Ուրբաթ, 19. 04. 2024

spot_img

Մայիսի 28-ը Հայ Ժողովրդի Համախմբման եւ Յաղթանակի Օրն Է

ՀՐԱՆՈՒՇ  ՅԱԿՈԲԵԱՆ

Սիրով եւ ջերմօրէն շնորհաւորում եմ Հայաստանի Հանրապետութիւնում, Արցախում եւ Սփիւռքում  ապրող մեր հայրենակիցների նուիրական տօներից մէկը՝ Մայիսի 28-ը եւ մաղթում Սարդարապատեան յաղթանակներ:

Հոգու ցաւի եւ վհատութեան ճիրաններում յայտնուած, կործանարար մոլորությունից սթափուող, բեկուած ողնաշարը շտկող իմ թանկագի՛ն հայրենակիցներ, այս ազգային համախմբման եւ միասնականութեան օրը, լսելով նաեւ ալիեւի նկրտումները ցանկանում եմ ձեզ հետ կիսել իմ խոհերը.

Առաջին՝ անհրաժեշտ է հասնել նրան, որ որեւէ մէկը չգնայ որեւէ բանակցութեան, քանի դեռ չի կատարուել 2020 թուականի նոյեմբերի յայտարարութեամբ ամրագրուած՝ գերիների վերադարձի մասին պայմանաւորուածութիւնը, քանի դեռ ազրպէյճանական զինուած ուժերը դուրս չեն եկել Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան  տարածքից:

Երկրորդ՝ երեսուն տարուայ ընթացքում  մեր երկրի ղեկավարները՝ Լեւոն Պետրոսեանը, Ռոպերթ Քոչարեանը,  Սերժ Սարգսեանը, ինչպիսի բանակցութիւն էլ որ վարել են, դրանցից առաջ եւ յետոյ մեկնել են Արցախ եւ խորհրդակցութիւններ անցկացրել Արցախի Հանրապետութեան ղեկավարութեան, պատգամաւորների հետ: Իսկ այս օրհասական պահին ինչո՞ւ չեն մեկում Արցախ, անցկացնում խորհրդակցութիւններ, լսում  արցախցիների ձայնը:  

Երրորդ՝ միջազգային իրաւունքի հանրայայտ սկզբունքներին համահունչ՝ ՀՀ արտաքին քաղաքականութեան համար պատասխանատու պաշտօնեաները պէտք է բոլոր միջոցները ձեռնարկեն՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները վերականգնելու եւ Արցախի հիմնախնդիրը ժողովրդի ազգային ինքնորոշման միջազգային իրաւունքի շրջանակներում քննարկելու համար՝ ներգրաւելով ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի Դաշնութեան կողմից լիազօրուած դիւանագէտներին:

Չորրորդ՝ եթէ ‹‹միջազգային հանրութեան›› սուբյեկտը՝ ի դէմս Շառլ Միշելի, չունենալով այդ մանդատը, ճնշում է գործադրում ազրպէյճանամէտ որոշումներ ընդունելու համար, ապա կա՞յ արդեօք չորս տարի առաջ Հայաստանի Հանրապետութեան վարչապետի հնչեցրած այն հարցի  պատասխանը, որ ինքը չի կարող ներկայացնել Արցախը, քանի որ արցախցիներն իր ընտրողները չեն եւ իրեն չեն ընտրել եւ դրանով խուսափել որեւէ ոչ հայանպաստ փաստաթուղթ ստորագրելուց։ Այդ հարցի պատասխանը հետեւեալն է՝ իրաւացիօրէն հրաժարուել որեւէ փաստաթուղթ ստորագրելուց եւ յաւիտեան չկրել ‹‹դաւաճանի›› խարանը, որից այդքան վախենում էր պատերազմի ժամանակ:

Հինգերորդ՝ դաւաճանից-հերոս մէկ քայլ է,  ուստի երկրի այսօրուայ ղեկավարութիւնն  առանց վախենալու  պէտք է պատասխանի ալիեւի բարբաջանքներին, ով  իր հիւանդ երեւակայութեամբ  արդեն, «եկել-հասել է Երեւան՝ գրաւելով նաեւ Սեւանը»: Եթէ չէք պատասխանում, ուրեմն թող իշխանութիւնը ստանձնի այլ անձ, ով ստորագրելով  ոչ հայանպաստ փաստաթուղթն  իրաւամբ, կը կոչուի  դաւաճան կամ պարտաւոր կը լինի սկսել նոր բանակցութիւններ, որտեղ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութիւնը չպէտք է վտանգուի, եւ Արցախի հարցն էլ կը տեղափոխուի այլ հարթութիւն: Եթէ իշխանութիւնները փորձեն  բացատրել, որ ընդունուող փաստաթղթերը հայանպաստ են լինելու, ապա  բաւական է  յիշեցնել, թէ բանակցութիւններից յետոյ ինչպէս էր  հրճւում ալիեւը կամ ազրպէյճանում որքան դրական են գնահատւում պրիւսելեան հանդիպման արդիւնքները: Դատելով այս ամենից՝ ցաւով արձանագրենք, որ ստեղծուած ծանրագոյն իրավիճակում լրջօրէն վտանգուած է հայ ժողովրդի անվտանգութիւնն ու Հայաստան պետութեան ինքնիշխանութիւնը, որ հարիւր տարուայ արհեստական պետութիւնը փորձում է իրեն վերագրել մեր հինաւուրց երկրի մի մասը՝ աւերելով մեր պատմական ժառանգութիւնը, մեր ազգային արժէքները՝ միջազգային հանրութեան քար լռութեան հայեացքի ներքոյ:

Վեցերորդ՝ բոլոր նրանք, ովքեր արցախցիների, մեր հերոսածին ծնողների մասին  որեւէ  բացասական կարծիք են յայտնում, թող յիշեն, որ մեր երկրի մի հատուածը, մեր  հող հայրենին  պահում եւ պաշտպանում  են Արցախում ապրող մեր քոյրերն ու եղբայրները, ովքեր հերոսներ են, ովքեր գտնւում են ազրպէյճանական երախում եւ թիրախում, եւ նրանց օգնում են միայն  ռուսական խաղաղապահները:

Եօթներորդ՝ ցանկանում եմ յիշեցնել բոլոր նրանց, ովքեր  այսօր խաղաղ եւ հանգիստ աշխատում ու ապրում են, մենք պարտական են մեր զոհուած տղաներին, ովքեր   իրենց կեանքը տուեցին յանուն Հայրենիքի փրկութեան: Սակայն, աւա՜ղ, կան մարդիկ, ովքեր առանց հասկանալու՝ վիրաւորում են հերոսածին տղաների ծնողներին, որոնց առջեւ պէտք է միայն գլուխ խոնարհել նման առիւծասիրտ հայրենասէրներ դաստիարակելու համար:

Ութերորդ՝ թուրքերի հետ բարեկամութեան ձգտողները թող յիշեն, որ Հայոց արդար դատի համար պայքարը շարունակւում է եւ՛ Սփիւռքում եւ՛ Հայրենիքում, թող չմոռանան, որ նոյնիսկ բանակցութիւնների պայմաններում, Հայոց  ցեղասպանութեան օրը Ուրուկուէյում թուրքիայի արտաքին գործերի նախարարն իրենց մարդատեաց նշանն էր ցոյց տալիս հայերին:

Պէտք է նաեւ նկատի ունենան, որ հայ-թուրքական սահմանը բացելու դէպքում դրանք  ցանկանում են անցակէտը  կոչել հայասպան թալէաթի անունով:

Եւ այսքանից յետոյ դեռ կան մարդիկ, անգամ՝ հայեր, ովքեր թուրք-ազրպէյճանական ծրագիրն են առաջ տանում մեր երկրում եւ նոյնիսկ՝ Ազգային ժողովում: Միթէ՞ պարզ չէ, որ Արցախն ազրպէյճանի վերահսկողութեանն անցնելուց յետոյ կամ ստիպուած են բոլորը բռնագաղթել կամ ցեղասպանուել: Այդպէս մտածողներին  խորհուրդ կտամ միլի մեջլիսում ելոյթ ունենալ եւ պաշտպանել նրանց շահը: Այդպիսիներից կը ցանկանայի լսել մի ազրպէյճանցու կամ թուրքի անուն, ով իրենց պառլամենտում հայկական շահն է սպասարկում կամ մեր մասին մի դրական խօսք ասում:

Իններորդ եւ  վերջին խոհս՝ նրանք, ովքեր չեն հասկանայ առաջարկներիս իմաստը եւ կը փորձեն նենգափոխել ասելիքս, խորհուրդ կտամ մեկնել ազրպէյճան կամ թուրքիա եւ ընդունել դրանց քաղաքացիութիւնը եւ այդտեղից վայրահաջէն…

Հ.Գ.  Եթէ մատրիտեան սկզբունքներով Արցախն արդեն յանձնել էին, ապա ինչո՞ւ 15 տարի ազրպէյճանը չէր վերցնում Արցախը, միթէ՞ այդքան յիմար էին:

Ի դէպ,  աշխարհում չգրուած օրէնք է, որ ընտրուած բոլոր իշխանութիւնները չորս-հինգ տարուայ ընթացքում ոչ թէ ետ, այլ առաջ են նայում, եւ անգամ  թռիչքաձեւ զարգացում են  արձանագրում…

Խոստովանէք, որ անփորձ էք, որ պետական կառավարման համակարգը տեղապտոյտի մէջ է,  արտաքին քաղաքականութեան, դիւանագիտութեան ոլորտում  հետընթաց է արձանագրւում, որի արդիւնքում հակառակորդի հաւակնութիւնները գնալով մեծանում են, որ պաշտպանութեան, անվտանգութեան, սոցիալական ոլորտներում  բազմաթիւ խնդիրներ ունենք: Խոստովանէք, որ միակամ, համախմբուած Սփիւռքը ծուէն-ծուէն է եղել:  

Խոստովանէ՛ք եւ ընդունենք, որ  որեւէ պաշտօն կամ իշխանութիւն յաւերժ չէ, բոլորն էլ ժամանակաւոր են:

Մնայունը մեր Հայրենիքն է, մեր ազգային արժէքները եւ գրագէտ, խելացի, կարող ու տաղանդաւոր հայ մարդը, որը պէտք է  Սփիւռքի ազգասէր հայրենակիցների հետ իր Հայրենիքը ՝ Հայաստանն ու Արցախը  շէնացնի եւ հզօրացնի: Եւ մեր տաղանդաշատ Պարոյր Սեւակի բանաձեւումը օրուայ՝ մայիսի 28-ի  խորհրդին է համահունչ.

Եկէք միանա՜նք:
Եկէք միանա՜նք,
որ մեր այս փոքրի՛կ, շա՜տ փոքրիկ հողի երազանքը մեծ
մարմին ստանայ մեր միս-ոսկորով,
եւ մարմնաւորուած մեծ երազանքի բուժիչ բարութեամբ…
- ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈ՜Ց…
- ԲԵԿԱՆԵՄ ՇԱՆԹԵ՜Ր…
- ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱ՜Ց…
Ե Կ Ե ՛Ք   Մ Ի Ա Ն Ա Ն Ք։                                                     
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին