Երեքշաբթի, 07. 05. 2024

spot_img

Մեկնարկեց Միացեալ Նահանգների և Գանատայի Թէքէեան Մշակութային Միութեան Վաչութեան՝ Բռնագաղթած Արցախցիների Անհատական Օգնութեան Ծրագիրը

Միացեալ Նահանգների և Գանատայի Թէքէեան Մշակութային Միութեան վարչութիւնը  տասնամեակներ շարունակ Հայաստանին և Արցախին օժանդակելու մեծ փորձ ունի, շուրջ 30 տարի բազում ծրագրեր է իրականացրել ու շարունակում է իրականացնել:

            2023 թուականի սեպտեմբերի 19-20-ն Արցախը  ապրեց ողբերգական օրեր:

    Արցախահայութիւնը, Ազրպէյճանի կողմից 9 ամիս շարունակ շրջափակման մէջ լինելով, տոկաց, դիմացաւ, զրկանքներով  յաղթահարեց սովն ու ցուրտը, ունենալով նպատակ, որ երեք հազարամեակ իր պապենական հողի վրայ ապրելով՝ իրաւունք է ձեռք բերել մնալու և ապրելու իր հողում:

   Ազրպէյճանը, նախ շրջափակման ենթարկելով, սովի մատնեց  ժողովրդին, այնուհետև լայնածաւալ անսպասելի ու ուժգին յարձակում սկսեց  Արցախի վրայ՝ ռմբակոծելով բնակավայրեր, դպրոցներ, հիւանդանոցներ:

   24 ժամուայ ընթացքում արցախահայութիւնը պատմութեան մէջ առաջին անգամ 100 տոկոսով դատարկուեց: Արցախցիներին ստիպեցին բռնագաղթել իրենց Հայրենիքից։

  Նոյն օրը լուր տարածուեց մէկ այլ սարսափելի արհաւիրքի մասին. Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հատուածում՝ վառելիքի պահեստում, պայթիւն տեղի ունեցաւ, որին յաջորդեց սոսկալի հրդեհը։ Արցախցիները՝ մեծ մասամբ տղամարդիկ, եկել էին պենզին տանելու, որպէսզի կարողանան ժամանակին հեռանալ Արցախից։ Պայթիւնի ու հրդեհի հետևանքով 200-ից աւելի մարդ է զոհուել, կան հարիւրաւոր անհետ կորածներ։ Տեղանքից տարհանուել է 140 այրուած մասունք։

  Յաջողուեց երկու օրուայ ընթացքում պայթիւնից տուժածներին հասցնել Հայաստանի հիւանդանոցներ։  

   ԹՄՄ-ը որոշեց նախ օգնութիւն տրամադրել Երևանի Այրուածքաբանութեան կենտրոնում բուժուող  արցախցիներին:

Պատմում է ԱՄՆ և Գանատայի ԹՄՄ վարչութեան հայաստանեան գրասենեակի տնօրէն Գայիանէ Մուրատեանը.

   Ես չորս օր շարունակ գնում էի հիւանդանոց և ընդունարանում հանդիպում, խօսում հիւանդապահ մայրերի, քոյրերի, կանանց, պապիկների  կամ ողջ մնացած տատիկների հետ …  իրենցից վերցնում էի անհրաժեշտ  տեղեկութիւնները, որպէս նուիրատուութիւն՝ բանկային հաշուին փոխանցուած գումարները ընտանիքներին տրամադրելու համար: Փոխանցումները կատարուել են 2023 թուականի հոկտեմբերի 9-ին:

   Յատկացուած օգնութիւնը ԱՄՆ և Գանատայի ԹՄՄ հայաստանեան ներկայացուցչութեան  պանքային հաշուեհամարից փոխանցուել է շահառուի պանքային հաշուին:

    Ծանր այրուածքներ ստացած պացիենտներից մի քանիսը   բժիշկի երաշխաւորմամբ  տեղափոխվեցին Ֆրանսիա, Գերմանիա, եւրոպական այլ երկրներ՝ բուժումը շարունակելու։ Ցաւօք, նրանք, որոնց մարմնի 60 տոկոսից աւելին այրուել էր, մահացան։

   Գաբրիէլեան Նարեկին (27 տարեկան) խնամում էր քոյրը՝ Էգնարան, նա ամեն առաւօտ եղբօր համար սնունդ էր բերում, ողջ օրը նստում էր կողքին, կերակրում ու հոգ տանում:

   Սաղաթելեան Լևոնի (25 տարեկան)  և եղբօր՝ Վրէժի (24 տարեկան)  ձեռքերն ու դէմքն էին այրուել։ Մայրը՝ Կարախանեան Մարինեն,  մէկ Լևոնի մօտ էր վազում՝ Այրուածքաբանական, նրան կերակրելու կերակրելու,  մեկ էլ՝ մաշկաբանական հիւանդանոց՝ խնամելու Վրէժին:

  Առուստամեան Մհերինին (55 տարեկան)   խնամում էր մասնագիտութեամբ բժիշկ որդին՝ Գուրգէնը, նա դասի չէր գնում, սպիտակ խալաթը հագած գալիս-կանգնում էր բժիշկների կողքին և օգնում վիրակապել հիւանդներին։

Մարտիրոսյան  Մհերին (27 տարեկան)  խնամում էր քոյրը՝ Մարինէն, Խաչատրեան Եգորին (30 տարեկան)  խնամում էր կինը ՝ Սնեժաննան։ Ամուսինը շատ ծանր վիճակում էր, խնդրում էր ինձ միջնորդել արտասահման տեղափոխել և բուժումն այնտեղ շարունակել։:

  Բոլորի հետ հարազատական կապ էի զգում և այդ օրերին ապրում էի նրանց հոգսերով։ Անընդհատ հարցնում էի՝ ինչպէս է անցել վիրահատութիւնը, գիշերն ինչպէս է անց կացրել…

   Հզօր ու հպարտ արցախցին տոկունութիւն ու լաւատեսութիւն էր ներշնչում՝ փառք տալով Աստծուն, որ իր հայրը, որդին, եղբայրը գոնէ ողջ է մնացել։ Թէկուզ այրուածքներով, որ յետոյ խոր սպի է դառնալու, բայց գոնէ ողջ է։ Խնամողներից շատերը երեխաններին հետներն էին բերում և մի քանի ժամ մնում էին նստած աթոռներին՝ բժիշկներից մի լաւ լուր ստանալու յոյսով …

   Արցախահայերի օգնութեան ծրագրերը շարունակւում են:

«Ազգ»

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին