«Հայաստան» համահայկական հիմնադրամի յարգելի նուիրատուներ,
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդի անդամները, ընդառաջելով Հայաստանի Հանրապետութեան նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Պրն. Արմէն Սարգսեանի առաջադրանքին, ինձ յանձնեցին Հիմնադրամի գործադիր տնօրինութեան ժամանակաւոր պաշտօնակատարի պարտականութիւնը, որը պաշտօնապէս ստանձնեցի 2018-ի Յուլիսի 19-ին: Մինչ այդ, ՀՀ նախագահի առաջարկն ընդունելուց անմիջապէս յետոյ մեկնեցի Երեւան, ուր Յուլիսի 15 եւ 16-ին հանդիպումներ ունեցայ պետական բարձրաստիճան անձանց, ինչպէս նաեւ Հիմնադրամի Երեւանի գրասենեակի անձնակազմի հետ:
Առաջին քայլս եղաւ ստուգել Հիմնադրամի հաշիւների ամբողջականութիւնը: Քննարկումների արդիւնքում պարզուեց, որ նախկին գործադիր տնօրէնի կողմից Հիմնադրամի վարկային գծի միջոցով անձնական նպատակների համար օգտագործուած գումարները կարճ ժամկէտներում վերադարձուել են Հիմնադրամի հաշուին, այդպիսով իսկ վրիպելով հաշուեքննիչների ուշադրութիւնից:
Այդուհանդերձ, վերջին իրադարձութիւնների առիթով, Հիմնադրամի հաշիւների հսկողութեան համակարգում երեւան են եկել խոցելիութեան ճեղքեր: Ուստի, պահանջել եմ անյապաղ ի գործ դնել վերահսկողութեան եւ ահազանգային յաւելեալ միջոցներ՝ դրանք իսպառ վերացնելու համար:
Յառաջիկայ օրերին նոր գործադիր տնօրէնի թեկնածութեան կոչ է լինելու: Թեկնածութիւնները քննուելու են մրցութային յանձնաժողովի (ժիւրիի) կողմից Սեպտեմբերի 10ին՝ իմ նախագահութեան ներքոյ:
Յարգելի նուիրատուներ,
Անցեալ 26 տարիների ընթացքին, «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործել է թափանցիկ եւ հաշուետու, ըստ միջազգային նորմաների: Իրականացրել է հսկայածաւալ ծրագրեր:
Հիմնադրամը այսօր եւս շարունակում է իր գործունէութիւնը: Շուրջ 60 ծրագրեր ընթացքի մէջ են: Հայաստանն ու Արցախը պէտք ունեն համազգային այս կառոյցին:
Համոզուած եմ, որ Հիմնադրամը իր նուիրատուների զօրակցութեան շնորհիւ կը յաղթահարի տագնապի այս պահը, կը ձեռնարկի անհրաժեշտ նորարար միջոցներ ու բարեփոխումներ եւ կը կարողանայ իրականացնել առաւել մեծ ու կարեւոր ծրագրեր յօգուտ Հայաստանի եւ Արցախի բնակչութեան:
ՊԵՏՐՈՍ ԹԵՐԶԵԱՆ
Հայաստան համահայկական հիմնադրամի
Գործադիր տնօրինութեան ժամանակաւոր պաշտօնակատար
Երեւան, 26 Յուլիս 2018