Հինգշաբթի, 09. 05. 2024

spot_img

Մեծ Թուով Զոհեր Ուքրանիայում…

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Միջազգային տարբեր լրատուներ գրում են մեծ թուով զոհերի մասին Ուքրանիայում պատերազմում։ Զոհեր են տուել երկու կողմը։ Յունիսի 4-ից սկսած՝ Ուքրանիայի բանակի նոր յարձակումին իբրեւ հետեւանք՝ մինչեւ հիմա մահացել են աւելի քան 40,000 ուքրանիացի զինուորներ, ու այս թուի համարեա երկու անգամը վիրաւորներ կան։ Ռուսական կողմի զոհերի մասին ստոյգ թուեր չկարողացայ գտնել, բայց բելառուսեան մի լրատուի տեղեկութեամբ՝ ռուսական կողմի զոհերի թիւը շատ աւելի քիչ է։ Ուքրանիան կորցրել է նաեւ մեծ թուով զրահատեխնիկա․ նաեւ գերմանական եւ ամերիկեան ծանր ռազմատեխնիկա։ Տարբեր թուեր կան։

    Այս նոր յարձակումից առաջ, հէնց Զելենսկին յայտարարեց, որ նոր գրոհի հետեւանքով ունենալու են մեծ կորուստներ, բայց գնում են այդորոշման։Ռազմական հարցերի վերլուծաբաններ վկայեցին, որ Ուքրանիայի այս գրոհի արդիւնքը ճակատագրական կը լինի Ուքրանիայում պատերազմի ելքն իմանալու համար

    Ռուսական կողմն յայտարարեց, որ այս ծաւալով պատերազմը կարող է շարունակուել մինչեւ աշուն, քանի որ աննպաստ եղանակը ազդելու է պատերազմական գործողութիւնների վրայ։ Բրիտանական BBC-ն վկայեց, որ ռուսական կողմը պատրաստ է եղել այս գրոհին, նրանք լաւ պաշտպանութիւն են ցոյց տուել, պաշտպանական պեթոնէ խրամատներ են քանդել ու մինչեւ հիմա կարողացել են դիմակայել։

Ի՞նչ կը լինի պատերազմի աւարտը։ Մենք չդատենք, մեր գործը չէ։

    Նկատելի է, որ արեւմտեան որոշ երկրների ռազմատենչ յայտարարութիւնների կողքին, հէնց այդ երկրները միջոցների են դիմում պատերազմը խաղաղ միջոցներով վերջացնելու։ Այս մասին յայտարարեց ԱՄՆ պետքարտուղարը՝ Չինաստան այցից առաջ։ Նա յստակ նշեց, Փեքինում խօսելու է Չինաստանի կարեւոր միջնորդութեան մասին, որպէսզի վերջ գտնի պատերազմը։ ԱՄՆ-ի պետքարտուղարի Չինաստան այցին նախորդեցին եւրոպական մի շարք երկրների ղեկավարների եւ պատուիրակութիւնների այցերը Չինաստան՝ նոյն խնդրանքով։

    Ուքրանիայում պատերազմի մասին այսօր խօսեց Պելառուսի նախագահ Լուկաշենքոն։ Նրա խօսքերը անչափ կարեւոր եմ իմանում ես։ Նա նշեց, որ Ուքրանիացի ժողովուրդը՝ ի տես մեծ թուով զոհերի, չի ցանկանում շարունակուի պատերազմը, ժողովուրդը խաղաղութիւն է ուզում, եւ հակառակ արեւմտեան որոշ լրատուների պնդումներին՝ Ռուսաստանում մեծացել է Փութինի նկատմամբ սէրն ու վստահութիւնը․․․ Մենք չդատենք։

    Լուկաշենքոյի խօսքի ամենակարեւոր բաժինը ադոմական պատերազմի կապակցութեամբ էր։ Նա նշեց, որ կայ այդ պատերազմի վտանգը եւ ինքը պատրաստ է սեղմել այդ կոճակը։ Իհարկէ, գիտենք, որ Պելառուս տեղափոխուող՝ Ռուսաստանի ադոմական զէնքերը վերահսկուելու են ռուսների կողմից, բայց Լուկաշենքոյի այդ ակնարկը կարեւոր է այն առումով, որ Ռուսաստանը կը գնայ նաեւ այդ ճամբով, եթէ չյարգուեն նրա կարմիր գծերը։

    Քանի մը օր առաջ Փութինը հանդէս եկաւ մի շատ կարեւոր յայտարարութեամբ։ Նա նշեց, որ Ուքրանիայի անկախութեան հռչակագրի համաձայն՝ Ուքրանիան չէզոք երկիր է։ Սա արդէն ուղիղ ակնարկ էր այն հարցին, որ Ուքրանիան չի կարող լինել ՆԱԹՕ-ի անդամ։ Փութինը նաեւ կոչ ուղղեց ՆԱԹՕ-ին՝ բանակցութիւն սկսելու Ռուսաստանի հետ։

    ԱՄՆ-ում արդէն նկատուող որոշ դիմաշրջումների պատճառի մասով՝ ես կ՛աւելացնեմ ԱՄՆ-ի ներսում բանեցուած ճնշումները: Բայց ամենակարեւորը կայ եւ մնում է ամերիկացի սովորական ժողովրդի մեծ դժգոհութիւնն ու պահանջը՝ դադարեցնել Ուքրանիա եւ ուրիշ երկրներ մեծ գումարներ ուղարկել, դադարեցնել պատերազմներն աշխարհում, քանի որ ժողովուրդը չի ցանկանում մի ուրիշ նոր մեծ պատերազմ, չի ցանկանում նոր աշխարհամարտ։

    Եւ այստեղ, անշուշտ, իր կարեւոր եւ որոշիչ դերակատարութիւնն ունի ԱՄՆ յաջորդ նախագահական ընտրութիւնների արդիւնքները։ Դեմոկրատները գուցէ հասկացան, որ եթէ շարունակեն աշխարհում սրացումները, նրանք հաստատ պարտուելու են, ու նաեւ չեն կարողանայ շուռ տալ 2024 թուականի նախագահական ընտրութիւնների արդիւնքը։ Այս անգամ էլ պարտուելու դէպքում, մեծ հարցականի տակ է առնւում Դեմոկրատ կուսակցութեան ապագայ գործունէութիւնն ու գոյութիւնը․․․ Դեմոկրատ կուսակցութեան հին թեւին սա գուցէ հասկացրել են նոր դեմոկրատները, եւ այս հանգամանքը կարող է որոշիչ դառնալ Ուքրանիայում պատերազմի ելքի նկատմամբ։

    ԱՄՆ-ին սպասւում է նոր գնաճ։ Կուտակուող պարտքերը պիտի վերադարձուեն, ու դա հնարաւոր է միայն տուրքերի տոկոսադրոյթների բարձրանալով, եւ․․․ թոշակառուների ամսական վճարները պակսեցնելով։ Լրատուները գրում են թոշակների մինչեւ 20 տոկոս պակսեցնելու մասին։ Այս լուրը շրջանառութեան մէջ են դրել դեմոկրատ լրատուները ու մարդկանց գրառումները խիստ քննադատական եւ հայհոյախառն է։ Իմ կարծիքով, հիմա նշում են 20 տոկոս, որպէսզի երբ որ թոշակների գումարը պակսեցնեն ասենք 10 տոկոսով, մարդիկ գոհ ու բաւարարուած մնան եւ փառք տան Աստծուն՝ 20 տոկոսով չպակսեցնելու համար։ Վիճակը մտահոգիչ է Միացեալ Նահանգներում, եւ կարող է լարուել՝ հէնց տնտեսական հարցերի նկատառումներով։ Սա իր որոշիչ ազդեցութիւնը կ՛ունենայ Կոնգրեսի եւ նախագահական յառաջիկայ ընտրութիւնների վրայ։

*     *     *

    Մամուլը հակասական լուրեր է հաղորդում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ շուտով ձեռք բերուող ժամանակաւոր համաձայնագրից։ Երկու կողմը մէկ հերքում են լուրը, ուրիշ անգամ՝ հաստատում են։ Խօսքը վերաբերում է Իրանի ադոմական գործունէութիւնը վերահսկելի դարձնելու դիմաց՝ Իրանի սառեցուած աւանդները ազատելու մասին։ Խօսքը մէկ տարուայ ժամանակաւոր համաձայնագրի մասին է

    Իրանի հոգեւոր առաջնորդը իր համաձայնութիւնն է տուել ԱՄՆ-ի հետ նման համաձայնագիր կնքելու հետ, միաժամանակ շեշտել է, որ չպիտի վտանգուի Իրանում ադոմական կայքերի օրինական գործունէութիւնը։ Արդէն իմացանք, որ ԱՄՆ-ի համաձայնութեամբ՝ Իրաքը Իրանին է վճարելու մօտ 3 միլիարդ դոլար․ դա Իրաքի պարտքի գումարի մի բաժինն է, որ պիտի յատկացուի երկրի համար կենսական կարեւորութիւն ունեցող ապրանքների ներմուծման համար․ դեղորայք, հացահատիկ, ուրիշ պարէններ։ Սա մի դրական ազդանշան է Իրան-ԱՄՆ յարաբերութիւնների իմաստով։ Արդէն խօսւում է կասեցնել ուրիշ երկրներում իրանական աւանդների սառեցումները։

    Իրանի աշխարհագրական կարեւոր դիրքի եւ մօտ ապագայում Իրանի դերի մեծացման մասին ձեզ տեղեկութիւններ ուղարկել եմ։ Եւ ճիշտ էր իմ կարծիքը, որ Հայաստանի տարածքից Զանգեզուրի միջանցք թոյլ չտալը ԴՈՒՐՍՆ է կանխել․ նկատի ունէի առաջին հերթին Իրանին, յետոյ՝ Ռուսաստանին։ Էրդողանի խօսքը, որ ասաց Երէկ Ադրբեջանում, նոյնն էր։ Նա շեշտեց, որ Զանգեզուրի միջանցք չբացելը Հայաստանի խնդիրը չէ․ Իրանն է խոչընդոտում։

Ու նորից համոզւում եմ, որ հայութիւնը չի որոշում իր երկրի ճակատագիրը։ Եւ յոյս ունեմ այդ դուրսը արագ կը շարժուի՝ Հայաստանում հայակործան ընթացքները կասեցնելու համար։ Յոյսս կտրել եմ հայկական կազմակերպութիւններից, որոնք նկատառելի ուժ չեն ներկայացնում ընդհանրապէս։

    Կարծում եմ, աշխարհը եւ ԱՄՆ իրաւ մտաւորականութիւնը յաջողեց կանխել ուրիշ սրացումներ աշխարհում, գուցէ նաեւ կարողացաւ կանխել Դեմոկրատ կուսակցութեան սպառուած թեւի՝ իրականութիւններից հեռու ծրագրերը․․․ Աշխարհը գուցէ կարողացաւ կանխել վերահաս նոր աշխարհամարտը։ ԳՈՒՑԷ։ Շտապ չդատենք․ ապագան առջեւում է, ապագայում կիմանանք շատ բան։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին