Կիրակի, 08. 06. 2025

spot_img

ԱՄԱՆՈՐԸ ՕԾՒՈՒՄ Է ՀՈԳՈՒ ԵՒ ՍԻՐՈՅ, ԽՂՃԻ ԵՒ ԼՈՒՍՈՅ ՄԻՒՌՈՆԱԹՈՒՐՄՈՎ…

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Սպասումների եւ մեծ հաւատքի գրաւական… Յաւերժի առհաւատչեայ… Կեանքի ոլորաններում մեզ սպասող երփնաբոյր ծաղկաստաններ եւ ասեղնագործ հեքիաթներ…

Ամանոր…Ասել է, թէ երգ ու տաղի ժպիտ, երգ ու տաղի կախարդանք,  երգ ու տաղի արձագանգ… Աշխարհի բոլոր բարձունքներում ալիքուող եւ կեանքի վիհերում անթեղուող խանդաղատանք:

Կեանքը յաւերժութեան ծառն է`պիրկ արմատներով, գոյութեան կռուով: Արմատներից իւրաքանչիւրը մի աւանդոյթ է, մի ծէս, խաչբուռ երախտիքի, մի յաղթանակ, մի նուաճում, մի նպատակ, մի  սլացում, հազար ու մի բերկրանք… Ծառի վրայ փորագրուած են յարատեւելու կանոնները, կեանքի փիլիսոփայութիւնն ու իմաստնութիւնը: Ծառի վրայ պահպանուած են մեհենադրոշմներ եւ նրանցում պատսպարուած գաղտնիքներ, հանելուկներ, առեղծուածներ…  Բարկ արեւն ու անխնայ փոթորիկները միշտ էլ փորձելու են տապալել ծառը, սակայն ծառի կամքը շարունակելու է ապրել, եւ ամէն տարի նրա արմատներից նոր շիւեր են ընձիւղուելու, ու նրա ոստերից նոր բողբոջներ են ժպտալու. Ամանորը յաւերժի արմատներից ծլարձակող նոր շիւն է, որն իր փթթումով, ծաղկում-պտղակալումով երջանկութեան և գոհունակութեան փայլ է խառնում այգեպանի յոգնատանջ շնչին:

Ամանորը հնի լաբիրինթից դուրս գալու խորախորհուրդ ելքն է, որտեղ աշխարհը ողողւում է անհունից հեղեղող լոյսի բերկրածին կարկաչով: Այդ կարկաչում ներդաշնակօրէն համընկնում են  իրականութեան հաստատուն քայլքը եւ երազածին երեւակայութեան ճախրահմայ թռիչքը`պայծառ երանգաթելերով միահիւսելով ե՛ւ մէկի, ե՛ւ միւսի երկնասլաց հայեացքները. այս ժամանակ է, որ իրականութիւնը դառնում է երազ, իսկ երազը` իրականութիւն:

Կեանքը ժամանակի կանոնաւոր շրջապտոյտն է: Շրջապտոյտ, որն իր հերթափոխի կանոններն է սահմանել: Ամանորը կեանքի այդ պարբերական շրջապտոյտի հերթափոխութեան սկիզբ ու աւարտի միաձուլումն է, դադար եւ մեկնարկի շնչառութիւնը, նոր ծնուող գոյի ելեւէջումն է, անցնող խնկարկում  եւ նորի օծումն է, երբ միաժամանակ ե՛ւ մեռնում են չիրականացած երազանքները, ե՛ւ ծնւում բոլորովին նորերը, երբ դու ջարդուխուրդ ես անում քո բոլոր հեքիաթները, իսկ հոգուդ խորքում այդ հեքիաթներից մի կայծ անթեղւում ու վաղուայ օրուադ ջերմն է կազդուրում:

Մարդն այդ պտոյտի գերին է դառնում, մարդն այդ պտոյտում զարդ է քանդակւում, մարդը իրենից լոյսեր է թողնում, գիսաստղի հետքով ցոլքեր է սփռում: Մարդ կայ եկել է, որ միայն տանի, դէ, գուցէ նա էլ պիտանի լինի…

Մարդն այդ պտոյտից վերցնում եւ տալիս է ըստ իր բովանդակութեան եւ տարողունակութեան: Այնուամենայնիւ, ինչ էլ վերցնում կամ տալիս ենք, դրանով միայն մեր հոգում անթեղուած կայծն ենք սնուցում: Եթէ այդ կայծը լաւ է փայփայւում, այն յետոյ հաւատ, կրակ է դառնում: Կրակի բոցերը մենք անուանակոչում ու տօնածառի խղճից ենք կախում: Մենք այն անուանում ենք լոյս ու բերկրութիւն, սէր եւ խաղաղութիւն ու անդաւաճան սուրբ ընկերութիւն,  կապոյտով կնքուած  եռագոյն ծածան եւ հայրենասիրութիւն, երջանիկ ուղի ստեղծող բուրաստան ու մաքրամաքուր խղճի սուրբ ատեան… Բոլոր անուն-յատկութիւններն օծւում եւ կնքւում են յուսոյ աւազանում: Իբրեւ մկրտիչ կախարդանքների եւ հոգու արեւ՝ ծառի գագաթին յոյսն է ագուցւում:

Ամանոըը շարունակութեան երկունքն է, նորածնի ճիչը, մանկան ժպիտը ու լոյսի տրոփն է, խաղի աղմուկը եւ յարատեւման սաղմի բողբոջն է…

Ամանորը լոյսի տօնն է, ծառի տօնը, յոյսի, սիրոյ ու խնդութեան, համբոյրների ու ջերմութեան, խենթ գոյների ու ցնծութեան, ընտանեկան ջինջ սրբութեան… Կանթեղների ժպիտ-շարան…Ճաճանչասփիւռ շողեր բուրեան…

Ամանորը սիրով թաթախուած բարութեան կնիքն է`դրոշմուած աշխարհի խղճին:

Շնորհաւոր Նոր տարի…

Նախորդ տարին ամանցեալ է այսուհետ,

Մեր հայեացքը նայելու է միշտ էլ յետ.

Թող անցեալից պահենք միայն վառ գոյներ՝

Նորահիմքի երջանկութեան ատաղձներ.

Ուրախ թոյր ու բոյր անցնող պահերին,

Խնդութեան երգեր՝ բողբոջ օրերին

 

Թող Ամանորը մեզ հաւատարմութեան կրողը դարձնի:

Թող Ամանորը մեզ  բարձունքների վերելքում պահի:

Թող Ամանորի ղօղանջներն ամէն մեր կամքի ուժը ամրակուռ դարձնեն:

Երգ ու տաղերով կարօտներն ամէն թող յաւիտենութեան բոյրով ամփոփուեն: 

 

Թող Ամանորը ձեզ խինդ ու ծիծաղ,

Թող լոյս ու բերկրանք  ու ամբողջ կեանքում

Սիրուց հեղեղուած գարուններ բերի,

Աստղաբոյլ խայտանք, զօրեղ կախարդանք,

Ծիածանագեղ թովչանքներ ձօնի:

 

Խաղաղ կամարներ,  ճախրեր արծուաթեւ,

Թեւեր, վերելքներ, թռիչքներ բաշխի.

Թող Ամանորը լոյսի պէս հզօր

Ու լոյսի նման թափանցող դարձնի:

 

Շնորհաւոր Նոր տարի…

 

ՎԱՆՈՒՀԻ-ԼԻԱՆԱ ՍԱՀԱԿԵԱՆ

Սիսիան, 2018

***

 

 

ԱՄԱՆՈՐԻ ԳԻՇԵՐԻՆ…

 

Նորից Նոր Տարի,

Կաղանդի գիշեր,

Բայց մէկը չեկաւ,

Որ դուռը բացէր,

Նստէր սեղանին

Ու պատառ կիսէր,

Բարի խօսք ասէր…

Էլ ինչ Նոր Տարի,

Էլ ինչ Ամանոր,

Երբ թողել ենք մեր

Բունը կիսաւեր,

Ու դառել կռունկ՝

Անտուն, բնաւեր…

Էլ ինչ Նոր Տարի,

Ինչ կաղանդ գիշեր,

Չգիտես որին

Եւ ումը յիշել,

Երբ չկան արդէն

Ընկեր տղերքը,

Որ էլ լռել է

Կենսուրախ երգը…

Էլ ինչ Նոր Տարի…

 

ՆԵՐՍԷՍ ՏԷՐ ՄԵՍՐՈՊԵԱՆ

 

***

ԱՄԱՆՈՐԵԱՆ ԽՈՀԵՐ

 

Արի, քեզ հետ բեր սէր ու հաշտութիւն,

Ու հանգիստ քայլեր խաղաղ աշխարհում,

Տոպրակներով բեր խաղալիք ու սէր,

Ու ջերմ համոյներ որբերի համար…

 

Արի, միշտ արի, դու անզօրի հայր՝

Ու անգին մայրը ամբողջ աշխարհի,

Եւ նրանց սիրով խնդրի Աստծուն,

Գութ դնի սրտին, կրակ վառողի…

 

Արի, քեզ հետ բեր խրատներ բարի,

Լցրու նենգ ոգում չարագործների,

Կրակ չվառեն չորս կողմն աշխարհի,

Արի, այս դաժան կրակը մարի…

 

Արի, դու արի, խաղաղ Նոր Տարի,

Հէգ բանաստեղծիս իղձը կատարիր,

Կրկին քեզ հետ բեր խաղալիք ու սէր,

Ամբողջ աշխարհի սրտերը վառիր…

 

ՓԱՆՈՍ ՎԱՐԴԱՆԵԱՆ

 

***

ՆՈՐ ՏԱՐԻ

 

Նոր օր է գալիս,

Նոր կեանք մեզ տալիս,

Բերք, բարիք բերում,

Առողջ կեանք բաշխում…

Անուշ մանուկներ,

Նա ձեզ է փնտռում,

Սիրում է սրտանց

Յոյսեր, ներշնչում…

 

Ձիւն, անձրեւ, բերում,

Կեանք տալիս հողին

Ու պարարտ հողը

Մեզ բերք նուիրում…

Ողջո՜յն, Նոր Տարի,

Բեր մեր աշխարհին

Ծով խաղաղութիւն,

Սէր, եղբայրութիւն…

 

Մայր Հայաստանին

Միշտ ամուր պահիր,

Որ եռագոյնը

Յաւերժ ծածանի…

 

ԱՒԵՏԻՍ ՆԱԶԱՐԵԱՆ

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին