Չորեքշաբթի, 24. 04. 2024

spot_img

Ահազանգ

Տեսակէտ

ՍՈՆԱ ԱՂԵԿԵԱՆ

Ողջոյն, հայ մարդ,

Չգիտեմ, թէ որքանո՞վ ես անհանգիստ հայի, Հայաստանում առկայ իրավիճակի մասին, ստիպուած եմ ահազանգել։

Հայաստանում հիմնովին վերացնում են ազգային կրթութիւնը, կրկին պատրաստւում են տպագրել դասագրքեր, որոնք համապատասխանեցուած են ,,ժողովրդավար,, Հայաստանի չափորոշիչներին։ Ինքս լինելով 2 աշակերտուհու մայր, ամեն օր առնչուելով 2019, 2020, 2021 թուականներին տպագրուած ,,դասագիրք,, կոչուածների որակին, պարունակութեանը, անգրագիտութեանը՝ թէ՛ ուղղագրական,  թէ՛ կէտադրական սխալներին, թէ՛ չկապակցուող մտքին, թէ՛ այլասերուած բառերի ու արտայայտութիւնների առկայութեանը, իրաւունք չունեմ լռելու։

Առաւել սարսափելի է դառնում պատկերը, երբ մեր այս ճակատագրական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարուհի Ժաննա Անդրէասեանը ձեռնարկել ու անխափան իրականացնում է ակտիվ նախապատրաստական աշխատանքներ՝ ՀՀ կրթական նոր չափորոշիչների համապատասխան դասագրքեր տպագրելու ուղղութեամբ։ Ասել, թէ ներկայ իշխանութեանը հիանալի, գերազանցապէս իրականացնում է իր առջեւ դրուած ծրագրերը, կնշանակի ոչինչ չանել։ Քանդում է մեր Պետութեան հիմնասիւներից, թերեւս, ամենակարեւորը։

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք ոչինչ չենք անում, մենք միայն աքթիւ ստաթուսներ ենք գրում, գրում ենք մեկնաբանութիւններ ու խօսում ենք, խօսում, խօսում ենք․․․

 Շահան Նաթալին ասում է, որ մեր եւ թուրքերի տարբերութիւնն այն է, որ մենք խօսում ենք, խօսում ու խօսում, իսկ թուրքը այդ ընթացքում գործում է։ Այժմ ճիշտ նոյնն է՝ մենք խօսում ենք, իսկ նիկոլի իշխանութիւնը գործում է առանց որեւէ խոչընդոտի ու առանց որեւէ արգելքի։ 

Այս ռեժիմի կառավարման օրօք մենք շատ բան կորցրինք ու շարունակ միայն կորցնում ենք։ Կրթութիւնն է, որ պէտք է կարողանանք անսասան պահել, որ մեր մատաղ սերնդի արժեհամակարգն ու մտահորիզոնը եւս  չայլասերեն ու պղծեն, Աստուած մի արասցէ, եթէ այս ոլորտում էլ յաջողեցին, թերեւս մեր ազգի վերջնական կործանման լուռ կամ անարդիւնք խօսացող վկան ենք լինելու։ Գործել է պէտք, կոնկրետ գործնական քայլեր պէտք է ձեռնարկենք, պէտք է նստել ու կազմել յստակ գործելու մեքանիզմն ու քայլերը, պէտք է առաջնորդեն հայ գիտնականներ, կրթութեան նուիրեալներ, հայրենասէր անձինք, փորձառութիւն ունեցող, բայց միեւնոյն ժամանակ նուիրեալ ու պայքարից հետ չկանգնողներ։ Ընդամէնը մի քանիսով անգամ կարելի է յաջողել, ցաւօք եկել ենք մի հանգրուանի, որ ստիպուած ենք համախմբել անգամ մեր նախկին պայքարի թիրախներին, օգտագործել նրանց փորձն ու դիւանագիտութիւնը, ստիպել նրանց ի շահ մեր երկրի ծառայեցնել իրենց ողջ ռեսուրսները։ Սրա համար լուրջ նուիրեալներ ու գիտական ներուժ ունեցողներ պէտք է կարողանանք ներգրաւել։ Դժուար է, բայց պէտք է անել, պարտաւոր ենք անել՝ կրկին հայերէն խօսելու ու հայ մնալու պատիւն ու արժանապատուութիւնը վերականգնելու համար։

Եկէ՛ք գործենք

Երեւան, դեռեւս Հայաստան

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին