Ուրբաթ, 25. 04. 2025

spot_img

Հայաստանը Ճի՞շտ Ուղղութեամբ Է Գնում Նիկոլ Փաշինեանի Հետ

«Մայր Հայաստան» Դաշինքի անդամ, Երևանի աւագանիի մանտաթէն ապօրինաբար զրկուած Սոնա Աղեկեանի պատասխանը Նիկոլ Փաշինեանի 19 Փետրուար 2025-ին արտասանած «Իրական Հայաստանի գաղափարախօսութիւնը» ուղերձին:

Ստորև կէտ առ կէտ կը ներկայացնենք Նիկոլ Փաշինեանի նշեալ ուղերձը: Իւրաքանչիւր կէտին, կը յաջորդէ Սոնա Աղեկեանին պատասխանը համապատասխան կէտին նրկայացուած շեղակի գիրերով:

Ծանօթ. Կը պահենք բնագիրին արեւելահայ քերականութիւնն ու ուղղագրութիւնը:

Խմբ.


Վարչապետի Աշխատակազմ

Տեղեկատվության Եվ Հասարակայնության Հետ Կապերի Վարչություն Մամուլի Հաղորդագրություն

Չորեքշաբթի, 19 փետրվարի 2025 թ.

Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդին

ՆԱԽԱԳԻԾ

Իրական Հայաստանի գաղափարախոսություն

Նիկոլ Փաշինյան – Իրական Հայաստանը՝ Հայաստանի Հանրապետությունն է, միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով:

Հայաստանի Հանրապետության առաջընթացի և զարգացման՝ Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված տեսլականը բազմաշերտ է և պետք է արտահայտվի պետական, հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

Սոնա Աղեկյան –  Հայաստանը միշտ եղել և լինելու է իրական, այլ բան է, որ ներկա պահին այս թափառախմբի անդամները մեր երկիրը վերածել են անհավանական վայրի։

1. Ն.Փ. – Հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ – Հայրենիքը հայերիս լեզվամտածողության ամենանվիրական հասկացություններից է: Բայց այն չի առնչակցվում իրավունքների և պարտականությունների համակարգին, ունի աշխարհագրական ընկալման տարբերակներ և ընկալումներ: Իրական Հայաստանի սույն գաղափարախոսությունը հայրենիքը նույնացնում է միջազգայնորեն ճանաչված պետության՝ Հայաստանի Հանրապետության հետ, հայրենասիրությունը՝ այդ պետության շահերի, դրանում սահմանված իրավունքների ու պարտականությունների համակարգի հետ: Հայրենասիրության այս մոդելի զարգացման համար էական է, որ ժողովուրդը, քաղաքացին ինքն իրեն ընկալի ոչ միայն որպես պետության հիմնադիր, այլև պետության մեջ հաստատված իրավակարգի աղբյուր, պետության մեջ հաստատված սահմանադրական կարգն ընկալի որպես համակեցության՝ իր մասնակցությամբ ձեռքբերված համաժողովրդական պայմանավորվածություն: Այս համակարգի համար էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեներն առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս: Նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակն անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային (մնացորդային) գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ:

1. Ս. Ա. –  Հայրենիքը ժողովուրդն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու ժողովրդիդ։ Հայրենիքը հայի համար սոսկ պետություն չէ, ոչ էլ սահմաններով կաշկանդված տարածք։ Այն Հայի Ոգին Է, նրա լեզուն, պատմությունը, մշակույթը, նրա Կռիվն Ու Արյամբ Պահած Ճշմարտությունը։ Պետությունները գալիս-գնում են, սահմանադրություններն ընդունվում ու մերժվում, բայց հայ ժողովուրդը մնում է՝ իր ինքնությամբ, իր անսասան կամքով։

Ազատ, Ինքնիշխան Ժողովուրդն Է Իսկական Պետության Հիմքը։ Առանց հզոր ժողովրդի՝ պետությունն ընդամենը դատարկ ձևականություն է։ Եթե պետությունը Քո Կողքին Չէ, Քո Շահը Չի Պաշտպանում, Ապա Այն Արժանի Չէ Քո Հավատարմությանը։ Հայրենիքը երկիր չէ, հայրենիքը հայ մարդն է, և նրա կամքը պետք է լինի Բացարձակ Արժեք։

2. Ն. Փ. – Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ – Ազգ և ժողովուրդ հասկացությունները հաճախ նույնացվում են: Բայց քաղաքական դիտանկյունից դրանք էականորեն տարբերվում են՝ շարունակելով փոխկապակցված լինել մեկը մյուսին: Ազգը, ըստ այդմ, էթնիկ ընդհանրություն ունեցող հավաքականությունն է, որը կապված չէ քաղաքական ընդհանուր իրավունակությամբ, իսկ ժողովուրդը քաղաքական իրավունակությամբ օժտված հավաքականությունն է, որն ունի ընդհանուր քաղաքացիություն, ասել է թե՝ ժողովուրդը պետականակերտ ինստիտուտն է, սահմանադիրը, իշխանության աղբյուրը և իշխանության գերագույն կրողը: Հայ ժողովուրդը հայ ազգի պետականակերտ հատվածն է: Հայ ժողովուրդը Հայաստանի ժողովրդի առանցքն է: Հայաստանի ժողովրդի մաս են նաև այլ ազգերի ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ քաղաքացիները: 

2. Ս. Ա. – Ինչպես Հոգին Առանց Մարմնի Չի Կորցնում Իր Էությունը, Այնպես Էլ Ազգը Առանց Պետության Չի Դադարում Գոյություն Ունենալուց:

 Հայ ազգը հազարավոր տարիներ գոյատևել է առանց պետականության, պայքարել, դիմակայել, ստեղծել մշակույթ, կերտել պատմություն, և երբ պետություն չի ունեցել, չի կորցրել իր հավաքական նկարագիրը։Եթե հայ ժողովուրդը Հայաստանի Ժողովրդի Առանցքն Է, ապա այդ առանցքը պիտի լինի ԱՆՎԻՃԵԼԻ, ԱՆՍԱՍԱՆ և ԳԵՐԱԿԱՅՈՂ։ Հայաստանի Հանրապետությունը, որպես հայոց պետականություն, չի կարող դիտարկվել որպես բազմազգ, քանի որ այն նախևառաջ Հայության Ինքնիշխան Պետությունն Է։ Այո՛, այստեղ ապրում են այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնք ՀՀ քաղաքացիներ են, բայց դա չի փոխում փաստը, որ պետության առանցքն ու հիմքը Հայ Ժողովուրդն Է, Նրա Լեզուն, Նրա Մշակույթն Ու Ազգային Շահը։

Եթե պետությունը դիտարկենք պարզապես որպես բազմազգ կազմավորում, ապա այն վերածվում է տարածքային-քաղաքացիական կառույցի, որտեղ ազգի գործոնը երկրորդական է դառնում։ Բայց հայության համար պետությունը սոսկ իրավական միավոր չէ՝ այն մեր Հարյուրամյակների Պայքարի Արդյունքն Է, Մեր Նահատակված Նախնիների Կտակած Տունը։

 Հայաստանը Բոլորի Համար Է, Բայց Այն Նախևառաջ Հայությանն Է Պատկանում։

Պետությունն Է, Որ Պիտի Ծառայի Ազգին, Ոչ Թե Ազգը՝ Պետությանը։ 

3. Ն. Փ. – Այստեղ պետություն՝ այստեղ հաց, այստեղ հայրենիք՝ այստեղ կաց – Ժողովուրդը պետություն ստեղծում է՝ որպես բարեկեցության գործիք: Պետությունը հայաստանյան իրականությունը պարբերաբար փոթորկող «որտեղ հաց՝ այնտեղ կաց» ասացվածքի նպատակակետն  է, այսինքն՝ այն տեղը, որտեղ կա հաց, որովհետև այն գործիքն է, որով ստեղծվում է հաց, ասել է թե՝ բարեկեցություն, և հետևաբար՝ այդտեղ պետք է մնալ: Պետությունը ժողովրդի բարեկեցության փնտրտուքի արգասիք է, բարեկեցությունը երջանկության հասնելու համար անհրաժեշտ պայման: Այս ընկալումը խորթ է եղել մեր իրականությանը, որովհետեւ դարեդար հայրենիք, պետություն, հաց հասկացությունները տարանջատված են եղել իրարից: Հացը վաստակվել է ուրիշների կողմից ստեղծված և/կամ ուրիշ տեղերում գտնվող պետություններում, հայրենիքին վերապահելով մեկուսի, բայց նվիրական ավանդույթների ու արժեքների կոնսերվացման տեղի գործառույթ, հայրենիքի, պետության ու հացի միջև դեգերումները վերածելով հայերիս սոցիալ-հոգեբանության առանցքային բաղադրիչի: Հաց, հայրենիք, պետություն հասկացությունների նույնացումը խնդիրներից «արտագաղթելու», այսինքն՝ հացի խնդիրն այլ տեղ լուծելու հայեցակարգը փոխարինում է խնդիրներին առերեսվելու և դրանք սեփական պետությունում և սեփական պետությունով լուծելու հայեցակարգով:  Այս գործընթացում էական նշանակություն ունի բարեկեցության (անվտանգություն, ազատություն, արդարություն, կենցաղ, երջանկություն) ստանդարտի սահմանումը, դրա իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը՝ որպես ռազմավարություն որդեգրելը և պետությունը, որպես ռազմավարության իրագործման գործիքի և նշված ստանդարտի իրագործման տարածքի գիտակցումը: Այս համատեքստում կարևոր է արձանագրել, որ պետությունը սեփական բախտը որոշելու, ճակատագիրը կանխորոշելու լավագույն գործիքն է քաղաքացու և ժողովրդի համար, և մարդու լավագույն կյանքը հնարավոր է միայն իր պետության մեջ:  

3. Ս. Ա. – Որտեղ Հայի Ոգին՝ Այնտեղ Տուն, Այնտեղ Սիրտը՝ Այնտեղ Հացը Կմնա

Ժողովուրդը պետություն չի ստեղծում միայն հացի համար, այլ Պատմության, Ինքնության, Մշակույթի Ու Ազատության Համար։ Եթե միայն հաց լիներ կարևոր, ապա դարեր շարունակ մենք արդեն կլքեինք մեր լեռները ու կձուլվեինք ուրիշների երկրներում։ Բայց մենք մնացել ենք, դիմակայել, պահել ենք մեր Լեզուն, Հավատը, Սրբությունները, որովհետև մեր հայրենիքը սոսկ «հացի գործիք» չէ, այլ Մեր Ոգու Տունը։

«Որտեղ հաց՝ այնտեղ կաց» մտածողությունը օտարինն է, բայց ոչ հայինը։ Հայը կարող է օտար հողի վրա հաց վաստակել, բայց նրա արմատը չի կտրվում։ Պետությունը չի կարող փոխարինել հայրենիքին, որովհետև հայրենիքը հողի ու օրենքների մասին չէ, այլ արյան, լեզվի, ժառանգության ու տեսակի մասին։ Երբ պետությունն իրականում ծառայում է ժողովրդին, ապա հայը չի լքում իր երկիրը։ Որտեղ հացի հետ հայի ոգին է, այնտեղ է նրա տունը։

4. Ն. Փ. – Հարստացիր և հարստացրու –Հարստանալը և հարստացնելը հանրային բարեկեցություն հաստատելու առանցքային խթան են և այս խթանը պետք է տեղավորել ոչ թե փողի հետևից մրցավազքի, այլ արդյունք ստեղծելու համար մրցակցության՝ անհատին և պետությունը զարգացնող տրամաբանության մեջ: Լավ ապրելը պետք է դառնա կանոն բարեկեցության սահմանված ստանդարտի տրամաբանության մեջ և այն ըմռնմամբ, որ լավ ապրելու միակ գործիքը շատ աշխատելն է, շատ վաստակելը, շատ ծախսելը։ Սա վերաբերում է թե՛ անհատին, թե՛ պետությանը, ընդ որում՝ թե՛ պետությունը, թե՛ անհատը պետք է կապված լինեն նաև իրար հարստացնելու փոխադարձ ցանկությամբ, հանրությունը, խմբերը, անհատները պետք է համախմբված լինեն իրար հարստացնելու փոխադարձ մղմամբ, նաև այն պատճառով, որ համապատասխան միջավայր ունենալն է հաջողության կարևորագույն գրավականը, ինչից բխում է, որ հարստանալու և հարստացնելու պետական տրամաբանությունը հնարավոր է միայն օրինականության, օրենքի առաջ բոլորի հավասարության, արդարության, ստեղծագործականության միջավայրում: Եթե այսպիսի միջավայրում շատ աշխատելը չի բերում շատ վաստակի, ուրեմն աշխատանքն արդյունավետ (արտադրողական) չէ: Եթե շատ ծախսելը չի հանգեցնում բարեկեցության, ուրեմն ծախսը (ներդրումը) արդյունավետ չէ: Նշված համատեքստում էական է փողի նկատմամբ հանրային և անհատական վերաբերմունքի փոփոխությունը, այն չարի և բարու տրամաբանությունից դուրս դնելու և որպես խնդիրներ լուծելու, և օրինական աշխատանքի ու գործունեության գնահատման գործիք ընկալելու իմաստով:

4. Ս. Ա. – Հարստացիր, բայց մի մոռացիր ո՛վ ես

Հարստանալն ու հարստացնելը կարևոր են, բայց ոչ ամենակարևորը։ Հայը դարեր շարունակ ապրել է ոչ թե հարստանալու համար, այլ ապրում է, որ չկորի, որ իր տունն ու հողը պահի, որ իր ինքնությունը չկորչի։ Եթե «հարստացիր»-ը դառնա կյանքի գլխավոր կարգախոսը, ուրեմն փողն ու նյութականը կդառնան արժեքների գերագույն չափանիշ, իսկ այդ մտածողությունն օտար է մեր՝ հայերիս հոգեկերտվածքին։

Լավ ապրելը նպատակ չէ, այլ արդյունք է ճիշտ ապրելու։ Եթե հարստությունն է դառնում նպատակ, ուրեմն մարդը հարստանալու համար պատրաստ է զիջել իր սկզբունքները, վաճառել իր հոգին, հարստացնել նրանց, ովքեր կեղեքում են իրեն։ Մինչդեռ ազատ ու արժանապատիվ մարդը նախ հոգևոր ու ազգային արժեքներն է պահում, հետո նոր՝ նյութականը։

Հարստության հարցը հայի համար երբեք առաջնային չի եղել։ Առաջնայինն այն է, որ մարդն իր հարստությամբ ծառայի ազգին, ոչ թե ազգը դառնա նրա հարստության գործիքը։ Հարստացիր, բայց նախ մտքով, արժանապատվությամբ, համերաշխությամբ, իսկ նյութականը կգա իր արժանի տեղը գտածի պես։

5. Ն. Փ. – Մարդը բարձրագույն արժեք է: Սա նշանակում է, որ մարդու առաջնային կարիքները հոգալն առաջնահերթություն է –  Հացի, փողի, հարստության, լավ ապրելու մասին խոսույթի ներառումը քաղաքական գաղափարախոսության մեջ անսովոր է մեր քաղաքական կյանքի համար և կարող է գնահատվել որպես «բարձր քաղաքականության» արժեզրկում: «Բարձր արժեքների վրա հիմնված քաղաքականությունները», սակայն, երբեմն տեսադաշտից բաց են թողնում արժեքներից բարձրագույնին՝ մարդուն, նրա ամենօրյա կենսական կարիքները, ապրելու և կյանքը վայելելու նրա բնական մղումը: Սույն գաղափարախոսության առանձնահատկությունը մարդուն և նրա կարիքներն առանցքում դնելու գործնական մոտեցումն է՝ այն ըմբռնմամբ, որ մարդու կարիքները հենց ինքը մարդը նախևառաջ պետք է հոգա և պետական քաղաքականություններն ուղղված պետք է լինեն մարդուն դրա համար անհրաժեշտ կրթությամբ, հմտություններով, կարողություններով, գիտելիքով օժտելուն, մարդու տաղանդը զարգացնելուն և դրա իրացման համար անհրաժեշտ հնարավորություններ ու միջավայր ձևավորելուն: Հոգևոր, մշակութային արժեքները նույնպես դիտարկվում են այս դիտանկյունից: Այդ արժեքներն ունեն ոչ թե երկնային նշանակություն, այլ մարդու կենսական կարիքների անբաժան մաս են, որովհետև մարդն ունի ինչպես նյութական, կենցաղային, այնպես էլ հոգևոր-մշակութային կարիքներ և արժեքներն արժեքավոր են այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են մարդուն մոտիվացնելու, ներդաշնակ դարձնելու, երջանկությունն ապահովելու համար: Այս իմաստով, կարևոր են մարդու ազգային և պետական ինքնությունը, ազգային և պետական արժեքները, որոնցից մի մասի հետ մարդն առնչվում է անմիջապես, մյուս մասը մարդու համար գոյություն ունի որպես գիտակցություն, որպես համոզմունք: Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հիմնված է հայ ժողովրդի ազգային արժեքների վրա:

Ըստ այդմ, հայ ժողովրդի (Հայաստանի Հանրապետության) ազգային արժեքներն են՝

– Հայաստանի Հանրապետությունը:

– ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը: 

– Հայաստանի պատմությունը, հայ բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները:

– Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը:   

– Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը: 

– Հայրենիքը, ընտանիքը, անհատը:

– Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, Հայ Կաթողիկե եկեղեցին, Հայ Ավետարանական եկեղեցին. Քրիստոնեությունը:

– Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային և էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը:

– Հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ:

– Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը,  օրինապահությունը, մարդասիրությունը, հարգանքը և հանդուրժողականությունն ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ:

– Տարածաշրջանային պատկանելությունը, համաշխարհային քաղաքակրթությունը, տարածաշրջանային, դասական և ժամանակակից մշակույթը,

 – Եղբայրական զգացումները և հարաբերությունները ՀՀ ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ: Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ավանդույթները, կրոնները, հավատալիքները:

– Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են հայ ժողովրդի (Հայաստանի Հանրապետության) վերը նկարագրված ազգային արժեքները:

5. Ս. Ա. – Մարդը բարձրագույն արժեք է, բայց առանց ազգի ու պետության՝ մարդը դատարկ անհատ է

Մարդը բարձրագույն արժեք է, բայց մարդն անհատականության մեջ, առանց հավաքականության, ազգի ու պետության, անելիք չունի։ Նա կորչում է, եթե չունի իր արմատները, իր պատկանելիությունը, իր ազգային առաքելությունը։ Հայ մարդը, եթե դառնա պարզապես հացի ու բարեկեցության որոնող, այլևս հայ չի լինի, այլ պարզապես ապրող անհատ։

Մինչդեռ հայը պարզապես ապրելու համար չի ապրել։ Եթե մեր նախնիները առաջնորդվեին միայն նյութական կարիքներով, վաղուց այլոց պետությունների ստվերում պիտի կորած լինեինք։ Բայց մենք դիմակայել ենք, ստեղծել ենք, պայքարել ենք ոչ միայն հացի, այլ մեր լեզվի, մեր պատմության, մեր հայրենիքի, մեր հավատի համար։

Հայ ժողովրդի ազգային արժեքների ցանկը ճիշտ է, բայց երբ դրանք մատուցվում են որպես զուտ անհատի «հարմարավետության» գործիքներ, ապա դրանց իմաստը աղավաղվում է։ Ազգային արժեքները միայն այն չափով արժեքավոր չեն, որքան դրանք անհատին երջանկություն են բերում, այլ որովհետև դրանք են ձևավորում հավաքական ինքնությունը, ամրապնդում ազգային դիմագիծը։

Մարդու ամենամեծ երջանկությունը՝ ոչ թե միայն նյութական ապահովվածությունն է, այլ իր ազգային, հոգևոր ու հավաքական ամբողջության մեջ լինելը։

6. Ն. Փ.  Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է – Ընտանեկան, գերդաստանային կապերի ամրության հայաստանյան ավանդույթը կենսական ռեսուրս է պետականության ամրապնդման համար: Անհրաժեշտ է այդ ավանդույթն ընտանեկան, տոհմային հարթությունից զարգացնել մինչև հանրային-պետական մակարդակ՝ վերաբերելի դարձնելով անհատի և պետության հարաբերություններին: Ժողովրդի և պետության առաջ անհատի առաջնային հոգսը հարկեր վճարելն է, ինչպես յուրաքանչյուր ընտանիքի յուրաքանչյուր անդամի առաջնային հոգսն ընտանիքի նյութական ապահովությունն է: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն յուրաքանչյուր ընտանիքի բյուջեի մաս է: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն յուրաքանչյուր ընտանիքի բարօրության համար ավելի մեծ միջոցներ է ծախսում, քան յուրաքանչյուր ընտանիք ինքն իր համար: Հետևաբար, ինչպես որևէ մեկն ավելորդ չի համարում իր ընտանիքի կարիքները հոգալու համար անհրաժեշտ ծախսերը, այնպես էլ ավելորդ չպետք է համարի Հայաստանի Հանրապետության նկատմամբ հարկային պարտավորությունների կատարումը: Երկրի հարկային օրենսդրությունը պետք է ապահովի պետության պահպանման և զարգացման համար անհրաժեշտ միջոցների հավաքագրումը և պայմաններ ապահովի տնտեսության մեջ ավելացված առավել մեծ արժեքի ձևավորման, տնտեսության զարգացման համար:  

6. Ս. Ա. –  Հայաստանն իմ օջախն է, բայց պետությունը չի կարող լինել իմ ընտանիքը

Ասել, թե «ժողովրդի առաջնային հոգսը հարկ վճարելն է», նշանակում է անտեսել պետության հանդեպ ժողովրդի իրական առաջնահերթ պահանջները՝ արդարություն, անվտանգություն, ազգային ինքնության պահպանում, բարգավաճում։ Եթե պետությունը չծառայի այս նպատակներին, ապա այն պարզապես դառնում է հարկահավաքի մեքենա, ոչ թե ազգի զարգացման գործիք։

Պետության բյուջեն չի կարող համարվել ընտանիքի բյուջեի մաս։ Երկրի բյուջեն ժողովրդից հավաքագրված միջոցների կառավարումն է, որը պետք է ծառայի հենց նույն ժողովրդի, այլ ոչ թե իշխող համակարգի կամ տնտեսական էլիտայի շահերին։ Եթե պետական միջոցները վատնվում են, եթե հանրային բարիքները չեն բաշխվում արդար կերպով, ապա հարկերը վերածվում են ուղղակի կեղեքման, ոչ թե ընտանիքի հոգատար ձեռքի։

Հայաստանը մեր տունն է, բայց պետությունը պետք է ծառայի այս տան ամրապնդմանը, այլ ոչ թե պահանջի, որ տունը ծառայի պետությանը։ Պետությունը պետք է արժանանա ժողովրդի վստահությանը, այլ ոչ թե պահանջի հնազանդություն ընտանիքի սիրո զգացմունքի պատրվակով։ Պետությունը մեր գործիքն է, ոչ թե մեր տերը։

7․ Ն. Փ. – Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու՛ ես – Անհատական ջանքը պետության զարգացման առանցքային պայման է: Այդ պայմանը սկսում է արդյունավետ գործել միայն այն պահից, երբ անհատը գիտակցում է սեփական ջանքի ազդեցությունը: Պետության կարևորագույն գործառույթն է անհատի ջանքի արժևորումը և դրա դրսևորման հնարավորությունների ստեղծումը: Սա հնարավոր է կրթության միջոցով. կրթությունը պետության զարգացման ռազմավարության իրագործման առաջնային գործիքն է՝ այն ընկալմամբ, որ կրթությունը ցկյանս գործընթաց է և վերաբերվում է նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության, բուհական, հետբուհական կրթության մակարդակին, ինչպես նաև պետության ռազմավարական հաղորդակցությանը, այն իմաստով, որ քաղաքացի-պետություն հարաբերությունները կրթական հարաբերություններ են թե՛ քաղաքացու, թե՛ պետության համար: Կրթության համակարգն ուսումնառուին պետք է ուսուցանի բարեկեցիկ կյանքի, երջանկության համար անհրաժեշտ հմտություններ: Անհատի դերը պետության զարգացման գործում առանցքային է, բայց նախևառաջ առանցքային է սեփական բարեկեցության և երջանկության ապահովման մեջ: Սեփական բարեկեցությունն ու երջանկությունը կառուցելն անհատի առաջնային ներդրումն է պետության բարեկեցության և երջանկության ապահովման գործում:  

7. Ս. Ա. Հայաստանի ապագան կախված չէ մեկ մարդուց, այլ ուժեղ ազգային կամքից

Ազգի ապագան անհատից կախված չէ. այն կախված է հավաքական ուժից, ազգային գաղափարից, համախմբվածությունից ու պայքարից։ Երբ որևէ գաղափար փորձում է ազգի ապագան կախվածության մեջ դնել միայն անհատական ջանքից, դա վտանգավոր մոլորություն է։ Անհատն իհարկե կարևոր դեր ունի, բայց առանց համակարգված ազգային ու պետական ռազմավարության՝ անհատի ջանքերը հաճախ ապարդյուն են մնում։

 Կրթությունը պետք է առաջին հերթին դաստիարակի ազգանվեր քաղաքացիներ, ովքեր գիտակցում են իրենց պատասխանատվությունը ոչ միայն սեփական բարեկեցության, այլև ազգային ինքնության, անկախության, անվտանգության համար։

Եվ, անշուշտ, Հայաստանի ապագան կախված չէ մեկ մարդուց, այլ այն մարդկանց հավաքական ուժից, ովքեր պատրաստ են պայքարել հզոր պետություն կառուցելու համար, ոչ թե միայն իրենց անձնական բարեկեցության։

8. Ն. Փ. – Երջանիկ անհատ – Անհատը երջանիկ է, երբ ազատ է, պաշտպանված է, առողջ է, ստեղծագործ է, ունի սոցիալական միջավայր, սիրված աշխատանք, որի վաստակով ունի հասանելիություն առողջ սննդին, առողջ ապրելակերպին, անհրաժեշտ կենցաղային պայմանների, պարբերաբար ճամփորդում է, սիրված է, հարգված է, հաղորդակից է հոգևոր կյանքին և/կամ մշակույթին:  Սեփական երջանկության համար պայմաններ ապահովելով անհատը միջավայր է ստեղծում նաև ուրիշ անհատների և հանրության երջանկության համար:

8. Ս. Ա. – Երջանիկ հայ անհատ – Հայի երջանկությունը նյութականով ու կենցաղով չի չափվում։ Ազատություն, պաշտպանվածություն, առողջություն՝ սրանք կարևոր են, բայց ոչ բավարար։ Հային երջանկացնում է իր արմատներին ամուր կպած լինելը, իր հողի, լեզվի, հավատքի ու ընտանիքի շուրջ հավաքված ապրելու զգացողությունը։ Նա երջանիկ է, երբ հայրենիքում խաղաղություն կա, երբ իր զավակը հայրենիքին օգտակար է, երբ իր մշակույթը ծաղկում է ու սերունդներին է փոխանցվում։

Երջանիկ հայ անհատը ոչ թե պարզապես իր պայմաններն է ստեղծում, այլև զոհողության գնով պայծառացնում է իր սերունդների ապագան, իր մշակույթը, իր հայրենիքը։ Նա միայն իր անձնական բավարարվածությունը չի որոնում, այլ ապրում է, որ իր ազգը լինի հարատև ու հաղթական։

Սա է հայ անհատի երջանկությունը։

9․ Ն. Փ. – Հոգատար հանրություն  Ինչպես անհատն իր հաջողությամբ միջավայր է դառնում հոգատար հանրության ձևավորման համար, այնպես էլ հանրությունը դառնում է այն միջավայրը, որտեղ կայանում է անհատի զարգացումը: Կրթությունը, մշակութային կյանքը, աշխատանքը, գործարարությունը, հոգատարությունը շրջակա միջավայրի նկատմամբ, առողջ սննդակարգը և ակտիվ ապրելակերպը, օրենքի նկատմամբ հարգանքը, բազմակարծությունը, ժողովրդավարությունը և դրա շուրջ հանրային միասնությունը մեծապես միջավայրային գործոններ են կամ առավել արդյունավետ դրսևորվում են համապատասխան միջավայրում: Ակտիվ գործարարության, մանկամսուրից մինչև ցկյանս կրթության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, արդարության, օրենքի առաջ բոլորի հավասարության, ազատության պահապանը նաև հանրությունն է՝ որպես այդ արժեքների վրա կառուցված միջավայր:

9. Ս. Ա. – Հոգատար հանրությունը ձևավորվում է ոչ թե միայն նյութական պայմաններով ու համակարգերով, այլ նախևառաջ ազգային ինքնագիտակցությամբ, փոխօգնությամբ ու հայրենասիրությամբ։

Հանրությունը հոգատար է, երբ առաջին հերթին ապահովում է իր զավակների ազգային ու հոգևոր դաստիարակությունը, երբ կրթությունը ոչ միայն հմտություններ է տալիս, այլև ձևավորում է ազգային նկարագիր, հայեցի մտածողություն ու պատասխանատվություն։ Մշակույթն ու արվեստը հայի համար զուտ ժամանց չեն, այլ ինքնության շունչն են, ժառանգության կրողը, որի վրա դաստիարակվում են ապագա սերունդները։

Հոգատար հանրությունը միայն անհատին չէ, որ պետք է ձևավորի, այլ նախևառաջ ամուր ազգ, որ կկարողանա իր զավակներին մեծացնել արժանապատվությամբ, արժեհամակարգով ու հայրենիքի հանդեպ անսասան հավատով։

Սա է հային վայել հոգատար հանրությունը։

10․ Ն. Փ. – Հզոր պետություն – Պետությունը հզոր է այնքանով, որքանով զարգացած է նրա տնտեսությունը: Հետևաբար, քաղաքականությունները պետք է միտված լինեն երկրի տնտեսական հզորացմանը: Պետական շահը տնտեսական զարգացումն է: Սա քաղաքականությունների  ապաարժեքայնացման միտում չէ, որովհետև հանրային տրամադրությունը համարվում է տնտեսության զարգացման կարևորագույն գործոն: Արժեքները և նրանց նկատմամբ նվիրվածությունը, մշակույթը և կրթությունն անհատի և հանրության աշխատանքի, տնտեսական գործունեության մոտիվացման առանցքային գործոն են: Արժեքահեն քաղաքականությունները պետք է միտված լինեն երկրի տնտեսության զարգացմանը:

10. Ս. Ա. – Եթե պետությունն ուժեղ լիներ միայն տնտեսական ցուցանիշներով, ապա շատ հարուստ երկրներ չէին հայտնվի անկման ու կործանման եզրին։

Հային վայել հզոր պետությունը հիմնված է արդարության, համերաշխության, հայրենասիրության և ազգային միասնության վրա։

Պետական շահը միայն տնտեսական աճը չէ, այլ հայ ժողովրդի ինքնիշխան, անվտանգ, արժանապատիվ ու անկախ ապագայի երաշխավորումը։ Եթե պետությունը չունի ամուր գաղափարական ու ազգային հենասյուներ, ապա նույնիսկ ամենազարգացած տնտեսությունը չի փրկի այն կործանումից։

Հզոր պետությունը չի ենթարկվում օտար շահերին, չի զոհաբերում իր ինքնիշխանությունը տնտեսական «օգուտների» դիմաց։ Այն պաշտպանում է իր հողը, իր արժեքները, իր ժողովրդի ինքնությունը՝ գիտակցելով, որ պետականության գերագույն նպատակը ոչ թե շուկայի հզորացումն է, այլ հայ ազգի հարատևությունն ու վերելքը։

11․ Ն. Փ. – Վերափոխումը ոչ միայն ամոթալի չէ, այլև կենսական անհրաժեշտություն է – Վերափոխումը կենսունակության առանցքային պայման է: Ինչպես անհատը, այնպես էլ հանրությունն ու պետությունը պետք է ռեֆլեքսիայի հմտությունը խորացնեն մինչև գենետիկ մակարդակ: Ճշմարտությունը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, այլևս ճշմարտություն չէ, նպատակը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, ինքնանպատակ է, համոզմունքը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, նախկինից մնացած տպավորություն է, իդեալը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, թերի է: Հարափոփոխ կյանքում կենսունակ լինելու միակ բանաձևը ռեֆլեքսիան, ինքնահայեցումը, փոխվելու և վերափոխվելու ընդունակությունն է:

11. Ս. Ա. – Վերափոխումը ինքնանպատակ չէ և չպետք է լինի արժեքների ժխտման կամ ինքնության կորուստի միջոց։ Այն, ինչ սերունդներ կառուցել են, պայքարել են, պաշտպանել են՝ չի կարելի պարզապես վերանայել «մոդեռնիզացիայի» անվան տակ։

Փոփոխությունն անհրաժեշտ է, բայց այն պետք է ուղղված լինի հզորացմանը, ոչ թե ազգային նկարագրի կորստին, հայոց պետական մտածողության թուլացմանը կամ օտար արժեքների կուրորեն ընդունմանը։ Վերափոխումը պետք է լինի ներսից եկող ուժ, ոչ թե դրսից պարտադրված գործոն։

Հայի համար կենսունակությունը չի նշանակում սեփական արմատներից հրաժարվել։ Այն նշանակում է մշակութային, քաղաքական, ռազմական ու տնտեսական իմաստով կատարելագործվել, բայց այդ ամենը անել՝ ամուր պահելով ազգային ինքնությունը։

Հային վայել վերափոխումը հզորանալու, ինքնիշխանությունը պաշտպանելու և պատմական առաքելությունը շարունակելու միջոց է, ոչ թե սեփական անցյալի ու համոզմունքների «ռեֆլեքսիայի» անվան տակ նրանց արժեզրկում։

12. Ն. Փ. – Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ –  Պետությունը սեփական բախտը որոշելու, ճակատագիրը կանխորոշելու լավագույն գործիքն է ժողովրդի համար, բայց այս նպատակին առավել արդյունավետ ծառայելու համար պետությունը պետք է լինի հնարավորինս անկախ: Փոխինտեգրված և գնալով ավելի փոխինտեգրվող աշխարհում անկախությունը ոչ միայն բացարձակ չէ, այլև երբեք չի եղել բացարձակ, որովհետև պետություններն այսպես թե այնպես կախված են այլ պետություններից: Հետևաբար, անկախ եղել են, կան և կլինեն այն պետությունները, որոնք կախված են ոչ թե քչերից, այլ շատերից: Հետևաբար, անկախության ռազմավարությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելու ռազմավարությունն է: Եթե պետությունն արդեն կախված է շատերից, ուրեմն պետք է խնդիր ունենա կախված լինել ավելի շատերից: Բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության նպատակը նույնիսկ շատերից կախվածության մեջ անհամաչափություններ թույլ չտալն է: Սա նշանակում է ոչ թե բոլորից հավասար կախված լինել, այլ մեկից կախվածությունը հավասարակշռել մյուսից կախվածությամբ, բայց այդ հարաբերության մեջ երբեք չլինել ստատիկ: Բալանսավորումն անընդհատ գործընթաց է, որի անհրաժեշտությունը գնահատվում է պարբերաբար:

12. Ս. Ա. – Անկախությունը ոչ թե կախվածության նոր ձև է, այլ կախվածությունից ազատվելու, ինքնիշխանությունը պահելու ու պաշտպանելու կարողություն։

Հայ ժողովուրդը իր անկախությունը ձեռք է բերել արյունով, պայքարով ու ինքնորոշմամբ, ոչ թե պարզապես կախվածության «բալանսավորմամբ»։ Անկախ լինել նշանակում է ունենալ ազգային կամք, ամուր պետականություն, ուժեղ տնտեսություն, պաշտպանունակ բանակ և դիվանագիտորեն խելամիտ դիրքորոշում, որը ծառայում է բացառապես ազգային շահերին։

Հային վայել անկախությունը ոչ թե կախվածության «հավասարակշռում» է, այլ ազատ գործելու հնարավորություն՝ առանց խոշոր ուժերի թելադրանքին ենթարկվելու։

Հային վայել անկախությունն իր սեփական ճակատագիրը որոշելու, ինքնիշխանություն պահպանելու և ազգային արժանապատվությունը վեր դասելու կարողությունն է։

13. Ն. Փ. – Խաղաղությունը հարևանների միջավայրում առանց կողմնակի աջակցության ապրելու հմտությունն է – Խաղաղությունն արտաքին հարաբերությունների վերջնանպատակն է: Երբ խաղաղությունը հաստատված է, այն շարունակում է մնալ արտաքին հարաբերությունների վերջնանպատակ, արտահայտվելով տնտեսական, քաղաքական, մշակութային համագործակցությամբ: Խաղաղությունն առաջին հերթին տարածաշրջանային գործոն է, որովհետև խաղաղությունը կամ նրա բացակայությունն առաջին հերթին արտահայտվում է անմիջական հարևանների հետ հարաբերություններում, ապա միջազգային, ապա համաշխարհային: Խաղաղությունը ռազմավարական և երկարաժամկետ առումով հնարավոր է, երբ դառնում է հմտություն, որը պիտի արտահայտվի հարևանների միջավայրում առանց արտաքին աջակցության և համագործակցված ապրելու կարողությամբ: Խաղաղությունն անվտանգության ամենահուսալի երաշխիքն է: Անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ են տարածաշրջանի երկրների փոխկախվածությունները, տարածաշրջանային և համաշխարհային մատակարարումների ցանցում և առևտրում երկրի ունեցած տեղը: Պաշտպանունակ բանակը նույնպես խաղաղության էական գործոն է, անկախության և պետականության էական բաղադրիչ:

13. Ս. Ա. – Խաղաղությունը գոյատևման միջոց չէ, այլ ազգային անվտանգության, պետականության և ինքնիշխանության արդյունք։

Հայի համար խաղաղությունը չի նշանակում զիջել իր ազգային շահերը հանուն հարևանների հետ «լավ հարաբերությունների»։ Այն չի կարող պայմանավորվել պարտադրանքով կամ թշնամական պետությունների քմահաճույքով։

Խաղաղությունը հնարավոր է, երբ պետությունն ունի ուժ, հզոր բանակ, ամուր դաշնակիցներ և իր շահերն առաջ մղելու կարողություն։ Այն չի կարող կառուցվել տարածաշրջանային կախվածությունների վրա, քանի որ այդպիսի կախվածությունը նշանակում է անվտանգությունը թողնել ուրիշների ձեռքում։ Հայի խաղաղությունը պետք է հիմնված լինի իր ուժի, ինքնիշխանության և ինքնապահովության վրա։

Պաշտպանունակ բանակը խաղաղության երաշխավորն է, ոչ թե դրա հավելումը։ Անվտանգությունը հնարավոր չէ կառուցել առանց հզոր ռազմական ու պետական հենարանների։ Հայաստանի պատմությունը ցույց է տվել, որ խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ մենք ինքներս ունենք խաղաղություն պարտադրելու կարողություն։

Սա է հային վայել խաղաղությունը՝ ազգային շահերի, անվտանգության և արժանապատվության վրա հիմնված։

14. Ն. Փ. – Ապագա կա՛, կա՛ Ապագա – Ապագան այսպես թե այնպես գալու է: Իսկ թե ինչպիսին կլինի, կախված է երեկն ընկալելու և այն այսօրվա աշխատանքի գիտելիք ու հմտություն դարձնելու կարողությունից: Ապագան այսօրվա աշխատանքի արդյունքն է: Ապագան այսօր է: Այսօր սկսիր լինել այնպիսին, ինչպիսին ուզում ես լինել ապագայում:

14. Ս. Ա. – Ապագան պարզապես չի «գալու»՝ այն կերտվում է։ Եվ այն պետք է կերտվի ազգային ինքնության, պետականության ամրապնդման, ինքնիշխանության և անկախության պաշտպանության հիման վրա։

Ապագան չի սկսվում «երեկի ընկալումով», եթե այդ ընկալումը խեղաթյուրված է, աղավաղված կամ հիմնված է օտար գաղափարների վրա։ Երեկը պարզապես անցյալ չէ. այն փորձ է, պայքար է, հաղթանակ է, կորուստ է, որը պետք է դառնա ոչ թե վերացական «ռեֆլեքսիայի» առարկա, այլ դաս՝ մեր պետականությունն ավելի ամրապնդելու համար։

Ապագան չի կառուցվում միայն գիտելիքով ու հմտություններով, այլ ուժով, կամքով, հավատով ու տեսլականով։

Ապագան կերտում են նրանք, ովքեր գիտեն, թե ինչի համար են պայքարում, ովքեր պատրաստ են զոհողության, դիմադրության ու պայքարի՝ հանուն այն արժեքների, որոնք իրենց անցյալն են կերտել։

Սա է հային վայել ապագան։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին