Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Հայաստանում 2018թ. դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունները լավագույնն է համարում անկախ Հայաստանի պատմության մեջ, սակայն նշում է, որ ընտրական համակարգը դեռ բարեփոխումների կարիք ունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սվիտալսկին հայտնեց փետրվարի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մեր տեսակետները շատ հստակ են: Դրանք շատ բարձր մակարդակի վրա էին, համապատասխանում էին միջազգային չափանիշներին, և լավագույն ընտրություններն էին անկախ Հայաստանի պատմության մեջ: Հայաստանը կարող է հպարտանալ, որ կարողացավ հասնել շատ բարձր հուսալիության ու թափանցիկության: Սակայն ընտրություններն, այնուամենայնիվ, կատարյալ չէին, ինչն էլ ցույց է տալիս, որ աշխատանքն այս ուղղությամբ պետք է շարունակել»,- ասաց Սվիտալսկին:
Դեսպանը նշեց, որ Եվրամիությունն ընտրական համակարգի կատարելագործման հարցում պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը: