Երեքշաբթի, 16. 07. 2024

spot_img

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տօնախմբուեց Ռումինիայի Հայոց թեմի հիմնադրման 620-ամեակը

Յուլիսի 11-ին նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  «Վաչէ եւ Թամար Մանուկեան» Մատենադարանի հանդիսութիւնների սրահում տեղի ունեցաւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռումինիայի Հայոց թեմի հիմնադրման 620-ամեայ յոբելեանին նուիրուած հանդիսութիւն:

Միջոցառումը սկսուեց Տէրունական աղօթքով, ապա ողջոյնի խօսքով հանդէս եկան Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթեւ եպիսկոպոս Յակոբեանը, ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազօր դեսպան պարոն Կորնել Իոնեսկուն, այս առիթով Հայաստան ժամանած Ռումինիայի Հանրապետութեան Կրօնից նախարար պարոն Վիկտոր Օպասքին եւ Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Վարլաամ եպիսկոպոս Պլոյեստանուլը:

Այնուհետեւ ներկաներին իր օրհնութեան խօսքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Անդրադառնալով աւելի քան վեց հարիւրամեակ առաջ պատմական Հայաստանի տարբեր վայրերից Ռումինիայում ապաստանած հայ ժողովրդի զաւակների կողմից հայկական համայնքի հիմնադրմանը եւ այդ հիւրընկալ երկրում հայորդիների հոգեւոր ու ազգային կեանքին` Նորին Սրբութիւնն ընդգծեց․ «Նուիրական յիշատակներ ունենք Ռումինիայում` դարերի խորքից եկող վանական ու եկեղեցական կառոյցներ, մշակութային եւ պատմական յուշարձաններ: Այստեղ գործել են հայկական տպարաններ, թերթէր ու պարբերականներ, հայազգի նշանաւոր պետական, քաղաքական ու հասարակական գործիչներ, արուեստի ու մշակոյթի, կրթութեան նուիրեալներ, ինչը վկայութիւնն է բեղուն հայ կեանքի եւ արձանագրուած մեծ յաջողութիւնների:

Այսօր Ռումինիայի հայ համայնքը դարձել է փոքրաթիւ, սակայն ծառացած խնդիրների ու մարտահրաւէրների դիմակայումով շարունակում է հաւատարիմ մնալ առ մեր Սուրբ Եկեղեցին եւ հայրենին` նախանձախնդրութեամբ եւ ստեղծագործ աշխատանքով նաեւ ներդրում բերելով Ռումինիայի շինութեանն ու բարգաւաճմանը»:

Վեհափառ Հայրապետը նկատեց, որ Ռումինիայի Հայոց թեմի հռչակմամբ եւ վաւերացմամբ վեց դար առաջ վկայուած հայ-ռումինական բարեկամութիւնը մեծ հարստութիւն է, որը նաեւ ամուր հիմք է այսօր առաւել զօրացնելու երկու ժողովուրդների ու պետութիւնների յարաբերութիւնները: Այս առիթով Հայոց Հովուապետն իր գնահատանքը բերեց Ռումինիայի իշխանութիւններին եւ Ռումին Ուղղափառ Եկեղեցուն, որոնց աջակցութեամբ Ռումինիայի Հայոց թեմը վերազարթօնք է ապրում` հոգեւորականաց ծառայութեամբ եւ նրանց սատարող հաւատացեալ հայորդիների նուիրեալ գործունէութեամբ:

Ամենայն Հայոց Հայրապետն իր ողջոյնն ու ի Քրիստոս եղբայրական սերը յղեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիէլ Պատրիարքին` մաղթելով կենաց արեւշատութիւն եւ արդիւնաւոր գահակալութիւն:

Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը Ռումինիայի Հայոց թեմի հիմնադրման 620-ամեակի տօնախմբութեան կապակցութեամբ Տ. Տաթեւ եպիսկոպոս Յակոբեանին առաջնորդական բարեջան ծառայութեան գնահատանքով շնորհեց եպիսկոպոսական պանակէ` մաղթելով նորանոր յաջողութիւններ տէրունապատուէր առաքելութեան մէջ:

Միջոցառման ընթացքում Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Վարլաամ եպիսկոպոս Պլոյեստանուլն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիէլ Պատրիարքի կողմից Վեհափառ Հորը շնորհուած Ռումինիայի պահապան Սուրբ Անդրէաս առաքեալի շքանշան-պանակեն, իսկ Գերաշնորհ Տ. Տաթեւ եպիսկոպոս Յակոբեանին`  «Սուրբ Յովհաննէս-Յակոբոս» շքանշան-պանակեն:

Միջոցառումն աւարտուեց համերգային ծրագրով, որի ընթացքում Կոմիտաս Վարդապետի ու Արմէն Տիգրանեանի ստեղծագործութիւնների կատարումներով հանդէս եկան Ա. Սպենդիարեանի անուան օփերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ Կիմ Սարգսեանը եւ Լուսինէ Ստեփանեանը: Ներկաները նաեւ ունկնդիր եղան Կոմիտասի անուան քառեակին․ հնչեցին հատուածներ Ռախմանինովի, Դեբիւսիի ստեղծագործութիւններից եւ Կոմիտաս-Ասլամազեան մանրանուագները:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին