Տեսակէտ
ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ
Ընդունուած է՝ իրենց գործունէութեան առաջին 100 օրից յետոյ, ԱՄՆ նախագահները հանդէս են գալիս հաշուետուութեամբ, տուեալներ ու վիճակագրութիւններ են ներկայացնում, իրենց գործունէութիւնը գնահատում են իրենց նախընտրական խոստումների տեսակէտից։
Նման զեկոյց/ հաշուետուութեամբ հանդէս եկաւ ԱՄՆ նախագահ Տոնալտ Թրամփը։ Չեմ պատրաստւում նրա ելոյթի ամբողջ բաժինները նշել․ դա հասու է առցանց։ Կարեւորում եմ հետեւեալները,-
– Տոնալտ Թրամփը նորից շեշտեց՝ երկիրը շատ վատ վիճակում է եւ խոստացաւ շարունակել իր գործունէութիւնը՝ նախընտրական խոստումների հիման վրայ։
– Նախագահի գնահատականը երկրի տնտեսութեան ընթացքի վերաբերեալ դրական էր․ նա բացատրեց ու շեշտեց, որ տարբեր երկրների հետ տնտեսական յարաբերութիւնները հաւասարակշռելը իր արդիւնքը ցոյց կը տայ երկարատեւում, ճիշտ է ֆոնտային շուկան (Stock Market) տանատնումներ ունեցաւ, երբ նոր մաքսատուրքեր որոշուեցին, բայց այդ անկումը շատ կարճ տեւեց։
– Ամենամեծ ձեռքբերումը նոր գնաճը կանխելն է։ Նաեւ ամբողջ երկրում իջել է վառելիքի/ յատկապէս պենզինի գները։
– ԱՄՆ Կեդրոնական պանքը անկախ կառոյց է, որ ղեկավարւում է իր վարիչների կազմի կողմից։ Միւս տարի լրանալու է Կեդրոնական Բանկի նախագահի գործունէութեան ժամկէտը, որ սկսել է 2018 թուականից։ Նա եւ նախագահ Թրամփը տարբեր կարծիքներ ունեն Կեդրոնական Բանկի գործունէութեան կապակցութեամբ։
Նկատի ունենալով, որ վերահսկուել է տնտեսական յորդումը, շատ տնտեսագէտներ այն կարծիքին են, որ Կեդրոնական Բանկը պիտի իջեցնի շահոյթի տոկոսները։ Նոյն կարծիքին է նաեւ Տոնալտ Թրամփը։ Վէճը այդ որոշման թուականն է։ Թրամփը պնդում ունի, որ բանկերի կողմից սահմանուածը օր առաջ պիտի իջեցնել։ Ուրիշ կարծիքի է Կեդրոնական Բանկի նախագահ/ տնօրէնը։ Քանի որ այս հարցը յոյժ մասնագիտական է, բաւարարուենք միայն տեղեկութիւններ փոխանցելով եւ նրանց մէջ վէճը շարունակուելու լուրով։
– Կտրուկ իջել է ԱՄՆ-Մեքսիքայի սահմանից ապօրինի գաղթականների մուտքը։
Մի թիւ ներկայացնեմ,- Ճօ Պայտընի նախագահութեան ժամանակ, ԱՄՆ-ի սահմանը հատած ապօրինի գաղթականների թիւը՝ միջին հաշուով ամիսը 185,000 հոգի էր, հիմա այդ թիւը չի անցնում ամիսը 7,000-ից, որոնք ձերբակալւում են սահմաններում։
– Ապօրինի գաղթականների արտաքսման գործընթացը շարունակւում է։ Առաջնային է յանցագործերին արտաքսելը։ Բայց սա երբեմն բախւում է դատական խնդիրների հետ։
– նախագահ Թրամփը թուարկեց բոլոր ոլորտներում հիմնական եւ կարեւոր փոփոխութիւնների գծով նախաքայլերը։
– ԱՄՆ պատմութեան մէջ մի ուրիշ աննախընթաց երեւոյթ գրանցուեց․ նախագահ Թրամփի ստորագրած գործադրական որոշումները, որոնք Կոնգրեսի հաւանութեան կարիքը չունեն, իրենց թուով գերազանցեցին ԱՄՆ բոլոր նախագահներին։
Թրամփը՝ իր գործունէութեան առաջին 100 օրերի ընթացքում ստորագրեց նախագահ Պայտընի՝ 4 տարուայ ընթացքում ստորագրած նոյնանման որոշումներից աւելի շատ գործադրական որոշումներ։ Իհարկէ, արդէն տարբեր դատեր են բացուել Թրամփի այդ որոշումների դէմ, որոնք պիտի վճռահատուեն դատական ընթացիկ կարգով։
* * *
Նախագահ Թրամփի հաշուետուական ելոյթին յաջորդեց մետիայի արձագանգը․․․
Լրատուները տարբեր պատկերներ ներկայացրին ու շեշտեցին, որ նախագահ Թրամփի վարկանիշը կտրուկ նուազել է․ նոյնիսկ արտառոց եւ անհաւատալի թուեր կային․ 41 տոկոս, 44 տոկոս․․․ մի խօսքով՝ ըստ լրատուների՝ հարցուողների 50 տոկոսից աւելին դէմ է նախագահ Թրամփի գործունէութեան հետ․․․
Մենք այս հարցը չքննենք, մենք չվիճենք․․․ Թէ իջե՞լ է վարկանիշը, աւելացե՞լ է․․․ Մենք բան չասենք։ Մարդկանց գրառումները ուրիշ բան են ասում։ Այս ամբողջը հասու է առցանց։
Եւ․․․ Այսօր ելոյթ ունեցաւ ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը․․․
Նրա ելոյթի մասին գրառումները՝ համարեա բոլորը, բացասական էին։ Հարիսը երկրի տնտեսութեան վերաբերեալ շատ մութ ապագայ գծեց՝ միաժամանակ վախ եւ ապագայի նկատմամբ անվստահութիւն ներշնչեց․․․
Քամալա Հարիսը՝ ըստ իր ընթացքի եւ սովորութեան, այսօր էլ ոչ-մի հիմնաւոր փաստ, թիւ, տուեալ ու վիճակագրութիւն չներկայացրեց․․․ Եւ ճիշտ են մարդկանց կարծիքը, որ նրա այսօրուայ խօսքն էլ հերթական Words Salad էր։ Շատ գրառումներ կային այն մասին, որ տնտեսութեան մասին այդ վախը, իրական վախն ու մտահոգութիւնը (ահաւոր եւ մշտական գնաճ, տնտեսական յորդում) մենք ապրել ենք Պայտըն-Հարիս նախագահութեան տարիներում, ու պահանջեցին նա խօսքը հիմնաւորի։
Իմ կարծիքով, դեմոկրատները շատ սխալ անձ էին ընտրել՝ նախագահ Թրամփի առաջին 100 օրուայ գործունէութեան հաշուետուութիւնը պատասխանելու եւ հակադրուելու համար։ Քամալա Հարիսը այն անձը չէր, որ նրան նման բան վստահէին, ու կարծում եմ, Հարիսը աւելի փչացրեց ու բարդացրեց դեմոկրատների ներկայ վիճակը։
* * *
Ուրիշ կարեւոր լուրեր ԱՄՆ-ից,-
ա- Կոնգրեսում մի քուէարկութեան ժամանակ 4 դեմոկրատ կոնգրեսական միացան հանրապետականներին՝ ԱՄՆ-ում տեղի ունեցող բոլոր ընտրութիւններում քուէարկողների ինքնութեան թուղթը/ ID – պարտադիր ստուգելու համար։ Նախագիծն ընդունուեց։
բ- Իրանի ադոմական հարցի վերաբերեալ ԱՄՆ-Իրան բանակցութիւնները շարունակուելու են․ հերթական հանդիպումը տեղի կունենայ յառաջիկայ շաբաթ օրը, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում՝ Օմանի միջնորդութեամբ։
Անցեալ շաբաթ օրը, միաժամանակ տեղի ունեցաւ Իրան-ԱՄՆ փորձագիտական խմբերի առաջին հանդիպումն Օմանում։ Սա արդէն նշանակում է, որ բանակցութիւններն ուրիշ փուլ են թեւակոխել, հիմա հիմք կայ հանդիպելու եւ քննելու թեքնիքական հարցերը՝ փորձագէտների կողմից։
Իրանի Արտգործ նախարար Արաղչին երէկ տեղեկացրեց, որ նախքան շաբաթ օրուայ հանդիպումը, իրանական կողմը կը հանդիպի Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը նախատեսուած է Արտգործ նախարարութեան բարձրաստիճան պատասխանատուների հետ (Արտգործ նախարարների մակարդակում հանդիպում չի նախատեսուած)։ Օրակարգը չի յայտարարուել։
գ- Երէկ մայրաքաղաք Վաշինգթոնում տնտեսական համագործակցութեան պայմանագիր ստորագրուեց ԱՄՆ-ի եւ Ուքրանիայի միջեւ։ Նախատեսուած է Միացեալ Նահանգները շահագործեն եւ ստանան Ուքրանիայի կարեւոր հանք-արդիւնաբերութիւնը։ Հանքերի սեփականատէրը կը մնայ Ուքրանիան, բայց արտադրանքն ու շահը կը լինի 50-50 բաժանումով։
Նախագահ Թրամփը յայտարարեց, որ այս գործառոյթով՝ Միացեալ Նահանգները կը կարողանայ շատ արագ յետ ստանալ այն հսկայ գումարները, որ պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն տուել է Ուքրանիային։
Միաժամանակ,
Ուքրանիան վերականգնելու եւ երկիրը ոտքի կանգնեցնելու համար կստեղծուի մի հիմնադրամ, եւ Միացեալ Նահանգները շատ մեծ դեր կունենայ այդ գործում։ Սա նոր աշխատանքի հսկայ ոլորտ ու շուկայ է Միացեալ Նահանգների ընկերութիւնների համար։
Անորոշ լուրեր կային այս պայմանաւորուածութեան մէջ Միացեալ Նահանգների ստանձնած դերի մասին։ Ըստ որոշ հաղորդումների՝ ԱՄՆ-ն յանձնառու կը դառնայ Ուքրանիայի ապագայ ապահովութեան համար․․․ Թէ ինչ է նշանակում Ուքրանիա, եւ ի՞նչ տարածք է լինելու դա․․․ Այս հարցում էլ հակասական լուրեր կան։ Նախագահ Թրամփը երկու անգամ կրկնեց, որ Ղրիմը պիտի մնայ Ռուսաստանին։
Ռուսաստան-Ուքրանիա պատերազմը վերջացնելու համար ամերիկեան կողմի ներկայացուցիչների հանդիպումներն ու յայտարարութիւնները շարունակւում են։ Ըստ որոշ լուրերի՝ մօտալուտ է հրադադարն ու երկու կողմի միջեւ նոր բանակցութիւններ սկսելը, որի հետ իր համաձայնութիւնն է յայտնել ռուսական կողմը։
Պարզ է,-
ԱՄՆ-Ուքրանիա տնտեսական պայմանագրի կեանքի կոչուելու նախապայմանը պատերազմի աւարտը եւ խաղաղութիւնն է Ուքրանիայում։ Թէ դա ինչպէ՞ս եւ ե՞րբ կը գոյանայ․․․ Ժամանակից առաջ չընկնենք։