Ուրբաթ, 01. 03. 2024

spot_img

ՀՀ իշխանությունը շարունակում է խաղաղություն մուրալ թշնամուց՝ առանց հասկանալու, որ խաղաղություն մուրացողը թե՛ պատերազմ կունենա, թե՛ պարտություն. Սևակ Հակոբյան

Ընկեր Սևակ Յակոբեան այսօր հարցազրոյց մը շնորհած է պաշտօնակից «ԱԶԳ»ին: Կ՛արտատպենք նոյնութեամբ:

-Պարո՛ն Հակոբյան, երեկ Հայաստան վերադարձավ Բաքվի բանտերում պահվող 32 հայ ռազմագերի։ Ըստ նախնական ցուցակի՝ վերադարձողների թվում պետք է լիներ նաև Վիգեն Էուլջեքջյանը, սակայն ադրբեջանցիները նրա փոխարեն այլ գերու էին ուղարկել։ Ձեր կարծիքով, նրա անունը պատահաբա՞ր էր հայտնվել ադրբեջանցիների հրապարակած առաջին ցուցակում։ Հավատո՞ւմ էիք, որ նրան ազատ կարձակեն, չզարմացա՞ք, երբ Վիգենի անունը տեսաք ցուցակում։

-Նախ շնորհակալ եմ այս առիթի համար՝ բարձրաձայնելու համաքաղաքացի Վիգեն Էուլջեքջյանի արդար դատը, որովհետև նա իզուր տեղը տանջվում է թշնամի երկրի բանտային պայմաններում։ Վիգենի, ինչպես նաև մյուս բոլոր հայորդիների՝ ժամ առաջ տուն վերադարձը բոլորիս սրտի ցանկությունն է՝ թե՛ ազգային, և թե՛ մարդկային իմաստով:

Ինչ վերաբերում է հարցին՝ պատահաբար էր թէ ոչ, ապա այդ մասին ոչ մի բան չեմ կարող ասել, սակայն փաստն այն է, որ ադրբեջանական կողմը Վիգենի անունը նշել էր իր հայտարարած պաշտոնական ցանկում, իսկ ՀՀ վարչապետի կողակցի՝ Աննա Հակոբյանի գլխավորած թերթը՝ «Հայկական Ժամանակ»-ը՝ նույնությամբ արտատպել: Հավատալ կամ չհավատալն՝ իր հերթին, սակայն մեր թերթն այս լուրը հարցական վերնագրով էր տպել, ինչը ցույց էր տալիս ադրբեջանական կողմի հետ գործարքի մեջ մտնելու  արդյունավետության վերաբերյալ մեր  թերահավատությունը։

-Պարո՛ն Հակոբյան, հայտնի է, որ Վիգենի վրա Բաքուն առանձնապես է սևեռված։ Նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ կեղծ մեդադրանքներ ներկայացնելով՝ ահաբեկիչ, դիպուկահար և այլն։ Չե՞ք կարծում, որ Ադրբեջանը նրան այդքան հեշտ բաց չի թողնի, նրա ազատության գինը շատ թանկ կլինի։

-Տվյալ չունեմ, որ Բաքուն նման հատուկ սևեռում ունի, նամանավանդ, որ Վիգենը մեր միակ հայրենակիցը չէ, որը ենթարկվել է նման բեմադրված դատավարության ու անարդար վճիռի: Սակայն Վիգենի պարագան առանձնահատուկ է այն իմաստով, որ նա երկքաղաքացի է, իսկ պատանդ բռնող կողմը, լինի պետություն, թե առանձին խմբավորում, փորձում է առավելագույն «գինը» կորզել համապատասխան երկրից կամ երկրներից: Այս պարագայում՝ կրկնակի:

-Անձամբ ճանաչո՞ւմ եք Վիգենի ընտանիքին։ Հայտնի է, որ նրա կինն էր ահազանգել, որ ամուսինն աղերսել է իրեն ազատել բանտից, որ այլևս չի դիմանում։ Ի՞նչ վիճակում է ընտանիքը, տեղյա՞կ եք։

-Ընտանիքին անձնապես ծանօթ չեմ,սակայն արաբական մամուլի  մեր գործընկերը՝ Ժորժ Աքուրին, ում հետ սերտորեն համագործակցում ենք Վիգենի հարցով և ոչ միայն, մշտական կապի մեջ է Վիգենի կնոջ հետ։ Նա լիբանանյան և արաբական մամուլի էջերում մեր հայրենակցի արդար դատի թեման միշտ հրատապ է պահում՝ դրանով անշուշտ խրախուսելով նաև նրա ընտանիքին ու հարազատներին:

-Պարո՛ն Հակոբյան, մինչև երեկ Հայաստանում պահվում էին ադրբեջանցի երկու զինվոր, ընդ որում՝ նրանցից մեկը՝մարդասպան։ Նա սպանել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցին, նաև ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել, որ իրենք պետք է հնարավորինս շատ հայերի մորթեն։ Փաստորեն, երկու հայատյաց հանցագործներն ազատ արձակվեցին. համոզված չե՞ք, որ հատկապես հայ սպանած ահաբեկչին Բաքվում հերոսի կոչում են տալու։

-Ոչ միայն համոզված եմ, այլ վստահ եմ, որ ադրբեջանական լկտի կողմը անպայման պիտի դիմի այդ քայլին՝ ճիշտ Ռամիլ Սաֆարովի օրինակով՝ փորձելով ավելի նվաստացնել մեր ժողովրդին: Սակայն ամոթի իսկական խարանը պատմության մեջ պիտի մնա Հայաստանի այսօրվա  իշխանությունների ճակատին, որոնք ոչ միայն հայ ռազմագերիներին փոխեցին՝ հանձնելով ոճրագործին, այն էլ պատեհ և էժան գործարքի արդյունքում (ինչ-որ միջազգային միջոցառում հյուրընկալելու համար իր տեղը զիջել թշնամուն), որն ինքնին նսեմացնում է թեկուզ չարագուշակ, սակայն գոյություն ունեցող նոյեմբեր 9-ի պայմանագիրը, ըստ որի՝ ռազմագերի մեր հայորդիները երեք տարի առաջ պետք է իրենց տներ վերադարձած լինեին:

Հակառակ այս փաստին՝ ՀՀ իշխանությունները, տակավին առանց գերիների տարրական օրակարգը նախապայման դարձնելու, շարունակում են խաղաղություն մուրալ թշնամուց՝ առանց հասկանալու, որ խաղաղություն մուրացողը թե՛ պատերազմ կունենա, և թե՛ պարտություն։

Մնում է նաև այստեղ որպես ամոթանք նշել, որ հայկական կողմն իր դեկտեմբեր 7-ի համատեղ հայտարարության մեջ նույնիսկ չէր համարձակվել Բաքվում անազատության մեջ պահվող մեր տղաների կարգավիճակի իրական քաղաքական հանգամանքը նշել. նրանք ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐ են և ոչ թե, ինչպես հայտարարությունում է սոսկ նշված,  զինծառայողներ…

-Պարո՛ն Հակոբյան, իհարկե շատ ուրախալի է, որ հայ 32 ռազմագերիները վերադարձան, բայց ՀՀ իշխանությունների զիջողական, ադրբեջանամետ քաղաքականությունը հաշվի առնելով՝ մտավախություն չունե՞ք, որ սա զուտ բարի կամքի դրսևորում չէր, սրա գինն ուրիշ է, որի մասին հասարակ մահկանացուներս դեռ չգիտենք։

-Բնականաբար Ձեր հետ ես էլ եմ փառք տալիս Աստծուն, որ մեր 32 տղաները ողջ-առողջ վերադարձան իրենց ընտանիքներ: Սակայն ես էլ համաձայն եմ, որ թշնամին, երբ իր դիմաց ունի մեր իշխանությունների նման կրավորական բանակցող, բնական է, որ իր պահանջած գինը միշտ բարձր պիտի պահի: Իսկ եթե մեր 32 շարքային ռազմագերու կամ պատանդի դիմաց կարողացավ կորզել այն ինչ, որ կորզեց, ապա պատկերացնում եմ, որ ինչ պիտի լինի իր պահանջելիք գինը՝ ազատ արձակելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին: Սրտանց ցանկանալով, որ ոչ մի  հայորդի չմնա թշնամում մոտ որպես պատանդ՝ հույս եմ տածում, որ նրանց ազատ արձակելու գինը հանկարծ Սյունիքը չլինի…

-Պարո՛ն Հակոբյան, կարո՞ղ էին ՀՀ իշխանությունը մինչ այժմ կասեցնել Ադրբեջանի և մյուս երկրների հետ բոլոր հանդիպումները և պայմանավորվածությունները ՝ պահանջելով, որ մինչև բոլոր գերիներն ազատ չարձակվեն, ոչ մի քայլ չի անելու։ Այդպես չանելով՝ Հայաստանի իշխանությունը, փաստորեն, լեգիտիմացրեց Ադրբեջանի պատերազմական հանցագործությունը՝ ռազմական գործողություններից հետո չվերադարձնելու հայ գերիներին, ավելին՝ նրանց դատելու կեղծ մեղադրանքներով՝ ահաբեկիչ, Խոջալուի «ցեղասպանության» մասնակից և այլն։

-Այո՛, ճիշդ այս մասին նշեցի վերևում: Ասեմ ավելին. ՀՀ իշխանությունները նման գործարքներով ոչ միայն օրինականացնում են Ադրբեջանի ոճիրները, այլև գեղեցկացնում են նրա դեմքը՝ նրան ներկայացնելով որպես մարդասեր ու քաղաքակիրթ ռեժիմ:

 Բայց Ձեր նշած նախապայմաններով առաջ գնալու համար նախ պետք է ունենալ ազգային իշխանություն և հմուտ արտաքին քաղաքականություն վարող կադրեր և ոչ թե բախտախնդիր և ապիկար խմբակ, որ ինքն էլ չգիտի՝ ինչ կենսական քայլեր ձեռնարկի մեր ժողովրդի և Հայրենիքի ազգային անվտանգության և ապագայի համար, որն, իդեպ, այսօր ինձ շատ մռայլ է ներկայանում։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին