Երեքշաբթի, 10. 06. 2025

spot_img

Հայկական բասկետբոլի նոր էջը, թե խավար հեռանկար ունեցող « Լիգա Ա»- ն

Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության «Լիգա Ա»-ի առաջին տուրն արդեն պատմություն է: Վերջապես Հայաստանում էլ կանցկացվի բասկետբոլի կանոնավոր առաջնություն: Մինչ այս ֆեդերացիան սկսել էր նաև 16 տարեկանների առաջնությունը: Բայց մինչ առաջնությունը սկսի հունի մեջ ընկնել ու, գուցե և, կարող է դիտարժան դառնալ, ինչը չես ասի առաջին տուրի խաղերի մասին, «Լիգա Ա»-ի կազմակերպիչները շատ անելիքներ ունեն:

Իսկ «Լիգա Ա»-ին չի ՞ «սպառնում» «Ուրարտու»-ի ճակատագիրը…

Միանշանակ պատասխանել այս հարցին դժվար է: Ինչպես «Ուրարտու»-ի դեպքում, «Լիգա Ա»-ն ևս մեծ ներդրումներ է պահանջում: Ֆեդերացիան այժմ  օգնության ձեռք է մեկնում այն թիմերին, որոնք չունեն մարզահագուստ և մարզագույք: Բայց, 7 թիմերից, որոնք մասնակցում են առաջնությանը, մի քանիսն են «լուսավոր ապագա»  խոստանում: «Լիգա Ա»-ի խնդիրներից  է մրցավարների՝ միջազգային կարգին չհամապատասխանելը: Հայաստանում կա 12 բասկետբոլային մրցավար, սակայն ոչ մեկը միջազգային կարգ չունի:

Դահլիճները և դիտարժանությունը…

Առաջնության խաղերը անցկացվում են մի քանի դահլիճներում, որոնք հիմնականում նախատեսված չեն երկրպագուների համար: Օլիմպավանի դահլիճը բարձրակարգ է, նորագույն կահույքով, բայց այն նախատեսված է մարզումների համար:  Իհարկե, կան երկրպագուների համար նախատեսված հատվածներ, որոնք սակայն քիչ են, և  օրինակի համար, առաջնության առաջին տուրում բասկետբոլիստների համար նախատեսված նստարաններին նստել էին երկրպագուները: Կամ,  «Արթիկ»-«Արցախ» հանդիպումն անցկացվեց Արթիկի մարզադպրոցի մարզադահլիճում, որը Խորհրդային Հայաստանից մնացած «ժառանգություն է», և գտնվում է անմխիթար վիճակում: «Արցախ»-ն էլ իր հանդիպումները կանցկացնի Ստեփանակերտում, որտեղ հնարավոր է մոտ ապագայում 1300 երկրպագուների համար նախատեսված հատուկ մարզադահլիճ կկառուցվի: Առաջնությանը, սակայն կարող ենք հետևել նաև համացանցի միջոցով: Vsport կհեռարձակի տուրի խաղերը:

Կարծիք. Բասկետբոլի Ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյան.
«Վստահաբար, առաջնություն ապագա կունենա:
Այնպես ենք անելու, որ ժողովուրդը շշմի ու մեծ հետաքրքրությամբ գա առաջնության խաղերը նայելու, ինչպես որ գալիս էին Հայաստանի հավաքականի խաղերին հետևելու»:

Թիմերը…

Ինչպես  նշեցինք, Հայաստանի առաջնությանը մասնակցում են 7 թիմեր և յուրաքանչյուր տուրում մեկ թիմ չի խաղում: Առաջին տուրում չկար «Գրանդ Սպորտ»-ը:

«Ուրարտու».

Սա այն նույն թիմն է, որ խաղում էր ռուսական Սուպերլիգայում, սակայն թիմում հին կազմից մնացել են միայն 4 բասկետբոլիստներ՝ Նիկիտա Զախարովը, Էդգար Բաբայանը, Միքայել Պողոսյանը և Կարեն Հայրապետյանը: «Ուրարտու»-ն համալրում ունի նաև հավաքականից՝ կենտրոնական Արարատ Քոչինյանը: Բացի նրանից, Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի հաղթողներից երևանյան ակումբում խաղում են նաև Լևոն Վաթյանը, Հովհաննես Պողոսյանը և Դավիթ Քարամյանը:

Կարծիք. «Ուրարտու»-ի նախագահ Կարեն Գիլոյան.
«Չեմ կարծում որ այս առաջնություն ռիսկային է, քանի որ թիմերն ունեն մինիմալ ծախսերը, որ խաղան և կա ընդհանուր հովանավոր: 7 թիմերը մինչ մրցաշրջանի ավարտը խնդիր չեն ունենա: «Ուրարտու»-ն խաղալու է միայն չեմպիոնության համար: Լավ հնարավորություններ ունի «Արցախ»-ը, առաջնությանը լուրջ է վերաբերվում նաև «Շիրակ»-ը: ՖԻՄԱ-ն էլ երիտասարդ լավ բասկետբոլիստներ ունի»:

ՖԻՄԱ

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմն ամենաերիտասարդներից մեկն է: Բայց ակումբի հիմնական խաղացողները միմյանց հետ խաղալու փորձ ունեն, իսկ համալրումները մինչև 18 տարեկանների հավաքականից (Արման Դանիելյան, Վլադ Հարությունյան) կարող են ՖԻՄԱ-ին դարձնել առաջնության ֆավորիտ թիմերից մեկը:

«Շիրակ»

 Գյումրեցիներն առաջիններից էին, ովքեր դրական արձագանքեցին «Լիգա Ա»-ում իրենց թիմն ունենալուն: «Շիրակ»-ը դեռևս ձևավորման փուլում է, բայց տուրի առաջին խաղում ունեցած հաղթանակից («Ինժեներ»-ի նկատմամբ) չես կարող հաստատ պատկերացում կազմել «Շիրակ»-ի ապագայի հարցում:

Կարծիք. «Շիրակ»-ի մամուլի խոսնակ Աննա Թադևոսյան
«Նախ պետք է ասեմ, որ բասկետբոլի ֆեդերացիան մեծ աշխատանք է կատարել, որպեսզի Հայաստանում վերջապես լինի կանոնավոր առաջնություն: Ֆավորիտների մասին կարծում եմ դեռ շուտ է խոսել, ժամանակը ցույց կտա: Մենք շատ լավ թիմ ունենք, գրագետ գլխավոր մարզիչ: Սպասում ենք, որ թիմը կզբաղեցնի 1-3 հորիզոնականները»: 

«Արցախ»

Ստեփանակերտը ներկայացնող թիմի կազմը թույլ է տալիս «Արցախ»-ին ֆավորիտների շարքին դասել: «Արցախցիների» կազմում հանդես է գալիս Հայաստանի Մ18 տարեկանների ավագը՝ Գեորգի Պոդկոլզինը: Խաղային յուրահատուկ տեմպ և որակ «Արցախ»-ի խաղին կհաղորդեն նաև Ալեքս Սիմոնովիչը, Դանիելո Դուկը: Խոսակցությունների համաձայն «Արցախ»-ը շարունակելու է համալրել կազմը առաջնության ընթացքում ևս:

Կարծիք. «Արցախ»-ի սպորտային տնօրեն Արեգ Վաթյան.
«Մենք ամենաերիտասարդ թիմն ենք, որ մասնակցում է Հայաստանի այս առաջնությանը: Մեր ամենատարիքով խաղացող 23 տարեկան է միայն: «Արցախ»-ը կռիվ է տալու ամեն խաղում, ամեն գնդակի համար: Փորձելու ենք պատվով դուրս գալ յուրաքանչյուր խաղից: Հիմա բոլոր էլ դեռևս հետախուզում են միմյանց և հիմնական ֆավորիտներ դեռևս չկան»: 

«Գրանդ Սպորտ»

Այս ակումբում հանդես են գալիս «Գրանդ Սպորտ»-ի սաները, ովքեր ևս երիտասարդ կազմ ունեն, բայց միմյանց գիտեն դաշտում: Այս ակումբի «հաղթաթղթերից» կարող են դառնալ հայր և որդի Խաչատրյանները:

«Ինժեներ»

Այս ակումբն համալրված է հայկական բասկետբոլի վետերաններով: Սակայն «Ինժեներ»-ին առաջնության մրցանակային տեղերի համար պայքարելու  ֆավորիտ չես համարի, դա հաստատ է:

«Արթիկ»

Շիրակի մարզը ներկայացնող երկրորդ թիմը կարող է պայքարել փլեյ-օֆֆի 4 ուղեգրերից մեկի համար: «Արթիկ»-ում են խաղում կենտրոնական Արման Հակոբյանը և պաշտպան Արտավազդ Ղռաթյանը:

 

 

Հայաստանի առաջնությունը նոր է սկսվել, և թե որքան «ջրեր կհոսեն», ցույց կտա ժամանակը, բայց լավ հեռանկարի համար պետք է լավ հիմք դնել, այսինքն՝ անհրաժեշտ է առաջնությունը   զարգացնել  հետևողական աշխատանքով: 

Վարվառա Հայրապետյան

Լուսանկարները՝ Բասկետբոլի ֆեդերացիայի

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին