«Զարթօնք» Հայրենիքի Մէջ -71-
ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ
«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակակից
Ազատագրական շարժումը շարունակում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով սկսած ստորագրահաւաքը, որին միացել է աւելի քան 18 հազար մարդ։ Դրան զուգահեռ Շարժումը սկսում է պայքարի նոր փուլ, որի մասին անդամները Հիւսիսային պողոտայում հրաւիրուած բացօթեայ մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարեցին։
Շարժման անդամ Նայիրի Հոխիկեանն իր խօսքում յիշեցրեց՝ իրենք պայքարը սկսել են դեռեւս 2021 թուականի նոյեմբերից եւ այսօր էլ շարունակում են իրականացնել անհնազանդութեան գործողութիւններ, այդ կերպ արտայայտելով իրենց բողոքը գործող իշխանութիւնների վարած քաղաքականութեան դէմ։
«Մենք սկսեցինք ավտոերթով, ապա մեր պայքարը շարունակեցինք Երեւանի հանրապետութեան հրապարակում, որտեղ մօտ 10 օր բողոքի ցոյցեր տեղի ունեցան։ Մեր պահանջները մի քանիսն են՝ չիրականացնել սահմանագծում եւ սահմանազատում այն պահանջներով, որն Ազրպէյճանն է թելադրում, թոյլ չտալ Սիւնիքի մարզով միջանցք տրամադրել Ազրպէյճանին եւ պատշաճ կերպով զինել հայկական բանակը։ Մենք մի շարք ուխտագնացութիւններ կատարեցինք, բազմաթիւ ակցիաներ, իսկ փետրուարի 25-ից սկսել ենք ստորագրահաւաք։ Ազատագրական շարժումը որոշակի յաջողութիւններ ունեցաւ»,- ներկայացրեց Նայիրի Հոխիկեանը։ Վերջինս նշեց, որ այսօրուանից սկսած իրենք իրականացնում են բողոքի գործողութիւնների մէկ այլ փուլ, որի մասին աւելի հանգամանալից խօսեց Շարժման խորհրդի անդամ Սեւակ Յակոբեանը։
Յակոբեանը նախ ներկայացրեց առաջիկայ մէկ շաբաթուայ ծրագիրը, որոնք բաղկացած են հինգ թեմայից՝ ազատագրում ներքին եւ արտաքին թշնամուց, ազատագրում այլասերումից, ազատագրում պառակտուածութիւնից, ազատագրում ստից ու ստախօսներից եւ ազատագրում վախերից ու վախկոտութիւնից։
Շարժման պայքարի գործողութիւնները իրենցից ենթադրում են իրազեկման ակցիաներ, բողոքի ցոյցեր, հաղորդում Գլխաւոր դատախազութիւնում՝ Նիկոլ Փաշինեանին որպէս մեղադրեալ ներգրաւելու պահանջով։ Ի դէպ՝ Շարժման անդամները քաղաքացիներին յորդորեցին ապրիլի 27-ին Հանրապետութեան հրապարակում կազմակերպուելիք բողոքի ցոյցի ժամանակ իրենց հետ ունենալ Նիկոլ Փաշինեանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը, ինչպէս նաեւ, իրենց խօսքով, այլ այլասերուած գրքեր՝ աղբամանը նետելու եւ դրանցից հրաժարուելու համար։
Ազատագրական շարժման անդամ Արա Զօհրապեանն իր խօսքում շեշտեց՝ այսօրուայ գործողութիւնների թեման է ազատագրում ներքին եւ արտաքին թշնամուց։ Այդ համատեքստում Զօհրապեանը մանրամասն ներկայացրեց Գլխաւոր դատախազութեանը փոխանցուող իրենց գրութիւնը։
«2020 թուականի դեկտեմբերի 22-ին աւելի քան 420 փաստաբան յանցագործութեան մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխաւոր դատախազին՝ պահանջելով դաւաճանութեան յօդուածով յարուցել քրէական գործ, որի գլխաւոր դերակատարը Նիկոլ Փաշինեանն է։ Բնականաբար դա գլխաւոր դատախազութեան համար չհանդիսացաւ հիմք քրէական գործ յարուցելու համար։ Փաստաբանների կողմից բողոքարկման բոլոր ատեաններն անցնելուց յետոյ հասանք նրան, որ դատարանը որոշում կայացրեց՝ քրէական գործ յարուցել։ Հիմա այդ քրէական գործի շրջանակում մենք այսօր պահանջելու ենք Նիկոլ Փաշինեանին որպէս մեղադրեալ ներգրաւել։ Համառօտ ներկայացնեմ, թէ խնդիրը որն է։ Նախ, եթէ, ըստ Նիկոլ Փաշինեանի, բանակցային գործընթացը ձախողուած էր ու չունէինք ներուժ հակադարձելու Ազրպէյճանական զինուած ուժերին, ապա անտրամաբանական էին դրան նախորդած նրա գործողութիւնները»,- ասաց Արա Զօհրապեանը։
Նա հերթականութեամբ ներկայացրեց Փաշինեանի այն բոլոր գործողութիւնները, որոնք, իր խօսքով, հրահրեցին պատերազմ, այն պարագայում, երբ տարբեր առիթներով յայտարարութիւններ էին հնչում այն մասին, որ Հայաստանը չի կարող դիմագրաւել Ազրպէյճանական զինուժի հարուածներին։
«Այդ արարքներից մէկը 2019 թուականի օգոստոսին «Արցախը Հայաստան է եւ վերջ» յայտարարութիւնն է։ Դուք յիշում էք, որ նրա որդու՝ Աշոտ Փաշինեանի զօրացրումից (2020թ․ յուլիսի 9) մի քանի օր անց՝ 2020 թուականի յուլիսի 12-ին Տավուշում տեղի ունեցաւ ռազմական բախում։ Դրանից յետոյ օգոստոսի 28-ին տեղի ունեցաւ պարգեւատրման աննախադէպ գործողութիւն՝ 16 զինծառայող պարգեւատրուեց Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով, իսկ 55 զինծառայող՝ Մարտական խաչ երկրորդ աստիճանով։ Ռազմական բախման ռիսկի պայմաններում, Նիկոլ Փաշինեանի այս արարքները հրահրում էին դրանց օր առաջ սկսումը։ Դրանից յետոյ Ազրպէյճանական մամուլում լոյս տեսաւ էմիսարների բանակցութիւնների մասին յօդուածներ, որտեղ ակնարկւում էր, որ Նիկոլ Փաշինեանն իր ներկայացուցչի միջոցով բանակցում է Ազրպէյճանական կողմի հետ։ Դրանից յետոյ սկսուեց պատերազմը։ Այս ամենի մասին մենք, չգիտես ինչու, մոռացանք։ Պատերազմից յետոյ մենք հասկացանք, որ Փաշինեանը ժամանակ ու հնարաւորութիւն է ունեցել դադարեցնելու պատերազմն, ինչը չի արել։ Դրա մասին պնդել են ինչպէս զինուորական գործիչները, այնպէս էլ ՌԴ նախագահ Վլատիմիր Փութինը։ Այնուհետեւ, նոյեմբերի 9-ին ստորագրուած եռակողմ պայմանագրում յստակ գրուած էր, որ իւրաքանչիւր կողմ մնում է մինչ այդ զբաղեցրած դիրքերում։ Բայց Նիկոլ Փաշինեանի թողտուութեամբ մենք ունեցանք լուրջ կորուստներ՝ Որոտանը, Շուռնուխը յանձնուեց Ազրպէյճանին։ Պատկերացնում էք՝ Սիւնիքի մարզի եւ Իրանի հետ կապող միակ հիմնական ճանապարհը յանձնուեց Ազրպէյճանցիներին։ Հետագայում պարզուեց, որ դա տեղի է ունեցել Նիկոլ Փաշինեանի հրամանով, որի իրաւունքը ինքը չունէր։ Եւ իհարկէ յիշում էք դրանից յետոյ մեր տարածքներ ներխուժումները, Նիկոլ Փաշինեանի խոստովանութիւնները, ռազմական գործողութիւնները, զոհերը։ Մինչ օրս էլ մենք շարունակում ենք ունենալ կորուստներ։ Եւ այս պայմաններում մեր ժողովուրդը ոչինչ չի ասում»,- մանրամասն ներկայացրեց Արա Զօհրապեանը, ապա յաւելեց՝ Ազգային ժողովում ապրիլի 13-ին ու 14-ին Փաշինեանի կողմից արուած խոստովանութիւնները ուղիղ ապացոյցն են, որ այս ամենի պատասխանատուն ինքն է։
Զօհրապեանը շեշտեց եւս մեկ կարեւոր փաստ՝ գտնուելով ռազմական բախումների կիզակէտում, մինչ այսօր Զինուած ուժերի գլխաւոր շտաբի նշանակուած պետ չունենք։
«Ես չգիտեմ ինչպէս կիսեմ անհանգստութիւնս, բայց սա ուղիղ հակասում է մեր ազգային անվտանգութեանը։ Հաշուի առելով Ռուսաստան-Ուքրանիա ռազմական գործողութիւնները, շատ հնարաւոր է, որ Հայաստանում երկրորդ ճակատ բացուի։ Ամեն օր կարող է ռազմական բախում տեղի ունենալ, բայց մենք չունենք գլխաւոր շտաբի պետ։ Սա նոյնպէս պատահական չէ, սա Նիկոլ Փաշինեանի քաղաքականութեան մի մասն է։ Եթէ դուք մտածում էք, որ Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը մեզ ազատել է պատերազմից, չարաչար սխալւում էք։ Եթէ մենք այսօր դուրս չգանք մեր յարմարաւէտութիւնից, ապա վաղը կարող է ուշ լինել։ Հայ ազգը խաղաղասէր ազգ է, բայց, կը ներէք, ոչխար չէ։ Մենք պէտք է բոլորին ցոյց տանք, որ մենք ենք տէրը մեր երկրի»,- իր խօսքը աւարտեց Արա Զօհրապեանը։
Մամուլի ասուլիսից յետոյ Ազատագրական շարժման անդամները շարժուեցին դէպի ՀՀ գլխաւոր դատախազութիւն՝ դիմումը յանձնելու։ Այդ նոյն ժամանակ 44-օրեայ պատերազմում զոհուած զինծառայողների ծնողները Շառլ Ազնավուրի հրապարակում բողոքի ցոյցից յետոյ իրենց որդիների նկարներով լուռ երթով եւս շարժուեցին դէպի Դատախազութիւն։ Նրանց պահանջը եւս նոյնն է՝ պատասխանատուութեան ենթարկել Նիկոլ Փաշինեանին եւ բոլոր մեղաւորներին իրենց որդիների սպանութեան համար։
Նրանք նաեւ պահանջեցին գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանին իջնել եւ խօսել իրենց հետ։ Դաւթեանը իջաւ, սակայն մի քանի րոպէով, քանի որ նրան տեսնելով ծնողները վրդովուեցին։ Դատախազը, դիմելով զոհուած զինծառայողների ծնողներին, ասաց․ «Ձեր պահանջի արդարացիութիւնը ոչ մի վայրկեան չի կարող վիճարկուել։ Բայց վստահ եմ եկել էք, որ հասկանաք այդ պահանջին իրականացման ուղղութեամբ գործ արւո՞ւմ է թէ՞ ոչ։ Դրա համար առաջարկում եմ խումբ կազմել ու հանգիստ միջավայրում խօսել, բոլորիդ հարցերին պատասխանել»։ Դրանից յետոյ դատախազը հեռացաւ։ Ծնողները մերժեցին դատախազի առաջարկը, քանի որ իրենց պահանջն էր ընդունել բոլորին եւ բացատրութիւն տալ։
Աւելի ուշ, ՀՀ գլխաւոր դատախազութեան ներկայացուցիչը հաւաքուածներին յայտնեց, որ Դատախազութիւնը ապրիլի 27-ին գրաւոր ծանուցմամբ եւ պաշտօնական կայքով կը տեղեկացնի իրենց փոխանցած միջնորդութեան վերաբերեալ պատասխանը։ Աշխատակիցը նշեց, որ դա գլխաւոր դատախազի պաշտօնական պատասխանն է։
Յիշեցնենք, որ հարիւրաւոր փաստաբանների երկարատեւ պայքարից յետոյ, ՀՀ գլխաւոր դատախազութիւնում յարուցուել է քրէական գործ՝ դաւաճանութեան յատկանիշներով։ Սակայն, քրէական գործում որեւէ առաջընթաց չկայ։ Զոհուած զինծառայողների ծնողները, Ազատագրական շարժման անդամները պահանջում են՝ գործի քննութիւնը արագացնել, Նիկոլ Փաշինեանին ներգրաւել որպէս մեղադրեալ, իսկ իրենց տուժողի իրաւայաջորդ։