Ադրբեջանական կողմն ապրիլի 29-ին կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հարակից մարտական դիրքերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն էլ նշեց, որ ժամը 13:00-14։00-ը գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրերի ուղղությամբ կրակոցներ են հնչել: «Գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել: Մինչ գյուղ հասնելը միջպետական ճանապարհին ազատ հատված կա, մեր գյուղի արոտավայրերն են այնտեղ, այդ հատվածի ուղղությամբ են եղել կրակոցները: Տուժածներ և վնասներ չունենք»,-ասաց նա:
Նա վստահեցրեց, որ գյուղում խուճապ չկա:
Գյուղապետը նաև հիշեցրեց, որ վերջին կրակոցները եղել էին 2018-ի սեպտեմբերի 12-ին: