«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ – Մարտին (Մարտիրոս) Մազմանեան (24 Դեկտեմբեր (Յունուար 5) 1899 (1900), Թիֆլիս- 8 Մայիս 1987, Երեւան), հայ խորհրդային երաժշտահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965):
1921 թուականին աւարտած է Թիֆլիսի Ներսիսեան դպրոցը։ 1922-1924 թուականներուն սորված է Մոսկուայի (խմբավարութիւն), 1926-1930 թուականներուն՝ Թիֆլիսի (ստեղծագործութիւն, դասատու՝ Սարգիս Պարխուտարեան) երաժշտանոցներուն մէջ։ 1930 թուականին աւարտած է Երեւանի պետական երաժշտանոցը։ 1950-1954 թուականներուն եղած է «Հայֆիլհարմոնիա»-յի տնօրէն եւ գեղարուեստական ղեկավար, 1954-1962 թուականներուն` Ռոմանոս Մելիքեանի անուան ուսումնարանի տնօրէն: 1961-1977 թուականներուն Երեւանի պետական երաժշտանոցին մէջ դասաւանդած է խմբավարութիւն։ Եղած է Հայաստանի երաժշտական ընկերութեան հիմնադիրներէն եւ ընկերութեան նախագահի տեղակալը։ ՀՀ քաղաքներու, Թիֆլիսի, Մոսկուայի մէջ հիմնած եւ ղեկավարած է երգչախումբեր։ Գրած է «Ճուտիկ» մանկական օփերան, սիմֆոնիկ («Մամէ եւ Աշէ», «Յաղթանակի պոէմ»), կամերային գործիքային երկեր, խմբերգեր, երգեր, ստեղծագործութիւններ մանուկներու համար: