Երկուշաբթի, 17. 06. 2024

spot_img

Արցախի Հանրապետութեան 27-րդ տարեդարձին առիթով

      «ՆՈՐ ՕՐ», ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ –  Շուշի քաղաքը գտնւում է Արցախի Հանրապետութիւնում։ Այն յայտնի է պատմական բերդով։ Բերդն ունեցել է չորս դարպաս։ Շուշին տեղադրուած է Փոքր Կովկասի լեռնային գօտում համեմատաբար դժուարամատչելի բարձրաւանդակում, որը ծովի մակերևոյթից 1300-1500 մեթր բարձրութիւն ունի. ամենաբարձր գագաթն է Մեծ Քիրսը՝ 2725 մեթր։ Շուշիի կլիման մեղմ է, շատ են ամպամած ու մառախլապատ օրերը։

         Դարեր իվեր Շուշին ականատես է եղել բազում պատերազմների։ 1828 թուականին Թուրքմէնչայի պայմանագրի համաձայն Շուշին ազատագրուեց Ղաջարեան բռնապետութիւնից, սակայն դարձաւ ցարական Ռուսաստանի տիրոյթը։ Հետևապէս դադարեցին հերթական պատերազմները և բարենպաստ պայմաններ ստեղծուեցին տնտեսութեան զարգացման համար։ Երբեմնի Շուշի կոչուող ամրոց-բնակավայրը կարճ ժամանակամիջոցում զարգացաւ դարձաւ Հարաւային Կովկասի խոշոր քաղաքներից՝ զիջելով միայն Թիֆլիսին ու Բաքուին։ Մեծ համբաւ էին վայելում մետաքսագործներն ու գորգագործները։ Շուշիի զարգացումն ու կենսունակութիւնն ընդհատուեց, երբ թուրք-թաթարները 1920 թուականի Մարտին կոտորեցին հայ բնակչութեանը և աւերեցին նրանց քաղաքամասերը։

        Շուշիում Թուրքմէնչայի պայմանագրի կնքումից տասը տարի անց աշխատեց Ղարաբաղի Հայոց թեմական դպրոցը (1838 թ․), հիմնադրուեցին Ղարաբաղու Սուրբ Տիրամայր Մարիամու օրիորդաց ուսումնարանը (1864 թ․), Քաղաքային ուսումնարանը (1875 թ․), Ռէալական ուսումնարանը (1881 թ․), Օրիորդաց Մարիամ Ղուկասեան արքունական գիմնազիան (1894 թ.), և այլն։

        Շուշիում տարբեր ժամանակներում մանկավարժութեամբ են զբաղուել Պետրոս Շանշեանը, Պերճ Պռօշեանը, Ղազարոս Աղայեանը, Վրթանէս Փափազեանը, Հրաչեայ Աճառեանը, Մանուկ Աբեղեանը, Լէօն և ուրիշներ։ Որպէս կրթամշակութային օջախ, Շուշին կապեր է ունեցել Հնդկաստանի, Պարսկաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի կրթական, լուսաւորական հաստատութիւնների հետ։

        Շուշիում առաջին տպարանը բացուեց 1827 թուականին։ Յաջորդ տարին այնտեղ տպագրուեց առաջին մեսրոպատառ գիրքը «Պատմութիւն սուրբ գրոց» խորագրով։ 1881 թուականին Շուշիում բացուեց Միրզաջան Մահտեսի Յակոբեանի տպարանը, որն իր գոյութեան 25 տարուայ ընթացքում հրատարակեց մեծ քանակութեամբ գեղարուեստական ու պատմագիտական գրքեր, դպրոցական ձեռնարկներ ու դասագրքեր, թերթեր ու ամսագրեր։ Շուշիում 1905 թուականից յետոյ բացուեցին Բագրատ Տէր-Սահակեանի և Մելքոն Բաբաջանեանի տպարանները, որոնց գործունէութիւնն ընդհատուեց 1920 թուականի արիւնալի կոտորածի պատճառով։ Այսպիսով 1828-1920թուականներին Շուշիում տպագրուել են աւելի քան 150 անուն գիրք։

        Աշխոյժ ու բեղմնաւոր է եղել Շուշիի թատերական կեանքը, որը սկզբնաւորուեց 1865 թուականին, երբ թիֆլիսահայ դերասաններ Գ․ Չմշկեանը, Մ․ Ամրիկեանը և Ա․ Մանդինեանը տեղի ուժերի հետ միասին բեմադրեցին մի քանի պիէս։ Շուշիի թատերական կեանքում նշանակալից օր էր, երբ 1882 թուականի Օգոստոսին Համլետի դերում հանդէս եկաւ Պետրոս Ադամեանը։ Հայ թատրոնի տարեգրութեան մէջ մեծ իրադարձութիւն էր Մկրտիչ Խանդամիրեանի թատրոնի հիմնադրումը 1891 թուականին։ Խանդամիրեան թատրոնում և քաղաքի այլ ակումբներում հիւրախաղերով հանդէս եկան հայ թատրոնի անուանի դերասաններ։

        Տարբեր ժամանակներում համերգներով հանդէս են ճանաչուած երգիչներ ու երգահաններ։ Նաև Շուշի են այցելել Կոմիտասը, Քրիստափոր Կարա Մուրզան։ Շուշիում կազմակերպուել են կրկէսային ներկայացումներ։ Շուշիում ևս գործել են նուագախումբ ու պարային անսամբլ։

         Ծննդով շուշեցի են Մուրացանը, Վաղարշ Վաղարշեանը, Սպանդար Սպանդարեանը, Համբարձում Առաքելեանը, Գարեգին Բեսը, Յովսէփ Տէր-Աստուածատրեանը, Ստեփան Աղաջանեանը, Նելսոն Ստեփանեանը։

          1870-ական թուականներից մինչև 1920 թուականը Շուշիում լոյս տեսաւ 21 անուն թերթ և ամսագիր, որոնցից երկուսը ռուսերէն էին։ Շուշիի բնակչութիւնը զերծ չէր ժամանակի քաղաքական հոսանքների ազդեցութիւնից, դրանք էին հնչակեան, դաշնակցական ու բոլշևիկեանը։

            Միայն 19-րդ դարում Շուշիում կանոնաւոր քաղաքաշինութեան սկզբունքներով իրականացուեց երեք գլխաւոր յատակագիծ, իսկ չորրորդ յատակագիծը կազմուեց 1912 թուականին։ Հայաբնակ քաղաքամասերից իւրաքանչիւրն ունեցել է իր եկեղեցին։ Դրանցից ամենահոյակապն է Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ տաճարը, յայտնի է նաեւ Ս․ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցին։ Յիշարժան յուշարձաններից է ռէալական ուսումնարանը, գոյութիւն ունեն դամբարաններ, խաչքարեր, գերեզմանատներ, քաղաքացիական շինութիւններ, կամուրջներ, ջրաղացներ և այլն։

 

ԺՈՐԱ ՀԱՄԲԱՐՉԵԱՆ      

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին