Շաբաթ, 20. 04. 2024

spot_img

Հայոց Ցեղասպանութեան Սուրբ Նահատակների Ոգեկոչման Արարողութիւնները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ցեղասպանութիւն 100 + 7

Ապրիլի 24-ին` Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակի օրուայ առիթով  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութիւնը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխաւորութեամբ, Սուրբ Պատարագի արարողութեանը մասնակցեց Սուրբ Գայիանէ վանքում: Այս օրը հաւատացեալների խոնարհումի համար դուրս էր բերուել Հայոց Ցեղասպանութեան սրբոց նահատակաց մասունքարանը:

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիւանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը:

Յնթացս Սուրբ Պատարագի Արշակ Սրբազանը, անդրադարձ կատարելով օրուայ խորհրդին եւ 20-րդ դարի սկզբի պատմական իրադարձութիւններին ու Հայոց Ցեղասպանութեանը, ի մասնաւորի նշեց. «Հայոց սոսկալի ջարդերից անցել են աւելի քան հարիւր տարիներ. ցաւի տառապանքի, նուաստացման, յուսախաբութիւնների, բայց նաեւ ամոքման ու վերականգման տարիներ: Սոսկալի ջարդերի սահմռկեցուցիչ տեսարանների առջեւ համրացած աշխարհը, սակայն, տակաւին համընդհանուր ու համարժէք դատապարտութեան չի արժանացրել ցեղասպանութեան յանցագործութիւնը:

Ցեղասպանութիւնը մեր ժողովրդի նկատմամբ շարունակւում է նաեւ այսօր եւ այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերացել մեր ազգին հասցուած  հոգեւոր, հոգեբանական, բարոյական ու նիւթական ահռելի կորուստների  հետեւանքները»:

Սրբազան Հայրը նկատեց, որ Հայոց Ցեղասպանութեան հանդուրժումը, դրա կոծկումը կամ ժխտումը համարժէք դարձաւ նոր ցեղասպանութիւնների խրախուսման ու քաջալերման․ «Հանդուրժել մեղքը, նշանակում է ոչ միայն դառնալ յանցակից, այլեւ ճանաչել դրա օրինաչափութիւնը, նուիրագործել մեղսագործութիւնը, յանցագործութիւնը դարձնել կենսակերպ եւ յարաբերութիւնների պարզաբանման գործիք»:

Անդրադառնալով ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակին` Սրբազան Հայրն ընդգծեց. «Մեր նահատակները մեր ուժն են եւ մեր զօրութիւնը: Այնքան ժամանակ, որքան կը պահպանենք հաւատարմութիւնը մեր սուրբ նահատակներին, այնքան ժամանակ, քանի դեռ կը պայքարենք ցեղասպանութեան աղէտալի հետեւանքների վերացման համար, ահա ճիշտ այդքան ժամանակ մենք կը շարունակենք մնալ հաւատարիմ մեր ինքնութեանը եւ արժանի ժառանգը` մեր նահատակուած հայրերի: Նահատակների յիշատակի նուիրական այս օրը սաղմոսերգուի հետեւողութեամբ ուխտերգ է դառնում համազգային մեր պոռթկումը` «Ով սուրբ նահատակներ, եթէ մոռանանք ձեզ, թող չորանան մեր ձեռքերը, եւ եթէ չյիշենք ձեզ, թող մեր քիմքերին մեխուեն մեր լեզուները»»:

Իր խօսքի աւարտին պատարագիչ Սրբազանը, դիմելով ներկայ հաւատացեալներին, պատգամեց․ «Ցեղասպանութեան սուրբ նահատակների նուիրական յիշատակի առջեւ ուխտի այս օրը մենք պարտք ունենք մեր նախնիների, մեր սերունդների եւ Աստուծոյ առջեւ` յաղթահարելու սիրոյ ու ներողամտութեան ճգնաժամը ներազգային մեր կեանքում: Լոկ կեղծիք են ու խաբէութիւն այլոց սիրելու մեր հաւաստիացումները, երբ չունենք սեր ինքներս մեր, մեր ազգի զաւակների ու մեր եղբայրների նկատմամբ: Նուիրական յիշատակի այս առաւօտ իմ հոգու խորքերից Քրիստոսի անունով դիմում եմ ձեզ` թափանցելու համար ձեր հոգու խորքերը. ամուր պահենք մեր հայկական ինքնութիւնը, չտրուենք քաղաքական ու գաղափարական այլածին հոսանքներին, ամէն ինչից առաջ եւ ամէն ինչից վեր մաքուր պահենք հայրենիքի սրբազան տարածքը օտարամուտ բարքերից ու կենսակերպից»:

Սուրբ Պատարագի աւարտին եկեղեցականների թափօրը, կրելով սուրբ նահատակների մասունքարանը, ուղղուեց դէպի Մայր Տաճարի շրջափակ, ուր Աղօթքի եւ ուխտի խաչքարի առջեւ, հանդիսապետութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուեց Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների բարեխօսական կարգ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին