Կիրակի, 28. 04. 2024

spot_img

Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է ՀՀ քաղաքացիական բնակավայրերի հրետանակոծումը

Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը՝ խաղաղ բնակչության, նրանց առողջության ու կյանքի, սեփականության թիրախավորմամբ: 

«Ֆեյսբուք»-ի իր էջում ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է փաստական տվյալներ։

«Ադրբեջանական կողմը 2020 թվականի հուլիսի 13-ին թիրախային հրետանակոծման է ենթարկել Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել նման ահազանգեր գյուղի բնակիչներից և Չինարի համայնքի ղեկավարից։ Ըստ այդ ահազանգերի՝ ադրբեջանական կողմից արձակվել է շուրջ մեկ տասնյակ արկ, վնասվել են գյուղի բնակելի շինություններ»,- գրել է Թաթոյանը և տեղեկացրել, որ Չինարի գյուղից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են փոխանցել հրետանակոծությունից հետո արված լուսանկարներ, որոնք վկայում են գյուղի տներից մեկին պատճառված վնասի մասին: Մեկ այլ դեպքում վնասվել է բնակելի տան շինության տանիքը, իսկ հրետանակոծության պահին տանը եղել են երեխաներ։

Թաթոյանը գրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերից անմիջապես հետո արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ Չինարի բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն արձակել են 82 մմ տրամաչափի ականանետից 7 արկ, իսկ 120 մմ տրամաչափի ականանետից՝ 3 արկ։

Նրա խոսքով՝ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերը, Հայաստանի պետական մարմինների պաշտոնական հայտարարությունները և սոցիալական մեդիայի հրապարակումները վկայում են, որ թիրախավորվել է Հայաստանի քաղաքացիական խաղաղ բնակավայրը, առկա է խաղաղ բնակիչներին, նրանց կյանքին ու առողջությանը իրական վտանգ, ինչպես նաև գույքին պատճառված վնաս։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է անմիջական կապ պահպանել Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի բնակիչների և համայնքների վարչական մարմինների հետ։ Իրականացվում է ամբողջական դիտարկում, տեղեկությունների և փաստերի անկախ հավաքագրում։

Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը բացարձակ դատապարտելի է համարում հատկապես նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) գլոբալ համաճարակի պայմաններում։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կորոնավիրուսի վտանգով պայմանավորված, դեռևս մարտի 23-ին կոչ է արել անհապաղ ամբողջությամբ դադարեցնել զինված հակամարտությունները երկրագնդի բոլոր անկյուններում։ Այս արձանագրումները ևս սահմանված կարգով կամփոփվեն ու և նոր զեկույցով կուղարկվեն միջազգային կառույցներին: Այս մասին կլինի Մարդու իրավունքների պաշտպանի լրացուցիչ հաղորդագրությունը»,- հայտնել է Արման Թաթոյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին