Հինգշաբթի, 22. 05. 2025

spot_img

Գործադրական Առաջարկներ – Մայիսի 1

Տեսակէտ

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Նախապէս շնորհաւորենք Աշխատաւորների Համաշխարհային Օրը՝ Մայիսի 1-ը։  Բայց չբաւարարուենք միայն շնորհաւորանքով։ Հիմնականն ու էականը մնում է նոյնը․ խօսքս Հայաստանի մասին է ընդհանրապէս։

Գիւմրիի աւագանու ընտրութիւնները փաստեցին, որ հայ ժողովրդի համար սոցիալական եւ տնտեսական արդարութիւնը գերխնդիր է։ Նոյն պահանջն ունի հայութիւնը՝ ամբողջ Հայաստանում։

Հայաստանի վերանկախանալուց յետոյ, Հայաստանում հիմք դրուեց տնտեսական դաժան կարգերի․ ՔԱՓԻԹԱԼԻԶՄ, եւ այն էլ նրա ամենավայրագ տարբերակը՝ ԴԱԺԱՆ ու ՎԱՅՐԱԳ քափիթալիզմը, որը բնորոշ է Երրորդ Աշխարհի երկրներին։

Հայութիւնը դիմագրաւում է բազմազան եւ բազմաբնոյթ հարցեր․ ազգային-հասարակական, քաղաքական, անվտանգութեան, ապահովական բազմաթիւ հարցեր։ Մայիսի 1-ի առիթով չխօսենք ա՛յդ հարցերի մասին ու կեդրոնանաք հասարակական եւ տնտեսական արդարութեան վրայ։

Հասարակական ու տնտեսական արդարութեան ձգտող ուժերը պարտաւոր են ներկայացնել իրենց ծրագրային դրոյթները։ Սա՛ է հիմնականը։ Ժողովրդի սպասելիքը սա՛ է, այլապէս ընդհանուր խօսքերով որոնք ունեն ճառի եւ լոզունգի բնոյթ՝ հարցին ճիշտ պատասխան չի տրուելու։

Փորձենք որոշակիացնել հարցը՝ մի շարք յստակ առաջարկներ ներկայացնելով։ Այս հարցը պիտի ուսումնասիրուի բազմակողմնակիօրէն, եւ գործադրական ճիշտ ծրագրեր ու առաջարկներ լինեն՝ հայաստանեան ներկայ իրականութիւնը վերլուծելուց յետոյ։

ա- Աշխատաւորների շահերի պաշտպանութիւնը պիտի ամրագրուած լինի օրէնքներով։ Այս հարցին չի կարելի լուծում տալ՝ մասնակի եւ ժամանակաւոր հարցերի նկատառումներով՝ պահի ազդեցութեամբ։

բ-Հայաստանում պիտի ստեղծուեն աշխատաւորների շահերը պաշտպանող Արհմիութիւններ։ Այդ միութիւնները հզօր հիմքերի վրայ պիտի ստեղծուեն՝ հեռու քաղաքական տարբեր նկրտումներից։ Ես չգիտեմ թէ Հայաստանում կա՞յ այս հիմքը․ կա՞ն արհմիութիւններ, թէ՞ եղածն ունի ձեւական բնոյթ եւ մատնուել է անգործութեան։

գ- Հայաստանի ընդերքն ու բոլոր հանքերը երկրի եւ ժողովրդի սեփականութիւնն է։ Հանքերը չեն կարող լինել մասնաւոր կամ ուրիշ երկրների սեփականութիւնը․ դա Հայաստան երկրինն ու հայ ժողովրդինն է, ու դրանց շահագործման բարիքները ամեն մի հային հասնող բարիք է։ Հայաստանում ՊԻՏԻ ՎԵՐՋ ՏԱԼ հայ ժողովրդին եւ ապագայ սերունդներին պատկանող հանքերն ու բարիքը անձերի եւ ուրիշ երկրների սեփականութիւնը դարձնելու ընթացքին։

դ- Ժողովրդին է պատկանում Հայաստանի բնական ուրիշ պաշարները, որոնք պիտի տնօրինուեն ու շահագործուեն միայն պետութեան կողմից։ Անտառներն ու ջրային ռեսուրսները ժողովրդինն են, ու պիտի կանխել անհատների կողմից դրանք շահագործելը։

ե- Հայաստանի տնտեսական շահոյթը պիտի հաւասար բաշխուի Հայաստանում։ Երկրում ներդրումներ պիտի կատարուեն բոլոր ոլորտներում եւ ամեն տեղ։ Պիտի վերջ տալ Հայաստանը երկիր-քաղաք դարձնելու սինկափուրեան տնտեսակարգի օրինակը․ Հայաստանը չի սահմանափակւում միայն Երեւանով։

զ- Երկրի բազմակողմանի զարգացման համար պիտի մշակուի հայ ժողովրդի համար առաջնահերթութիւն համարուող եւ Հայաստանի պայմաններին համապատասխան ծրագրեր։

Հայաստանի համար ի՞նչ առումով առաջնահերթ է, օրինակ, Ակադեմիական քաղաք ունենալը, որի համար պիտի ծախսուի միլիարտներ տոլար․․․ Ո՞րն է հայութեան տնտեսական ու հասարակական առաջնահերթութիւնները ներկայ ժամանակներում․․․ Կա՞յ այդպիսի մի ուսումնասիրութիւն։ Հաւատացած եմ՝ ՈՉ (Այն ինչ, որ ժամանակ առ ժամանակ ծրագրւում եւ իրագործւում է՝ հիմք չունի երկարատեւ նպատակներն ու հայութեան համար առաջնահերթութիւնները։ Դրանք փոքր ասուպներ են միայն, որ գալիս եւ շատ արագ հանգում են)։

է- Հայաստանի տնտեսական զարգացումը միտուած պիտի լինի ապագայ սերունդների բարօրութեանն ու բարգաւաճմանը։ Առաջին հերթին պիտի վերջ գտնի արտագնայ աշխատանքները․ Հայը պիտի հնարաւորութիւն ունենայ ի՛ր երկրում աշխատելու, բարիք ստեղծելու եւ բարիքներից հաւասար օգտուելու համար։

ը- Հաւասարութեան նշան պիտի դրուի կանանց եւ տղամարդկանց աշխատանքի միջեւ՝ նրանց նոյն գործը հաւասար գնահատելու եւ վճարելու ուղղութեամբ։ Հայ կինը իր կարեւոր մասնակցութիւնը պիտի բերի երկրի արդիւնաբերութեան եւ տնտեսական զարգացման գործում։

Ազգս փաստեց, որ երկար չի հանդուրժելու վայրագ կապիտալիզմը եւ լուծումներ կը գտնի դա հիմնովին փոխելու համար։

Եւ այս ամենը կիրականանայ միայն այն դէպքում, երբ Հայաստանում էական եւ հիմնական իշխանափոխութիւն տեղի ունենայ, երկրի ղեկը կստանձնեն Հայաստանի եւ ազգիս բազմաթիւ ու բազմաբնոյթ հարցերով մտահոգուած՝ հայրենասէրները։

Շնորհաւոր Աշխատաւորների Համաշխարհային Օրը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին