Ուրբաթ, 26. 04. 2024

spot_img

Քաղաքացիները Ստորագրում Են Փաշինեանի Հրաժարականի Պահանջի Տակ

«Փաշինեանի Թուրքասիրական Քաղաքականութիւնն Ընդունելի Չէ». Քաղաքացի

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

«Ազատագրական շարժում»-ը նախաձեռնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով ստորագրահաւաք։ Հրաժարականի պահանջի պատճառը մէկն է՝ Նիկոլ Փաշինեանն այլեւս չի կարող երաշխաւոր լինել Արցախի ու Հայաստանի անվտանգութեան համար։ Հայ-թուրքական բանակցութիւնները, որոնք սկսուել են, ըստ շարժման վտանգաւոր են եւ լի միակողմանի զիջումներով։

Հայ-թուրքական սահմանի բացման «առանց նախապայմանների» կեղծ  դրոյթի ներքոյ իրականում թուրքական կողմն ակնկալում է Հայաստանից թուրքական նախապայմանների բացայայտ կամ քօղարկուած ընդունում, մասնաւորապէս՝

1) Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումից եւ պահանջատիրութիւնից հրաժարում.

2) թուրքական սահմանների, ինչպէս նաեւ վերջին միջազգային պայմանագրի (Կարսի անօրինական պայմանագրի) ճանաչում,

3) Արցախի ինքնորոշման իրաւունքից հրաժարում։

Շարժման անդամները համոզուած են՝ անարժանապատիւ եւ միակողմանի զիջումները չեն դադարեցնելու թուրք-ազրպէյճանական ծաւալապաշտական ցանկութիւնները եւ չեն ապահովագրելու Հայաստանին ու Արցախին հնարաւոր նոր պատերազմից եւ կորուստներից։ Այս ամենում նրանք պատասխանատու են համարում գործող իշխանական վերնախաւին, որը թալանը վերացնելու խոստումներով գալով իշխանութեան՝ մսխել է ժողովրդի վստահութիւնը, թալանի դէմ պայքարի անուան տակ ժողովրդի փողերը իւրացնելու նոր ձեւ է կիրառել՝ պարգեւավճարների տեսքով, ձեւաւորել է նոր օլիկարխիկ համակարգ, Հայաստանն ու Արցախը փաստացի տարել է պարտութեան՝ մարդկային, տարածքային եւ այլ կորուստներով այժմ էլ անկարող Է պաշտպանել Հայաստանի ու Արցախի շահը եւ համայն հայութեանը համախմբել։ Այս ամենից ելնելով, «Ազատագրական շարժում»-ը նախաձեռնել է Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջի ստորագրահաւաք։ Մեկնարկը տրուեց Եռաբլուր զինուորական պանթէոնում՝ փետրուարի 25-ին՝ Զօրավար Անդրանիկի ծննդեան օրը, դա եւս խորհրդանշական է։

Ամեն օր Երեւանի Ազատութեան հրապարակից դէպի Հիւսիսային պողոտայ տանող հատուածում ՀՀ քաղաքացիները հնարաւորութիւն ունեն մասնակից լինել Փաշինեանի հրաժարականի պահանջով սկսուած գործընթացին։ Ստորագրահաւաքի առաջին օրը նկատեցինք, որ աշխուժութիւնը բաւական նկատելի է։ Փաշինեանի հրաժարականի համար ստորագրող քաղաքացիների թիւը՝ մեծ ։

Մեզ հետ զրոյցում բազմավաստակ 35 տարուայ մանկավարժ Արմինէ Վաղրամեանը կարծիք յայտնեց, որ Փաշինեանի հրաժարականի պահանջը բաւական ուշացած է։ «Ես կարծում եմ՝ այն վաղուց պէտք է լիներ ու ողջամիտ հայութիւնը պէտք է հաւաքուէր այս գաղափարի շուրջ։ Մենք վաղուց պէտք է կարողանայինք մեր ապագան ընտրել, այն ապագան, որը պատկանում է ժողովրդին, ոչ թէ «ժող ջան»-ին»,- կարծիք յայտնեց քաղաքացին։ Նրա խօսքով՝ սահմանադրական ճանապարհը ամէնաճիշտ ու քաղաքակիրթ ուղին է նպատակին հասնելու համար։

«Որպէս մայր, որպէս քոյր, որպէս մանկավարժ կոչով դիմում եմ բոլոր ողջամիտ քաղաքացիներին, ովքեր պէտք է ընտրեն իրենց երեխայի ապագան, ճիշտ քայլ անել եւ ստորագրել այս պահանջի տակ։ Պէտք է կարողանալ սեփական անձից վեր բարձրանալ, ազգային շահը վեր դասել եւ դուրս գալ այս վիճակից»,- իր խօսքը եզրափակեց մանկավարժ Արմինէ Վաղրամեանը։

Նիկոլ Փաշինեանի հրաժարականի համար ստորագրող քաղաքացիները միաբերան նշում էին, որ այս հարցում պէտք է միասնական լինել, քանի որ անգամ 2018 թուականի իրադարձութիւնների ժամանակ փողոց դուրս եկած ՀՀ քաղաքացիները այսօր մեծ հիասթափութիւն են ապրել եւ նրանց յոյսերը չեն արդարացել։

Ի դէպ՝ այս օրերին, «Ազատագրական շարժման» ստորագրահաւաքից գուցէ ոգեշնչուած ընդդիմադիր քաղաքական այլ ուժեր եւս նախաձեռնել են Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով ստորագրահաւաք։ Բացի դա, «Ազատագրական շարժումը» մշտապէս յայտարարում է, որ պատրաստ է համագործակցել բոլոր այն ուժերի ու անհատների հետ, որոնց գաղափարները եւ նպատակները համընկնում են իրենց որդեգրած սկզբունքների հետ։ Այս առումով Շարժման տեսակէտը լսեցինք Շարժման ներկայացուցիչ Վազգէն Պետրոսեանից։

Նրա խօսքով՝ քաղաքական պայքարն իր տրամաբանութիւնն ու մեթոդաբանութիւնն ունի, եւ  իրենց ընդդիմադիր համարող ուժերը, կրկնօրինակելու փոխարէն, ճիշտ կ՛անեն միասնական լինել։ «Եթէ այսօր մենք սկսել ենք ստորագրահաւաք, վաղը մէկ այլ ուժ կարող է սկսել նման գործընթաց, ստացւում է՝ մէկս միւսին խանգարելու ենք։ Աւելի ճիշտ կը լինի, որ քաղաքական դաշտում գործող ընդդիմադիրները հասկանան, որ այսօր բոլորիս նպատակը մէկն է՝ այս իշխանութիւնների հեռացումը։ Դրա համար ամեն մէկը թող իր մեթոդն ունենայ ու չկրկնօրինակի միւսին։ Դա ժողովրդի մօտ հիասթափութիւն է առաջացնում։ Այդ պարագայում ուզեն թէ չուզեն Նիկոլ Փաշինեանի ջրաղացին ջուր են լցնելու»,- տեսակէտ յայտնեց մեր զրուցակիցը։ Հարցին՝ արդեօք նման քայլերը նպատակային են արւում միւս քաղաքական ուժերի կողմից, Վազգէն Պետրոսեանը չցանկացաւ դաւադրութիւնների տեսութիւններին մատնուել, բայց կոչ արեց չխանգարել մէկմէկու։

«Ինչու՞ պէտք է խանգարենք իրար։ Պէտք է ամեն ուժ որդեգրի սեփական ճանապարհը, որպէսզի տեղ հասնենք։ Եթէ խնդիր ունեն մեթոդների ընտրութեան հարցում, ամենայն լրջութեամբ եմ ասում պատրաստ ենք օգնել։ Մեր նպատակը մէկն է՝ այս իշխանութիւնների հեռացումն ու հայութեան փրկութիւնը։ Ուզու՞մ են, թող գան, համատեղ աշխատենք։ Բոլորին է ուղղուած իմ խօսքը։ Յորդորում եմ լինել իրար հետ յանուն հայրենիքի»,- ասաց Շարժման ներկայացուցիչը։

Փաշինեանի հրաժարականի պահանջով սկսուած ստորագրահաւաքը, ըստ Շարժման ներկայացուցիչների, լաւ է ընթանում, անցորդները առանց վախի եւ կաշկանդուածութեան ստորագրում են, յայտնում իրենց կարծիքը եւ գտնում, որ միայն Նիկոլ Փաշինեանի հրաժարականի դէպքում Հայաստանը կարող է այս ծանր եւ ստորնացուցիչ վիճակից դուրս գալ։ Մեր զրուցակիցներից մէկը, ով ֆրանսահայ էր, նշեց՝ յեղափոխութեան ժամանակ ինքը Երեւանում էր, պայքարում էր այն յոյսով, որ Հայաստանում կարող է դրական փոփոխութիւն լինել, բայց այսօր հիասթափուած է ու նեղսրտած։ Փաշինեանի թուրքասիրական քաղաքականութիւնն իրենց համար ընդունելի չէ։ «Փաշինեանի հրաժարականից յետոյ ինչքան էլ վատ լինի, այսօրուանից լաւ կը լինի։ Շատ պատճառներ կան, որոնց համար նա պէտք է հրաժարական ներկայացնի»,- յայտարարեց քաղաքացիներից մէկը։

Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջի տակ ստորագրել հնարաւոր է նաեւ ելեկտրոնային տարբերակով։

Այս յղումով կրելի է  ելեկտրոնային եղանակով ստորագրել՝

ՍԵՂՄԵԼ ԱՅՍՏԵՂ

https://form.jotform.com/220514077543047

Ստորագրութիւնը կարող էք տեղադրել մկնիկի միջոցով, իսկ հեռախօսի դէպքում՝ մատով, այնուհետև սեղմել «ուղարկել» կոճակը:

Ստորագրել արևմտահայերէնով և այլ լեզուներով՝

արևմտահայերէն տեքստը՝ https://form.jotform.com/220554548579467

ռուսերէն տեքստը (русский)՝ https://form.jotform.com/220554967823464

անգլերէն տեքստը (english)՝ https://form.jotform.com/220554941728460

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին