւող` թոյլ ու նուազ: Մեր ժողովուրդը երկա~ր տարիներ սպասում էր նրա ծննդեան` անցեալի մաքառումների արդիւնքով սաղմնաւորուած պահանջով` ցոյցերով, բողոքներով և զոհեր նուիրաբերելով: Ազգի ժողովների տանը, ազգի պարագլուխների կողմից, միահամուռ ու միակամ հռչակուեց անկախութեան ծննդեան թուականը, որն էր` 1991 թիւ, Սեպտեմբերի 21, ոնց անում է պատասխանատու բժիշկը մատեանի մէջ դրոշմելով և կնքելով երեխայի աշխարհամուտը: Անկախութեան ծարաւ Մայր Հայաստանի զաւակները բոլոր թէ’ երկրում և թէ’ արտերկրում հանդիսութիւններով ու միջոցառումներով բարձրաձայնեցին յանուր աշխարհի Ծնունդը Հայաստանի Անկախութեան և այսպիսով հիմք դրուեց երրորդ հանրապետութեան, ծածանուեց եռագոյնը` կարմիր, կապոյտ, նարնջագոյն յուրախութիւն ողջ հայութեան:

Դիւրասահ չեղաւ կեանքի ընթացքը մեր նորահրաշ մանուկի` հայոց անկախ հանրապետութեան, իրար յաջորդող ահաւոր դժուարութիւններ դանդաղեցրեցին նրա առողջ առաջընթաց-վերելքը, ինչպէս ասաց` սէրը մինչև չի բոլորում տառապանքներ, նա չի դառնում իսկական բիւրեղեայ սէր: Մեր նոր հանրապետութեան ճամբան անցաւ լեռնային կածաններով արտաքին թշնամի հարևան զոյգ երկրների սադրանքներով նիւթուած: Այդ պուճուր Մայր Հայաստանը` մեր բոլորիս սրտի հատոր լեռնաստանը, ահարկու աղէտների առջև կանգնեց` երկրաշարժ, պարտադրուած պատերազմ, ատրպէյճանից արտաքսուած փախստականների զանգուածային հայ աղէտեալներ, շրջապատուած տնտեսական ճամբաներ, ներքին կառավարման ոչ փորձառու կառավարողներ և այլն: Այս լեռ ծանրութիւնները ու ճնշումները որոշ չափով յաղթահարած մեր դէմ յանդիման է կանգնած Հայաստանի երիտասարդ պետականութիւնը իր քսաներեք տարիների վիճակացոյց տոմարներով:

Հպարտ ենք, որ Հայաստանի հանրապետութիւնը բոլորում է իր քսաներեք տարին, մանուկի, երեխայի վիճակից դուրս եկած դարձել է երիտասարդ, բայց ոչ չափահաս…: Այս տարիների ընթացքում կարևոր ձեռքբերումներ են կատարուել, կարևորագոյնը` հայկական բանակի կազմաւորումը, Արցախի ազատագրումը, պետութեան ամրապնդումը, վարչական և ղեկավարման ինստիտուտների կեանքի կոչում – կայացումը և այլ տեսանելի արդիւնքներ, սակայն եղել, կան, մնում և կատարւում են սխալներ` անլուրջ ուշադրութիւն ազգային ռազմավարութեան գաղափարախօսութեան նկատմամբ, արտագաղթի թոյլատրելի հոսքը, ժողովրդի սոցիալական ցաւալի վիճակը, մեր դարաւոր մշակոյթի և սովորութեանց անգունացումը, արդարադատութեան նուազ ընթացքը այլ և այլ հայրենասէր հայի սիրտը ցաւեցնող և հոգին տանջող թերացումներ:

Յոյսեր ենք փայփայում մեր սրտերում չմոռանալով քննադատումն ու զգուշացումը յանուն մեր ժողովրդի բարօր և պայծառ ապագայի, մեր ժողովրդի ձգտումների և նպատակների իրականացման ճամբին տեսնել Հայաստանի կառավարութեան յառաջխաղացումները` դէպի ցեղասպանութեան և մեր արդար իրաւունքների ճանաչման և ձեռքբերման ի խնդիր, ի մասնաւորի Արցախ աշխարհի ազատութիւնն ու ազատագրուած տարածքների որևէ մի զիջում, Հայաստան և Արցախ միասնականօրէն լրացնում են ճախրող արծուի զոյգ թևերը:

Դարերի բովում զուրկ հայկական պետականութիւնից մեր ժողովուրդը ապրել է տառապալից կեանք ենթարկուելով հալածանքների, կեղեքումների, կոտորածների, ջարդերի և հազար ու մի տեսակ նեղութեանց և չարչարանաց: Վերջապէս ծագել է լոյսը, վառուել է դարերով մարած ճրագը, որով մեր ժողովուրդը ցանկանում է խաղաղ և արժանապատիւ կեանք: Եկէք միասնաբար պաշտպանենք մեր անկախութիւնը, պետականութիւնը, քանի որ այս ծիրի և պարոյրի մէջ ենք ծլելու և ծաղկելու որպէս ազգ, ժողովուրդ, Հայաստան երկրի քաղաքացիներ` զարգանալու, բարգաւաճելու և մեր իրաւունքների տէրը դառնալու:

Անկախութիւնը նկատենք գերագոյն պարգև մեր մարտնչող հերոսների և չթողնենք նրա վրայ գէթ մի պուտ ստուեր իջնի:

Սեպտեմբեր 2014 թիւ
Սանլանդ, Լոս Անջելէս

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին