Ուրբաթ, 26. 04. 2024

spot_img

Երազանքներ Պատերազմից Յետոյ

     Զրուցեց՝  ՎԻՔԹՈՐԻԱ ՍԱՄՈՒԷԼԻ

«Զարթօնք»ի Աշխատակից


Շուշանիկը 44-օրեայ պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ՝ մօտ 4 ամիս աշխատել է արցախցի երեխաների հետ Երեւանի ժամանակաւոր կացարանում։ Մասնագիտութեամբ լրագրող է։ Պատերազմի ընթացքում մի քանի օրով մեկնում էր Արցախ՝ արդեն որպէս լրագրող։ Եւ մինչ այսօր նա ամիսը մէկ-երկու անգամ վերադառնում է այնտեղ՝ տեսնելու իր աշակերտներին։ Շուշանիկի կամ Ընկեր Շուշանիկի, ինչպէս դիմում են նրան երեխաները, զրուցել ենք Արցախում գտած-կորցրած բաների, երազանքների եւ մինչ այժմ այնտեղ ապրող երեխաների մասին։

Ի՞նչն է քեզ համար ճնշող Արցախում։

Հետաքրքիր է, բայց պատերազմից յետոյ եկել եմ այն եզրակացութեանը, որ նախկինում  երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ ինձ օտար զգալ իմ հայրենիքում։ Այս օտարումը ես զգացել եմ դեռեւս պատերազմը չաւարտուած, երբ իմ հայրենիքում իմ ապահովութիւնը ստեղծելու համար ռուս խաղաղապահները մտան Դադիվանք։ Ես լրագրող էի ու աշխատում էի ժամանակաւոր կացարանում, որը գտնւում էր Երեւանում, բայց որոշ ժամանակ ապրել եմ գիւղում ու ամեն օրուայ հետ այսօրուայ պէս յիշում եմ զգացողութիւններս, որ ինձ թողնում եմ բոլոր այն վայրերում, որտեղ լինում եմ՝ հողի, խոտի, ջրի, քարի ու մարդկանց յուսահատ հայեացքներում։ Ես շատ բան թողեցի Արցախում, որը համեմատելու չէ բոլոր այն մարդկանց կորցրածի հետ, ովքեր թողել են իրենց ետեւում տունն ու տեղը։ Ես դասաւանդել եմ Արցախի երեխաներին։ Պատերազմից անցել է երկու տարի, բայց ես մինչեւ այժմ կապ եմ պահում դասարանիս հետ ու ամեն անգամ սիրտս կտոր-կտոր է լինում, երբ տեղեկանում եմ, որ տասներկուամեայ երեխաները ամեն օր նոր բարդութիւններ են յաղթահարում՝ հոսանազրկուած տներում գիրք կարդալուց մինչեւ գազի օրերով անջատումներ։ Ամենամեծ ցաւն այն է, որ ես այստեղից օգնել չեմ կարող։ Ամսական մէկ անգամ այցելում եմ իրենց ու ամեն անգամուայ հետ նկատում եմ, թէ որքան են հասունացել, իսկ ես ինձ յիշում եմ այդ տարիքում, երբ միակ  անհանգստութիւնս հայոց լեզուի դասը չսովորելն էր ու այն էլ բակում մինչեւ երեկոյ անցկացնելու հետեւանքով։ Ի սրտէ չէի ցանկանայ, որ երեխաներն ապրեն պատերազմի հետ քիթ քթի ու լուսացնեն եւս մէկ գիշեր՝ կրակոցներից խուսափելով։

Ի՞նչը կարող է անվտանգութեան զգացում տալ։

Գիտե՞ս, ես կարճ ժամանակում հասկացայ, որ մարդուն մարդ է պէտք, մանաւանդ այն դէպքերում, երբ միակ ցանկութիւնդ յանձնուելն է ալիքներին։ Սակայն առանձնայատուկ բարդ է, երբ մարդը միշտ լքւում է։ Մեզ սովորեցրել են, չէ՞, որ կան ասպետներ, որոնք ինչ-որ ժամանակ գալու են եւ փրկեն մեզ, եւ մենք վերջապէս ապրելու ենք անվտանգութեան մէջ։ Սակայն կեանքը որքան կարող է, դաժան է երբեմն, եւ մենք մնում ենք առանց ասպետի օգնութեան։ Չեմ կարող ասել, թէ ես երբեւէ պատերազմի ընթացքում զգացել եմ անվտանգ եւ նամանաւանդ դրանից յետոյ ու պիտի պատասխանեմ, որ սա վախի պէս մի բան է, երբ Երեւանեան սրճարանում նստած դու կարող ես դուրս թռչել տեղիցդ՝ բարձր դղրդիւն լսելուն պէս։ Ո՛չ այստեղ եւ ո՛չ էլ Արցախում չկայ անվտանգութեան զգացողութիւն․ քո հայրենիքում դու քեզ հետ միայնակ ես՝ քիթ քթի քո վախերի, ապրումների ու կորուստների հետ, եւ հիմա անգամ անիմաստ է փնտռել ասպետների, որովհետեւ ոչ ոք իրեն իսկ չի կարողանում փրկել անգամ մահճակալի տակ թաքնուած դեւերից։

Ինչե՞ր ես գտնում Արցախում եւ ինչե՞ր ես կորցնում։

Արցախում ես գտայ սէրը, որը չափից դուրս մարդկային է եւ հոգատարութիւնը, երբ առանց լուսաւորութեան անցնում էին օրերն ու մաշկիս վրայ զգում էի իմ հայրենակցի հոգատարութիւնը, երբ տաք հագուստը դառնում էր ծածկոց։ Սէրը դէպի կրթութիւնը եւ ապրումակցումը։ Ես տեսել եմ երեխաների աչքեր, որոնք իմ ներսում են, եւ երբ կարիք է զգացւում անցնելու դէպի ներս, ես տեսնում եմ նոյն հայեացքները, որոնք մրուրի պէս իմ մէջ են ու լուսաւորում են ճանապարհս ամենամութ ժամանակներում անգամ։

Ես կորցրել եմ մինչեւ 2020-ի Շուշանիկին, այն աղջկան, ով հաւատում էր հրաշքների։ Ես կորցրել եմ մի հայրենիք, որի հողում մանկութեանս ամենակիպ կանգնածները ընկել են ու շաղախել կարմիրով հողը ու հիմա, երբ մնացել են միայն լուսանկարները, ես կրկին վերադառնում եմ նրանց, ու հնչում է ամեն գիշեր իմ ականջում իրենց խօսքերը, որ Արցախն ամենասիրելի հայրենիքն է, որի հողի  տակ  թաղուած է իրենց սիրտը։ Գիտե՞ս, ես կարոտում եմ իրենց սրտերը, որտեղ ես իմ 1,75 հասակով այնքան լայնութեամբ էի տեղաւորւում։ Հիմա տեղ չունեմ։

Ինչպէ՞ս ես տեսնում Արցախի փրկութիւնը։

Իմ դասարանից ոչ մի երեխայ չի լքում իր տունը, որտեղ օրերով ոչ հոսանք կա, ոչ էլ ջուր։ Քանի դեռ նրանք ապրում են, կ՛ապրի եւ՛ գիւղը, եւ՛ քաղաքը։ Ժամանակի ընթացքում, երբ նրանք մեծանան, չեն էլ գիտակցի, թէ իրենց լինելիութեամբ ինչպէս են փրկել մի հայրենիք, որն իրենցից խլել է գրեթէ ամեն ինչ ու տեղը տուել է եւս մէկ գիշեր լուսացնելու ուրախութիւնը։

Ինչպէ՞ս ես տեսնում քո փրկութիւնը։

Դասարանումս մի տղայ ունէի՝ Տիգրանը։ Ես սուր նեւրոզ ունէի ու երբ տեսազանգով իր հետ խօսում էի, իր ձայնն ինձ խաղաղութիւն էր բերում։ Այստեղ՝ Երեւանում, ես օգնում եմ Շուշիից տեղահանուած մի ընտանիքի ու քրոջս պէս մեծացնում երկու աղջիկ երեխաների եւ ամեն անգամ, երբ աշխարհն իր չար կողմ է ինձ ցոյց տալիս, ես ձգւում եմ դէպի ԱննաՆարէ քոյրիկութեանն ու խաղաղւում եմ։

Միայն վերջերս հասկացայ, երբ դասարանս ու նրանք իմ կեանքում չլինեն, ես կը դադարեմ լինել Շուշանիկը։

Շուշանիկը ոչինչ չի կարող ստիպել մոռանալ Արցախը։ Նա միշտ գնում է դասարանին տեսնելու, որ իր լինելիութեամբ նոյնպէս ապացուցի, որ կարելի է բարի լինել նաեւ այն ժամանակ, երբ աշխարհը երես է թեքել մեզնից։

Ի՞նչն է ամենաշատը ցաւեցնում Արցախում։

Աննայի նկարած նկարները, որտեղ իրենց Շուշիի տունն է։ Մի քանիսն ունեմ իմ սենեակում, ես այդ նկարների մեծամասնութիւնում կամ, ու ինձ թւում է՝ ես միշտ այցելում եմ իրենց տուն ու մեր հայրենիք՝ Շուշի։
Ես ցաւում եմ, որ վեցամեայ աղջնակը պէտք է հայրենիքի մասին աղօտ յիշողութիւններ ունենայ ու կառուցի իր ապագան իր տնից հեռու։

Որտե՞ղ են ապրում քո երազանքները։

Երբ կորցրի ինձ շատ հարազատ մարդկանց, յոյսս կորցրել էի նորից ապրելու։ Ես չունեմ երազանքներ ինձ համար։ Երազանքներս ապրում են 24 հոգու մէջ, որոնց համար ես եղել եմ իսկական ընկեր Շուշանիկ։ Եթէ իմ դասարանից որեւէ մէկը ցանկանում է դառնալ բժիշկ, ես ունեմ նոյն երազանքն, ինչ ինքը։

Երբ Նարէն ու Աննան մեծանան, ես կպատմեմ իրենց իմ երազանքների մասին, որոնց կէսն իրենց հետ է կապւում։ Երբ առաջին անգամ  գրկեցի Նարէին, երազում էի, որ կարողանամ ապահովել իր անվտանգությունը․ դեռ երկու տարի է անցել, նա սկսել է խօսել ու քայլել, բայց իմ երազանքը նոյնն է, ու երբ նա մեծանայ, կ՛ունենայ մի ձեռք, որը նրան սովորեցրել է ամուր կանգնել գետնին ու քայլել։

Երեւի թէ ես երազում եմ, որ այդ ձեռքը երբեք չթուլանայ բոլոր այն մարդկանց համար, որոնք նստուածք են տուել իմ մէջ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին