Երկուշաբթի, 06. 05. 2024

spot_img

Երկիր Ծախողների, Գործակալների Երկիր Իմ Հայաստան

(Մտքեր-Մտորումներ Երեւանից)

Տեսակէտ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԳՅՈԶԵԱՆ

1․ Կէսը տուեցինք թուրքին, միւս կէսն էլ՝ ազերիներին: Հիմա Հայաստանը երկու կողմից սահմանամերձ է…  Հայաստանի հետ:

Անդամահատուած իմ Հայրենիք…Զաւակներդ Ամերիկա-Եվրոպաներում ծուարած, նպաստներից ու թոշակներից կախուած, կայացած իրենց մասնագիտութիւններում եւ օտար լեզուներում՝ հեռուից դիտում են մեր անցուդարձին, չհասկանալով, որ ամեն մէկը լքուած հայրենիքի մի փոքրիկ բեկոր է, ցրուած աշխարհով մէկ: Երկիր կոչուածը մարդն է: Ազգաբնակչութիւնը, որն այսօր փոխում է իր դեմոգրաֆիկ դէմքը: Դառնում ենք տարանցիկ կէտ: Տարանցիկ դէմք։ Ի դէպ վարչապետ կոչեցեալը արդէն Ազրպէյճանին տալիս է ոչ թէ երեք անցակէտ, այլ՝ եօթ։

2․ Լաւ կլինի, եթէ գիտակցուի հետեւեալը․ տարածաշրջանի երկու հարեւանների համար՝ Թուրքիայի եւ Ազրպէյճանի, Հայաստանը պէտք է առանց հայերի։

Իրանի, Ռուսաստանի եւ Վրաստանի համար Հայաստանը պէտք է ՀԱՅԵՐՈՎ։ Սակայն այդ երեք երկրների համար պէտք է ինքնիշխան Հայաստանը, այլ ոչ թէ երկու միւս հարեւանների առաջ կզած եւ յանձնուած փալաս, որի վրայ նրանք իրենց ոտքերն են սրբում։

3․ Քաղաքական աղանդները (9000 հասարակական կազմակերպութիւններ, որոնք ֆինանսաւորւում են ԱՄՆ-ի կողմից), օր օրի տալիս են իրենց պտուղները, ինքնասպանելով Հայաստանը։

4․ Մինչեւ սեպտեմբերի յարձակումը ես էջիս դնում էի գրաւուած Շուշիի, Հադրութի, Քարվաճառի պատկերները․․․որովհետեւ դեռ կար Արցախի այն հատուածը, որը մնացել էր մեզ․․․ Այսօր չեմ կարող նայել Արցախի որեւէ մի պատկեր՝ սիրտս կտոր-կտոր է լինում, ժամանակ է պէտք երեւի։ Մենք շատ անհամբեր ազգ ենք․ ամեն ինչ հիմա ենք ուզում, չենք հաւատում վաղուայ օրին եւ չենք ապաւինում մեր ուժին ու կամքին։ Մենք ենք ՏԷՐԸ մեր բնօրրանի, պիտի չերկմտենք, պարզապէս պիտի փոխենք մեր կեանքի առաջնահերթութիւնները․ սկզբից հայրենիքը, յետոյ տուն-տեղ, ընտանիք, երեխաներ եւ նրանց ապահովութիւնը։

5․ Ասում են ՛՛արցախցին կորցրեց իր հայրենիքը՛՛։ Իրականում Արցախը կորցրել ենք մենք, Հայաստանում եւ սփիւռքում ապրող հայերս, քանզի Արցախը Հայաստանի ամենասրբազան մասն էր կազմում եւ այս վերջին 30 տարուայ մէջ Հայաստանի ոչ մի ուրիշ մասի համար այդքան արիւն չենք թափել, քան մեր Արցախի համար: Չի կարելի առանձնացնել արցախցուն հայաստանցիներից եւ ընդհանրապէս հայերից։Չի՛ կարելի տրուել յանցաւոր իշխանութիւնների այն գաղափարին, որ հայը զոհուել է Ազրպէյճանի հողի համար։

6․ Մենք ոչինչ չենք կորցրել, եթէ չենք հաշտուել կորստի հետ։ Այնպէս որ հանե’նք կորուստը առաջին հերթին գլխից եւ դիտարկե’նք Հայաստանը ամբողջովին՝ իր բոլոր կորցրած հատուածներով հանդերձ։ Յիշե՛նք, որ դա ժամանակաւոր է, նոյնիսկ եթէ այդ ժամանակաւորը տասնեակ կամ հարիւրաւոր տարիներ տեւի։

7․ Ազերիները իրենց բոլոր յայտարարութիւնների իսկութեան համար արդէն չեն դիմում ստերի, այլ յղում են կատարում ՀՀ-ն իշխանաւորների յայտարարութիւններին։

8․ Լրագրողը հարցնում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրեանին․

– Ո՞վ է ճանաչել Արցախը Ազրպէյճանի կազմում։

Նախագահը պատասխանում է․

– 1991-ին է ճանաչուել։

Լրագրող – Իսկ ինչո՞ւ Ազրպէյճանը չի վերցրել; Չի՞ կարողացել։

Վահագն Խաչատուրեան – Երեւի․․․

Պահպանուել է 2007-ի տեսանիւթը, որտեղ սոյն սուտասանը հրապարակաւ ճառախօսում է․

«․․․Այսօր մենք պէտք է արձանագրենք, որ մենք ունենք անկախ հանրապետութիւն, մենք յաղթեցինք պատերազմում, մենք կարողացանք Ղարաբաղին չթողնել Սովետական Միութեան կամ Ազրպէյճանի կազմում»։

9. Արցախը այն ՀԱՑն էր, որ մենք խլեցինք մեր երեխաներից։ Դրախտից վտարուածներն ենք մենք։ Եթէ փոխակերպենք Աստուածաշնչային սիւժեն, ապա Օձը տարավ մեզ Խնձորի ետեւից եւ մենք զրկուեցինք Դրախտից․․․

Սէրը դա ուժ է, մենք ուժ չունենք սիրելու մեր հայրենիքը։ Ինչ էլ ոչ չանենք հիմա, ինչով էլ որ չուրախանանք, հոգու խորքում գիտենք, որ անկումի մէջ ենք։ Ո՞նց կարող ենք դուրս գալ այս վիճակից։

10. Շատ եմ լսում մի անհեթեթ «ողբ»՝՝ «Աշխարհը լուռ է մեր ցեղասպանութիւնների հանդէպ»․

ա․ 100 տարի անց, երբ կրկնուեց ցեղասպանութիւնը, մենք արդէն ՄԵՐ աչքերով տեսանք, որ դա ինքնացեղասպանութիւն էր։

բ․ Այո, աշխարհը միշտ լուռ է մնում աշխարհում կատարուող ողբերգութիւնների հանդէպ։ Դեռ աւելին, երջանիկ լռութեան մէջ է, որովհետեւ եթէ դա կատարւում է ՈՒՐԻՇԻ հետ, ուրեմն չի կատարւում ԻՐ հետ։ Եւ լռում է,

գ․ Ինչպէս մենք ինքներս ենք լռում միւսների (նոյնիսկ սեփական) ողբերգութիւնների հանդէպ։

11. Մի կարծրատիպ արտայայտութիւն եւս կայ՝

«Ամէն մէկն իր գործով պիտի զբաղուի»․ շատ լաւ, բայց դա հնարաւոր է միայն այն դէպքում, երբ այսօրուայ կառավարիչները չզբաղուեն այն գործով, որը իրենցը չէ․․․

12. Տեսէ՛ք ինչ է այստեղ գրուած․

՛՛Հայ-Ազրպէյճանական սահմանի Ղազախ-Իջևան հատուածում գերիների փոխանակումն սկսուել է։ 2 ռազմագերիներ վերադառնում են Ազրպէյճան, 32 հայ գերի կը տեղափոխուի Հայաստան:

Այս մասին յայտնում են Ազրպէյճանական լրատուամիջոցները՛՛:

Ուրեմն երկու ոճրագործներին ներկայացնելով ռազմագերի, մեր թշնամին աշխարհին ցոյց է տալիս, որ 32-ին փոխանակում է 2-ի հետ։

12. Կործանումը այսպէս է լինում։ Ամէն ինչ ոչնչացւում է առանձին-առանձին։ Հիմա ֆերմերների հերթն է, նրանք զրկւում են անծայրածիր ռուսական շուկայից, որը ոչ մի ուրիշ շուկայ չի կարող փոխարինել։ Ուզում էք ասել, որ Թուրքիա՞ն կը փոխարինի։ Մի ծիծաղացրէ՛ք, Թուրքիան դա նոյն Հայաստանն է, բայց աւելի մեծ մասշտաբներով․ դա մի երկրիր է, որտեղ միաժամանակ տարուայ 4 եղանակներ կան եւ նա հայկական ծիրանի կարիքը չունի․․․

13.Ոչինչ պատահական չի քաղաքականութեան մէջ․

3 տարի առաջ՝ դեկտեմբերի 19-ին վարչապետ կոչեցեալը խայտառակ կռուով-դաւով մտաւ Եռաբլուր, որպէսզի իբր խոնարհուի նահատակների շիրիմի առջեւ,որովհետեւ Արցախը դեռ կանգուն էր թէկուզ այդ մնացած հատուածով։ 3 տարի անց՝ նոյն դեկտեմբերի 19-ին նա տօնեց Արցախի յանձնումը Երեւանի Հանրապետութեան հրապարակում։

Այլեւս չկայ Արցախ (նրա համար)։

Չկայ Արցախ, ուրեմն չկան եւ Արցախի համար նահատակուածները Եռաբլուրում։ Այսպիսով տեղի ունեցաւ նահատակների սպանութիւն։

14․ Վաղ, դեռ վարդագոյն առաւօտ է։ Այն սկսւում է ինձ համար Արարատ լեռից։ Ես պիտի նայեմ նրան աչքերի մէջ, եւ նա ինձ պիտի ասի, որ միայն լեռն է յաւերժ, իսկ մնացածը՝ դա ամպերն են, որոնք պտտւում են իր շուրջբոլորը եւ անհետանում։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին