Բիրտ Ուժի Կիրառմամբ Ընդհատուեց
Ազատագրական Շարժման Խաղաղ Ակցիան
Ազատագրական շարժման անդամները դեկտեմբերի 10-ի առաւօտեան ժամը 10։00-ին խաղաղ ակցիա նախաձեռնեցին ՀՀ ԱԳՆ շէնքի հանրային տարածքում՝ նախարարից պահանջելով հերքել կամ հաստատել վարչապետ Նիկոլ Փաշինեանի խօսքերը Արցախի ադրբեջանապատկան լինելու մասին։
ՀՀ ԱԳ նախարարը կամ որևէ լիազօր ներկայացուցիչ չհանդիպեց Ազատագրական շարժման անդամների հետ, չտուեց որևէ բացատրութիւն 08․12․2021թ․ ԱԺ-ում Նիկոլ Փաշինեանի յայտարարութեան վերաբերեալ, ըստ որի՝ հայկական կողմը կորցրել է Արցախը Ադրբեջանի կազմից դուրս լինելու որևէ տեսական կամ գործնական հնարաւորութիւն։
Կարճ ժամանակ անց գործի դրուեց ոստիկանութեան բիրտ ուժը Ազատագրական շարժման անդամների նկատմամբ, որոնցից 13-ին բերման ենթարկեցին ոստիկանութեան տարբեր բաժիններ։ Մենք արձանագրում ենք, որ ոստիկանութիւնը թոյլ է տուել անօրինական գործողութիւններ՝ բերման ենթարկելով նոյնիսկ գործող փաստաբանների, և բռնի ուժ կիրառել Ազատագրական շարժման անդամների նկատմամբ։

Ազատագրական շարժումը համարում է, որ Նիկոլ Փաշինեանը իրականացնում է հակահայկական քաղաքականութիւն և պահանջում է նրա ու նախագահի հրաժարականը, քանի որ այդ երկու պաշտօնեաներն իրենց գործողութիւններով վտանգ են ներկայացնում ինչպէս Արցախի, այնպէս էլ ամբողջ ՀՀ պետականութեան համար։
Ցաւօք, ասուածի ևս մի ապացոյց դարձաւ Գեղարքունիքի մարզում երէկ և այսօր տեղի ունեցած ադրբեջանա-հայկական ռազմական բախումը, որի հետևանքով կրկին կորուստներ ունեցանք։
Ազատագրական շարժումը շարունակում է պայքարը հակահայկական իշխանութիւններից ազատուելու և հայկական պետականութիւնը ուժեղացնելու համար։
Շաբաթ՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 11։00-ին Ծիծեռնակաբերդի բարձունքից )Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի մօտի ավտոկայանատեղից( կը մեկնարկի իրազեկման ավտոերթ դէպի Սարդարապատ, որտեղ ժամը 15։00-ին տեղի կ՛ունենայ հաւաք։ Բոլոր ցանկացողները կարող են միանալ ավտոերթին։