Ուրբաթ, 19. 04. 2024

spot_img

Սլաք. Վիճակ Է Փոխւում

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

Հայաստանի որոշ համայնքների ՏԻՄ ընտրութիւնները հետաքրքիր պատկեր պարզեցին՝ յատկապէս Սիւնիքում եւ Գիւմրիում։ Ստոյգ եզրակացութեան համար պիտի ունենալ բոլոր ընտրատեղամանսերի քուէների պատկերը։ Հիմա կատարենք երկու եզրակացութիւն,-

    – Ընտրութիւններին մասնակցողների թիւը քիչ էր,

    – ՔՊ-ն չկարողացաւ յաղթել Գորիս խոշորացուած համայնքում եւ Գիւմրիում։

Ես կարեւորում եմ այս զարգացումները։

    Նոյեմբերին ու Դեկտեմբերին տեղի են ունենալու Հայաստանի միւս համայնքների ՏԻՄ ընտրութիւնները։ Նախատեսում եմ հիմիկուանից կը սկսեն կաշառել մարդկանց, խոստումներ կը տան ու ճնշումը կը մեծանայ ՔՊ-ին հակառակ բոլոր ուժերի նկատմամբ, ինչպէս որ՝ ոստիկանական ռեժիմ էր Գորիսում՝ ընտրութիւնների օրը։

    Միւս կողմից՝ նիկոլենք հաւանաբար արագացնեն հայրենիքը ծախելու եւ թուրքերի հետ համաձայնութեան գալու գործընթացը՝ ապագայ զարգացումները տեսնելով ու իրենց հերթական պարտութիւնների վտանգն զգալով։ Արդէն այսօր կարդացինք մի լուր, որ Ադրբեջանի հսկողութեան տակ է անցել ուրիշ տարածք Հայաստանում․․․


    Ընտրութիւններին մասնակցողների քիչ թիւը մտահոգիչ է։ Սա փաստում է, որ Հայաստանում կայ պահանջ՝ նոր ուժեր ասպարէզ գալու ու նոր օրակարգ ձեւաւորելու։ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանեանի դաշինքը յաղթանակը դրա վկայութիւնն է։ Գորիս խոշորացուած համայնքը քուէարկեց նոր ստեղծուած քաղաքական միաւորի օգտին։ Հետաքրքիր էր, որ ՏԻՄ ընտրութիւններին մասնակցելու յայտ չներկայացրին հայաստանեան մի շարք կուսակցութիւններ,- «Լուսաւոր Հայաստան», «Բարգաւաճ Հայաստան», ՀՅԴ, «Երկիր Ծիրանի» եւ այլն։ Հաւանաբար, նրանք զգացել են չեն յաղթելու, ու նպատակայարմար չիմացան մասնակցել ընտրութիւններին։

    Թէ ի՞նչ զարգացումներ տեղի կունենան Հայաստանում, վերջնական բան չասենք։ Պարզ է, ժողովրդի անտարբերութեան պայմաններում աւելի մեծանում է դրսի գործօնի ազդեցութիւնը։ Գրել եմ, նիկոլը հասցրեց Հայաստանը դարձնել ԶՐՕ գործօն տարածաշրջանում։ Եւ, այնպէս էլ էական դերակատար չէ Սփիւռքը, այնքանով, որ տեսանելի է նրա գործունէութիւնը ընդհանրապէս։ Յատկապէս տեսանելի չէ Սփիւռքի նոր հատուածի՝ հայաստանցիների, քաղաքական գործունէութիւնը։ Բայց, նրանք հաստատ կան։ Թէ ի՞նչ են անում, գոնէ ես չգիտեմ։

    Նաեւ կարդում ենք, որ Հայաստանի իշխանութիւններից ամեն օր մարդ է գնում Ռուսաստան՝ պետական տարբեր հանդիպումներ ունենալու համար, կամ՝ խորհրդաժողովների մասնակցելու համար։ Այս հանդիպումների յաճախականութիւնը աննախադէպ է ու շատ բան է նշանակում։ Ես յատկապէս կարեւորում եմ ԱԺ-ի նախագահ Ալէն Սիմոնեանի մի խօսքը, որ նա ասաց 44-օրեայ պատերազմի ու դրա հետեւանքների պատասխանատւութիւնը ստանձնելու կապակցութեամբ։ Ալէն Սիմոնեանն ասաց համարեա այսպիսի խօսք, որ թէ՛ նիկոլը, թէ՛ իշխանութիւնները երբեք չեն խուսափել պատերազմի պատասխանատւութիւնից։ Խօսքի ուրիշ բաժինները չգրեմ, քանի որ դրանք, պարզապէս, փախուստի ճամբայ էին ու էական նշանակութիւն չունեն։ Շատ հետաքրքիր էր մարդկանց գրառումը։ Ասում էին՝ եթէ պատասխանատւութիւնը ստանձնում էք, ապա ինքնասպան եղէք, կամ ԱԱԾ-ն պիտի ձերբակալի ձեզ ու դատի տան․․․

    Ստացւում է, գուցէ ՔՊ-ն հասնի այն եզրակացութեան, որ նիկոլին զոհելով՝ կարողանայ պահի իր իշխանութիւնը․․․ Սա միայն ենթադրութիւն է, ու վերջին շաբաթների՝ Ռուսաստան յաճախակի այցերը մեծացնում են այս նախատեսութեան իրագործման հաւանականութիւնը։

    Բայց․․․ Հիմա հարցը լրիւ ուրիշ է։ Ժողովուրդը ինչքանո՞վ պատրաստ է նորից նեցուկ լինել ՔՊ-ին, երբ նկատում ենք առցանց լրատուների հաղորդած լուրերի վերաբերեալ գրառումները ՄԻԱՅՆ հայհոյանք է ՔՊ-ականներին եւ ՊԱՀԱՆՋ՝ օր առաջ հեռանալու։ Այսպիսի պայմաններում ոչ-մի իշխանութիւն չի կարող երկար կեանք ունենալ։

    Հայաստանում մեծ պահանջ կայ քաղաքական դաշտում տեսնել նոր անուններ, նոր մարդիկ։ Դա չի նշանակում, որ պիտի մէկ կողմ քաշուեն հները։ Դա նշանակում է, որ բոլոր կառոյցներում սերնդափոխութիւն պիտի տեղի ունենայ, եւ աշխատանք ծաւալեն նորերը։ ՔՊ-ականների մեծամասնութիւնն էլ երիտասարդներ են, բայց ընդունենք, այստեղ հիմնականը ազգն ու հայրենիքն է, ազգային նպատակներն են, որից զուրկ է ՔՊ-ն։ Այս անողնաշար իշխանութիւնները պիտի հեռացուեն։

    Հայաստանում սկիզբ են առնում դրական գործընթացներ, որ միայն ողջունելի են։ Պիտի առիթ տալ նոր սերնդին ասպարէզ գալու։ Նկատում եմ, Հայաստանում եւ Սփիւռքում կան խոստումնալից երիտասարդներ, ովքեր կարող են վիճակը հիմնովին շուռ տալ՝ փրկելով կործանման եզրին հասած հայրենիքը։ Ազգային ուժերը ՊԻՏԻ ընթացք տան նորերին։ Ուրիշ ճամբայ չկայ։ Հայ ժողովրդի պահանջը նոր դէմքեր տեսնելն է, նոր օրակարգ ձեւաւորելն է, եւ ազգային-հասարակական աշխատանքներին մեծ թափ հաղորդելը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին