Երկուշաբթի, 04. 11. 2024

spot_img

«Hands off Tavush». ամերիկահայերն աջակցություն կցուցաբերեն ապաստարանների կառուցման գործում

 Հայաստանի սամանի Տավուշի հատվածում օրեր առաջ Ադրբեջանի սանձազերծած գործողություններն անտարբեր չթողեցին աշխարհի տարբեր հատվածներում գտնվող բազմաթիվ հայերի: Մի մասն իր աջակցությունն էր հայտնում տեղեկատվական դաշտում, մի մասն ակտիվորեն մասնակցում էր բողոքի ձայնը բարձրացնելու, համախմբվելու ցույցերին, որոշներն էլ մտածում էին, թե ինչ ֆինանսական աջակցություն կարող են ցուցաբերել Տավուշի մարզի սահմանամերձ բնակիչներին: Ամերիկացի գրող, իրավաբան և հայազգի դասախոս, իրավապաշտպան, ակտիվիստ, ծագումով Բաքվից Աննա Աստվածատուրյան-Թերքոթը, ով ներկայում ԱՄՆ-ում է բնակվում, հայտնի է Հայաստանին, Արցախին աջակցելու տարբեր ծրագրերով: Աննա Աստվածատուրյան-Թերքոթի ընտանիքը տասնամյակներ առաջ Բաքվում հայերի ջարդերի կազմակերպման ժամանակ մի կերպ կարողանում է փախչել: Պատմության թողած հետքը ուղեկցել է ամբողջ կյանքում: Աննա Աստվածատուրյան-Թերքոթը բոլոր առիթներն օգտագործել է պատմելու, ներկայացնելու, թե տասնամյակներ առաջ Բաքվում հայերի նկատմամբ ինչ վայրագություններ են տեղի ունեցել: Օրեր առաջ Տավուշում Ադրբեջանի սանձազերծած գործողությունները, սահմանային լարվածությունը, կարծես, վերաթարմացրեցին հիշողությունները:

«Մենք տասնամյակներ առաջ փախել ենք Բաքվից, հազիվ փրկվել ենք: Այն, ինչ մեզ հետ տեղի էր ունեցել Բաքվում, ոչ միայն ազդեցություն է թողնում Տավուշին աջակցելու իմ նախաձեռնության վրա, այլև ազդել է իմ բնավորության, այն ամենի վրա, ինչ ես դարձել եմ, թե ինչպես եմ նայում աշխարհին, ինչ եմ մասնագիտությամբ, ինչով եմ զբաղվում, ինչպես եմ օգնում Հայրենիքին: Ես օգնում եմ Հայաստանին ու Արցախին, միևնույն ժամանակ իմ քաղաքական ու հումանիտար նախագծերով պատասխանում ենք այն ամբողջ ցավին և կորուստներին, որոնք մենք՝ Ադրբեջանի հայազգի փախստականներս, վերապրել ենք: Իմ ծրագրերը տարբեր են, ու ես դրանք զգուշությամբ եմ ընտրում: Իմ նախագծերը երեք տիպի են՝ պահպանել Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի հիշողությունները, քաղաքական, տնտեսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին ու Արցախին և, իհարկե, պատասխանել ադրբեջանական քարոզչությանը: Այնպես, որ երբ Ադրբեջանը հարձակվեց Տավուշի վրա, ես պետք է ինչ-որ բան անեի»,-ասաց Աննա Ասվածատուրյան-Թերքոթը: 

 

Նա ձեռնամուխ եղավ «Ձեռքերը հեռու Տավուշից» կամ «Hands off Tavush» նախաձեռնության իրականացմանը, որի շրջանակում սոցիալական ցանցում սկսեց իրականացնել դրամահավաք՝ օգնելու Ադրբեջանի՝ հրետակոծությունից տուժած համայնքների բնակիչներին: Զանգերն ու նամակները չուշացան: Բազմաթիվ հայեր ու այլ ազգության ներկայացուցիչներ դիմում էին Աննա Ասվածատուրյան-Թերքոթին՝ հասկանալու, թե ինչպես աջակցեն: 

«Մարդիկ ցանկանում էին օգնել, ես` նույնպես: Ես չեմ սիրում նստել, սպասել, այն դեպքում, երբ ես կարող եմ, թեկուզ հեռու տեղից, ինչ-որ ձևով օգնել: Կարող եմ ասել, որ դրամահավաքը շատ ակտիվ սկսվեց: Բազմաթիվ դոնորներ տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն են, սակայն կան նաև ոչ հայեր»,-ասաց նա: 

Մեկ շաբաթ առաջ դրամահավաքի համար սահմանվել էր 25 հազար ԱՄՆ դոլար: Դրան զուգահեռ Աննա Ասվածատուրյան-Թերքոթը տեղեկատվություն էր հավաքում, թե ինչի կարիք ունի Տավուշը: Ընդամենը երկու օրվա ընթացքում նախանշված 25 հազար դոլարը հավաքվեց: Այնուհետև սահմանվեց 50 հազար ԱՄՆ դոլար շեմը, որը նույնպես կարճ ժամանակում հավաքվեց: Այժմ սահմանվել է 75 հազար դոլար, որից շուրջ 59 հազարն արդեն հավաքվել է: Կոնկրետ ի՞նչ նպատակներով է ծախսվելու գումարը. հարցին ի պատասխան, Աննա Ասվածատուրյան-Թերքոթը նշեց, որ կապի մեջ է Տավուշի մարզպետի հետ, ով ծանոթացրել է «Պահապան զարգացման հիմնադրամ»-ի հետ, որն իրականացնում է ապաստարանների կառուցման և այլ նախագծեր: 

«Ես որոշեցի առաջին 30 հազար ԱՄՆ դոլարն ուղարկել ապաստարանների կառուցման գործին: Մնացած գումարը կմնա տնտեսական նախագծերի համար, որոնց իրականացումը բնականաբար կլինի մարզպետի հետ համագործակցությամբ: Գումարները կներդրվեն կոնկրետ ծրագրերում: Ես ցանկանում եմ աշխատել այն կազմակերպությունների հետ, որոնք հենց այդ մարզում են գործում, որոնք տնտեսական նախագծերի փորձ ունեն»,-հավելեց նա: 

 

Աննա Ասվածատուրյան-Թերքոթն անդրադարձավ նաև այս օրերին աշխարհի տարբեր երկրներում հայերի ու ադրբեջանցիների միջև սրացումներին: Նա ընդգծեց, որ նման սրացումներին պետք է պատասխանել Հայրենիքի հանդեպ վերաբերմունքով: 

«Օգնեք Հայաստանին, մի տրվեք սադրանքներին, ձեզ ավելի բարձր պահեք: Եղեք զգույշ, պատմեք սենատորներին այն, ինչ մեզ հետ տեղի է ունենում Հայաստանում  և Սփյուռքում։ Եվ ամենագլխավորը, արեք այնպես, որ մեր նախնիները հպարտանան մեզնով»,-հավելեց նա: 

Աննա Ասվածատուրյան-Թերքոթը «Ոչ մի տեղ․ արտաքսման մի պատմություն» (Nowhere, a Story of Exile) գրքի հեղինակն է: Գիրքը գրել է՝ հիմնվելով մանուկ ժամանակ վարած օրագրի հիշողությունների վրա, որտեղ պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը Բաքվում առերեսվում ազգային բռնության և բնաջնջման: Նա  կարևոր դեր է խաղացել ԱՄՆ Մեն նահանգի կողմից 2013 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման գործում։ Պարգևատրվել է Հայաստանի ու Արցախի նախագահների կողմից:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին