Տեսակէտ
ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ
Խօսքը Օսքարի մասին է։
Երկար ժամանակ է, որ Հոլիուտն ու Օսքարը կորցրել են իրենց նախկին փառքն ու հեղինակութիւնը՝ հէնց իրենց մեղքով։ Խօսքը ոչ-միայն ֆիլմարուեստը շեշտակի քաղաքականացնելու մասին է, այլ՝ յատկապէս մարդկային եւ հասարակական արժէքների խորտակումը ա՛յդ հարթակում։
Ընդունենք հագուստն ու պատշաճ հագնուելը նախ եւ առաջ յարգանք է սեփական անձի, ապա շրջապատի նկատմամբ։ Իսկ երբ այդ «աստղերը» ամեն չափ ու չափանիշ ոտքի տակ դնելով՝ հանդէս են գալիս արտառոց հագուստով, թափանցիկ հագուստով եւ կիսամերկ, ապա շատ պարզ է, որ այդ ամենը ժամանակի ընթացքում ունենալու է կոպիտ հակազդեցութիւն, քանի որ ըստ ամենայնի՝ այդ «աստղերը» անարգում եւ վիրաւորում են ժողովրդին։ Այո՛, վիրաւորել են ամերիկեան հասարակութեանը եւ աշխարհին։
2025-ի Օսքարը դիտողների թիւը ամենաքիչն էր ընդհանրապէս։ Այսօր մի քանի հարթակներում հարցախոյզեր կային Օսքարին առնչուող տարբեր երեւոյթների կապակցութեամբ․ յաղթածներից սկսած մինչեւ հագած շորերը/ հագուստը։
Պէտք է կարդալ սոցկայքերու վրայ մարդկանց գրառումները, քանի որ հարցը բնաւ մակերեսային չէ, բնաւ միայն Օսքարին եւ Հոլիուտին չի վերաբերում։
Ըստ երեւոյթի, դեմոկրատները, կլոպալիստներն ու Հոլիուտը նպատակ ունեն շատ բան վերանայել, քանի որ վաղուց արդէն զգալի է նրանց անկումը՝ բարոյապէս, ե՛ւ քաղաքական հարթակներում։
Եւ ասեմ,-
2025-ի Օսքարում «աստղերը» չափաւոր էին, արտառոց հագուստներ՝ համեմատաբար, քիչ էին, եւ դա արդէն ապացոյց է, որ կլոպալիստներն էլ հասկացել են՝ աշխարհը վերադառնում է մարդկային, հասարակական, կրօնական եւ ազգային արժէքներին։
Այդ արժէքները շատ ծրագրուած ձեւով, բազմակողմանի եւ հետեւողականօրէն ոտքի տակ են դրուել ոչ-միայն Հոլիուտում, այլ՝ մշակութային, հասարակական, քաղաքական եւ ազգային ամբողջ դաշտում։
Ու յիշենք,- Ցանկացած անկում եւ կործանում սկսում է բարոյական անկումով։
Ուշադրութեամբ նայենք Օսքարում այդ «աստղերի» հագուստները։ Տղամարդիկ քոստիւմով էին, կանայք ընդունելի եւ պատշաճ շորերով եւ պատշաճ շպարով։ Վստահ եմ, սա նախապէս ասուել էր այդ «աստղերին», քանի որ զգալի է Հոլիուտը փորձ է կատարում վերականգնել իր վարկն ու հեղինակութիւնը՝ նաե՛ւ յաղթող ճանաչուածների առումով։
Ի դէպ հետաքրքրական է այստեղ նշել, որ Ուքրանիայի պատերազմի մասին նկարահանուած ֆիլմը, որ անցել էր վերջին փուլ, ոչ-մի մրցանակ չստացաւ։
Կարծում եմ, ուզում են խելքի գան ոմանք, սակայն…
Ուշ է, շատ ուշ է։ Հասարակութեան հակազդեցութիւնը շատ մեծ է։ Նրանք նախ պիտի պատասխան տան հասարակութեանը՝ նրան տասնամեակներ անարգելու, ամեն ինչ քաղաքականապէս համահարթեցնելու համար։ Դրանից յետոյ, ԳՈՒՑԷ հասարակութիւնը ների նրանց, ու հեռու ապագայում նրանց ընդունի, որպէս առողջ եւ առաջադէմ մարդկութեան եւ հասարակութեան մաս։
Գրեցի՝ հեռու ապագայում, քանի որ նրանց գործած աւերը շատ մեծ է։ Նրանք այլանդակել են մարդկութիւնը, հասարակութիւնը, ազգային արժէքներն ու բարոյականութիւնը։ Ու ՀԻՄԱ արդէն առողջ բանականութիւնն ու մարդկութիւնը պատասխան է պահանջում այս աշխարհակործան ուժերից։
Մարդկութեան եւ ազգերի պայքարը միայն քաղաքական ոլորտում չէ։ Դա նախ եւ առաջ սկզբունքների եւ արժէքների վերադարձի պայքար է, ազգային արժէքների պայքար է, որ յատկապէս խեղաթիւրուել ու այլանդակուել է հայութեան մօտ ամենուր՝ յատկապէս Հայաստանում։