Ուրբաթ, 26. 04. 2024

spot_img

Հայաստան․ Երկիրը Մեր, Կամ՝ Երկիրը Ձեր – Որպէսզի Չնեղանաք

Սլաք

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Աննպատակ, ազգային ծրագիր չունեցող երկրում՝ ինչեր ասես չեն պատահի։ Մի օրը Քիմը կը խոստանայ, որ ներքնազգեստի արտադրամաս է հիմնելու Հայաստանում, մի ուրիշ օր՝ Դենը կերթայ Երեւան ու ներդրումների մասին կը խօսի։ Յետոյ, մի գիշեր նիկոլը երազ կը տեսնի, որ լաւ է մի նոր գիւղ հիմնի Հայաստանում․․․ (Հայաստանում հարիւրաւոր ամայացած գիւղերը շէնացնելու փոխարէն, նիկոլը ուզում է կառուցի մի գիւղ․․․ Գիտէ՞ք ինչու․․․ Որպէսզի անունը դնի «Նիկոլաշէն«։ Ահա՛ հայը)։

Եւ այսպէս շարունա՜՜՜կ, դարեր ապրում են հայերը ու շարունակում են ապրել՝ առանց մօտ ու հեռու ազգային ծրագիրի․ հենց այսպէս ապրում են էլի․․․

Այս առումով, ստից երկիր է Հայաստանը։ Ես չգիտեմ աշխարհում քանի այսպէս հիւանդ ազգ ու աննպատակ ու անծրագիր երկիր կայ։

Հայաստանը բնաւ չհամեմատենք Միացեալ Նահանգների հետ, որ արդէն գիտեն ո՞ր թուականին մարդը պիտի հասնի Մարս մոլորակ, գիտեն մինչեւ 20 – 30 տարի ռազմական ոլորտում ինչ նպատակների պիտի հասնեն, գիտեն 20 տարի յետոյ քանի բժիշկներ կուզեն, եւ ըստ այդմ՝ համալսարանները իրենց մասնագիտական ծրագրերն են կազմում․․․ Չշարունակեմ։

Ես Հայաստանը չեմ համեմատում անգամ Իրանի հետ։ Նրանք գիտեն ինչ են ուզում, ինչպէս պիտի պաշտպանեն սահմանները՝ բոլոր թերիներով, սխալներով հանդերձ։ Ընդհանուր հաշուով ու մեծ ծրագրերի հաշուով՝ Իրանը իմանում է ինչի է ձգտում, ու նրանք դեռ դիմանում են տնտեսական սոսկալի ճնշումներին։

Ի՞նչ է նշանակում իշխանափոխութիւն՝ ինչ-որ առումով զարգացած երկրներում։ Այդ երկրներում իշխանափոխութիւնը կատարւում է այն ժամանակ, երբ զգում են օրուայ իշխանութիւնները չեն յաջողում իրականացնել երկրի մօտ ու հեռու ազգային ծրագրերը։

Յիշենք վերջին օրինակը Բրիտանիայի վարչապետի հրաժարականը պահանջեց ոչ թէ ընդդիմադիր ուժը, այլ՝ հենց իշխող կուսակցութիւնը, երբ նկատեցին, որ վարչապետ Ճանսընը փչացրեց շատ բան՝ թէ՛ երկրի ներսում, թէ՛ արտաքին քաղաքականութեան մէջ․ երբ նկատեցին Բրիտանիայի Պահպանողական կուսակցութեան վարկը իջել է, ու նրանք դէմ յանդիման կը կանգնեն աւելի մեծ պարտութիւնների։ Ահա՛ ձեզ՝ միայն մի օրինակ՝ ազգային ծրագիր ունեցող երկրում իշխանափոխութիւնից։

Ի՞նչ տեղի ունեցաւ Հայաստանում։ 44-օրեայ պատերազմում, հայութեանը ահաւոր պարտութեան տարած նիկոլին պիտի հրաժարեցնէր հենց իր կուսակցութիւնը, իհարկէ, ԵԹԷ նրանց նպատակը ազգային է, եթէ նրանք նպատակ ունէին արագ բուժել վէրքերը ու երկիրը վերականգնեցնել։ Բայց դա չպատահեց․․․ Ինչո՞ւ։ Որովհետեւ նախ՝ հայը չունի plan, երկրորդ՝ ՔՊ-ն ինքը դրսի ուժերի ծնունդ է, ու բնականաբար՝ չի կարող եւ չի ուզում գործել յանուն ազգի։ Այսքան պարզ ու տեսանելի։

ԵԹԷ Հայաստանն ունենար ազգային նպատակ ու կարճատեւ ու երկարատեւ ծրագրեր, ապա հենց Հայաստանակենտրոն իշխանութիւնը գործադրական նախագծեր պիտի առաջարկէր Սփիւռքին։ Եթէ լինէր այդ ծրագիրը, ապա Հայաստանը պիտի ներկայացնէր ՈՐՈՇԱԿԻ, ՅՍՏԱԿ գործադրական փրոժէներ, եւ ամեն մի համայնք, ամեն մի հայ կամ կազմակերպութիւն՝ իր տեղը յստակ կը տեսնէր այդտեղ։ Կամ՝ Հայաստանը սփիւռքահայութեան ամբողջ հնարաւորութիւնները ճիշտ իմանալով՝ կը դիմէր տուեալ անձին կամ կառոյցին՝ Հայաստանի դեսպանատների հետ միասին, տուեալ երկրում բարենպաստ կարծիք ձեւաւորել Հայաստանի, Արցախի ու հայութեան նկատմամբ, եւ Հայաստան ուղղեն տուեալ երկրի տնտեսական, գիտական եւ այլ հնարաւորութիւնները։ Այսպիսով ԻՐԱԿԱՆ գործակցութիւն կը ձեւաւորուէր։

Հիմա ի՞նչ է պատահում։ Ծրագրերի բացակայութեան պայմաններում, Սփիւռքն է դիմում Հայաստանին՝ իր օգնութիւնները առաջարկելով։ Ծիծաղելի վիճակ է, չէ՞։ Քիմն ու Դենը պիտի որոշեն իրենք ինչ մասնակցութիւն պիտի ունենան Հայաստանում։ Մինչդեռ ճիշտ հակառակը պիտի լինէր։ Հարցը մի քիչ գռեհկացրի՝ միտքս փոխանցելու համար։


Հայը դարեր շարունակ ապրել է առանց ազգային նպատակների ու ազգային ծրագրերի։ Բանաձեւուած շատ ընդհանուր նպատակները՝ ռազմավարական նպատակներ չեն։ Հիւանդ ազգը չունի իր ծրագիրը․ կցւում է ուրիշների ծրագրերին, ու ամենավտանգաւորը՝ ԿԱՅ ուրիշների ծրագրերը, որ հակահայ են, իսկ Հայաստանի իշխանութիւնները՝ լինելով ապազգային ու հակահայ, իրականացնում են հենց այդ վտանգաւոր ծրագրերը։ Փաստը՞․․․ Մեր աչքերի առաջ է։

Ժամանակին Պարսկաստանն էր թագ ուղարկում հայ նախարարին՝ նրան կարգելով Հայաստանի թագաւոր, եւ մի ուրիշ նախարարի՝ Բիւզանդիայից էին թագ ուղարկում՝ նրան կարգելով Հայաստանի թագաւոր․․․ Հենց այն դարերում, ժամանակի ուժային կենտրոնները լա՜՜ւ հասկացել էին հայի հիւանդութիւնը․․․ 

Հայութեան այս հիւանդութիւնը դարերի խորքից է գալիս։ Ու սա յանգեց Հայաստան երկրի՝ մեր երկրի, կամ՝ ձեր երկրի, մասնատմանը, պառակտմանը, մէկը միւսի դէմ շարունակ պատերազմների, ու․․․ եկանք, հասանք նոր դարեր ու 21-րդ դար՝ նիկոլի վախթ։

Բարեւ ձեզ։
Քիչ բացառութիւններ կան, որտեղ գոյութիւն ունեն ազգային շատ ընդհանուր նպատակ, բայց չկայ ռազմավարական նպատակների հիման վրայ՝ յստակ ու որոշակի գործադրական ծրագրեր․ միս եւ արիւն չեն ստացել։
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին